Armtimes.com-ը գրում է.

Ուկրաինական «The Voice» նախագծի անձնակազմը ներողություն է խնդրել եզրափակչում հայ երգչուհի Սրբուհի Սարգսյանի ելույթի վերջում ադրբեջանական դրոշը ցուցադրելու համար: Նշվում է, որ ապրիլի 29-ին կայացած եզրափակչում երգչուհու ելույթի վերջում ադրբեջանական դրոշը պատահմամբ է հայտնվել:

«Ուկրաինական «Ձայնը» նախագծի թիմը ներողություն է խնդրում եզրափակչի ժամանակ ուղիղ եթերում տեղի ունեցած տեխնիկական սխալի համար, որի արդյունքում Սրբուհի Սարգսյանի ելույթի վերջում էկրանին հայտնվել է Ադրբեջանի դրոշը: Ներողություն ենք խնդրում բոլոր նրանից, ում զգացմունքները գուցե վիրավորվել են»,- գրված է հայտարարության մեջ:

Նշվում է նաեւ, որ Սրբուհու ելույթի տեսանյութը յութուբի պաշտոնական ալիքից հեռացվել է թերությունը վերացնելու նպատակով: Հիմա տեսանյութը յութուբում կրկին կա: Եզրափակչում Սրբուհին կատարել է «Human» երգը: Մինչեւ ելույթը Սրբուհին իր ուղերձում համեմատություններ է անցկացնում հիմա Հայաստանում ընթացող #ԻմՔայլը շարժման ու տարիներ առաջ Ուկրաինայում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների միջեւ: Նրա ելույթն ուղեկցող տեսաշարում ցուցադրվում են կադրեր #ԻմՔայլը շարժումից:

«Հիմա Հայոց պատմության մեջ կարեւոր ժամանակաշրջան է: Ապրիլի 23-ին բոլոր հայերը դուրս էին եկել իրենց տներից եւ ցանկություն էին հայտնել, որ իրենք որոշեն, թե ով պետք է ղեկավարի երկիրը: Գիտեմ, որ Ուկրաինայում նույնն է եղել: Չեմ կարող զսպել արցունքներս, երբ տեսնում եմ դա: Ազատությունն ազգային պատկանելիություն չունի, հաղթանակը սահմաններ չունի: Դա այն է, ինչ ցանկացած մարդ զգում է իր ներսում: Երգս նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր պայքարել եւ պայքարելու են իրենց ազատության համար»,- ասում է նա:

Մրցույթում հայ երգչուհին զբաղեցրել է 4-րդ տեղը: Հաղթել է Ելենա Լուցենկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել