ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 1-ին, ժամը 01:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Opel» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը՝ Ռ. Ղ.) և «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1979 թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները դուրս են բերվել քաղաքացիների ուժերով: Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Բախման հետևանքով «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Ա. (ծնված 1955 թ.) և Մ. (ծնված 1990 թ.) Ա.-երը տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Բժիշկները Մ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Ա.-ի և Ա. Ա.-ի առողջական վիճակը՝ միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան: