Հայաստանում այս օրերին անցկացվող հանրահավաքներին և բողոքի ցույցերին միջազգային հանրության արձագանքը խոսուն էր: Նախկինում ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու ՌԴ-ն միաժամանակ չէին արձագանքել բողոքի ցույցերին և կողմերից չէին պահանջել զսպվածություն ցուցաբերել: Նրանց արձագանքները հիմնականում եղել են ուշացած, երբ արդեն բռնությունները կիրառվել էին, կամ միշտ չէ, որ և՛ Արևմուտքը, և՛ ՌԴ-ն նույն կերպ են արձագանքել:
Մինչդեռ անցած այս ժամանակահատվածում Արևմուտքի և ՌԴ-ի տոնայնությունը գրեթե համահունչ էր: ԱՄՆ պետքարտուղարությունն իր հաղորդագրության մեջ անհանգստություն էր հայտնել ոստիկանության և ցուցարարների միջև բախումների առնչությամբ, ու նշել, որ կոչ են անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել որևէ լարվածությունից կամ բռնի գործողություններից: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում տիրող իրավիճակին: Որպես Հայաստանի բարեկամ՝ մենք բոլոր կողմերին հորդորում ենք իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ և հասնել այնպիսի հանգուցալուծման, որը կարտացոլի ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը:
ՌԴ-ն ՀՀ-ում կատարվող իրավիճակին անդրադարձել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի միջոցով` նշելով, որ հույս ունենն, որ ամեն ինչ ընթանում է օրինականության շրջանակներում:
Իսկ արդեն ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունն ու ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն էին տարածել` կարևորելով, որ ներգրավված բոլոր կողմերը շարունակեն դրսևորել զսպվածություն և պատասխանատվություն: ԵՄ-ն շեշտել է ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության՝ ներառյալ դատաիրավական համակարգի ամրապնդման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը:
Հարկ է նկատել, որ բողոքի ցույցերի ողջ ընթացքում Նիկոլը մշտապես հայտարարել է թավշյա իշխանափոխության մասին` ընդգծելով, որ իրենք մերժում են բռնությունը, հակաօրինական քայլերը և իշխանությունների ուժին հակադրելու են միայն ժպիտ:
Միջազգային մամուլն իր հերթին շարունակում է հետևել Հայաստանում իշխանափոխության գործընթացին: Հայաստանում ընդդիմադիր ցույցերը վերսկսվել են այն բանից հետո, երբ տապալվեցին բանակցությունները ՀՀԿ-ի և ընդդիմության միջև: «Վերջին ցույցերը կդառնան գլխավոր փորձությունը։ Արդյո՞ք ընդդիմությունը կկարողանա պահպանել իր դիրքերը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո»,- գրում է բրիտանական The Guardian-ը: BBC-ն հաղորդում է, որ, չնայած Ս.Սարգսյանի հրաժարականի, ՀՀ-ում տասնյակ հազարավոր ցուցարարներ դարձյալ փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ տապալվեցին իշխանության փոխանցման շուրջ բանակցությունները Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև:
CNBC-ն գրում է, որ կառավարության փոփոխությունը Հայաստանում կարող է սպառնալիքի տակ դնել ՌԴ ազդեցությունը, նշանակում է՝ Կրեմլը կշարունակի հետևել այդ երկրում ընթացող իրադարձություններին: Independent-ը գրում է, որ Հայաստանում ընդդիմությունն ու կառավարությունը մի կողմ են դրել տարաձայնությունները Ցեղասպանության տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին: New York Times-ը նկատում է, որ Փաշինյանը վայելում է լայն աջակցություն, հատկապես երիտասարդների շրջանում, որոնք հոգնել են կոռուպցիայից և նեպոտիզմից և բողոքում են Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեցող էլիտայից:
Հ.գ.1. Իրականում ներհայսատանյան դեպքերի զարգացումներն ընթանում են երկրաչափական պրոգրեսիայով, և րոպեական ռևերանսներրի ենք ականատես լինում: Այսօր արդեն առկա է նոր իրավիճակ․ խորհրդարանում Նիկոլը հանդիպումներ է սկսել ԱԺ քաղաքական ուժերի հետ և քննարկել վաղվա քվեարկության հետ կապված հարցեր և պարզաբանումներ ներկայացրել իր հետագա քայլերի ու նախատեսած պլանների մասին:
Հ.գ. 2. ՀՀ-ում ստեղծված քաղաքական թնջուկի լուծմանը, հնարավոր է, մնացել է 24 ժամ: