Բացի նրանից, որ մարզվելու ընթացքում մեր մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, միաժամանակ սկսում ենք մեզ հոգնած զգալ։ Բայց այս ամենի հետ մեկտեղ մեր մարմնում մեկ այլ բան է տեղի ունենում․ մարզվելուց հետո ախորժակը կտրուկ փակվում է։
Երկար տարիներ շարունակ մարդիկ ապրել են՝ կարծելով, թե ֆիզիկապես որքան ակտիվ են, այնքան ավելի մեծ է նրանց մոտ ուտելու ցանկությունը։ Առաջին հայացքից ճիշտ է թվում, այնպես չէ՞։ Բնականաբար, բոլորս էլ այս պարագայում կմտածենք հետևյալ կերպ․ քանի որ մարզվելու ընթացքում կալորիաներ են այրվում, դրանից հետո մարմինը կալորիաների պակաս և պահանջ է ունենում, ուստի ախորժակը բացվում է։ Բայց մարդու հոգեկան առողջությամբ և բիոէթիկայով զբաղվող Մարիա Քոհաթը պնդում է, որ հակառակ իր սպասումների, մարզվելուց հետո իր մոտ երբեք էլ ուտելու ցանկությունը չի մեծացել։

Հետազոտությունները ցույց են տվել, որ աեորբիկ վարժությունները, ինչպիսիք են վազքը, հեծանվավարությունը կամ լողը, իրականում նվազեցնում են ուտելու ցանկությունը՝ փոփոխելով քաղցի զգացում առաջացնող հորմոնների քանակը։
Վերջերս արվեց մի հետազոտություն, որի նպատակն էր պարզել, թե մարզվելուց հետո ինչ է իրականում կատարվում մարդու օրգանիզմում։ Նյու Յորքում գտնվող Ալբերտ Այնշտայնի անվան բժշկական համալսարանի դասախոս Յանգ-Հուան Յոն զարմանքի մեջ էր, երբ հասկացավ, որ ամեն օր 45 րոպե վազելու արդյունքում նա ավելի քիչ ուտելիք է ուտում, քան երբ չի վազում։ Նրա կարծիքով՝ մարզվելու ընթացքում մարմնի ջերմաստիճանի բարձրացումը մեծ դեր է խաղում այն հարցում, թե ինչպես կարձագանքի ուղեղը։ Արդյունքում ուղեղի ազդակներն այնպիսին են լինում, որ ախորժակը փակվում է։ Յանգ-Հուանի կարծիքով՝ գրեթե նույն գործընթացն է տեղի ունենում, երբ կծու ուտելիք ենք ուտում։

Ավելի կոնկրետ, երբ, օրինակ, կծու չիլի պղպեղ ենք ուտում, մարմնի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, ինչի պատճառով էլ կրկին ախորժակը փակվում է։ Բանն այն է, որ չիլի պղպեղները պարունակում են «կապսաիցին» կոչվող միացություններ, որոնք, փոխազդեցության մեջ մտնելով զգայական ռեցեպտորների հետ, առաջացնում են ջերմության բարձրացում, այսինքն՝ մարդուն թվում է, թե ինքը շոգում է։
Հենց կապսաիցինն էլ նվազեցնում է ուտելու ցանկությունը, ինչն էլ իր հերթին դրական է ազդում նիհարելու վրա։ «Ես նյարդաբան եմ և ուսումնասիրում եմ հիպոթալամուսը՝ ուղեղի այն շերտը, որը պատասխանատու է նյութափոխանակության, ինչպես նաև մարդու մարմնի զանգվածի բալանսավորման համար»,- նշել է Հուանգը։
Ինչպես արդեն երևում է, հետազոտության արդյունքները դրական էին․ մարզվելն իսկապես օգնում է ավելի քիչ ուտել, հետևաբար ավելի արագ նիհարել։ Եվ այդ ամենը մեկ պարզ պատճառով, որ մարզվելու ընթացքում մարմնի ջերմաստիճանը բարձրանում է։



