Չգիտեմ՝ ով է լինելու ՀՀ վարչապետը, բայց նա ունի մի շատ լուրջ և առաջնային անելիք՝ ազգի մեջ թշնամանքի այս ալիքը կանխել, իսպառ վերացնել։

Սիրո դրսևորումը միայն դիմացդ կանգնած ոստիկանի հանդեպ չպիտի լինի (այն էլ՝ միայն շահադիտական նկատառումներից), այլ նաև պետք է սիրել գաղափարական «հակառակ դիրքերում» գտնվողներին, երբեք չկորցնել բարեկրթությունը՝ հատկապես կանանց հանդեպ, հատկապես վաստակաշատ և բոլոր հանրապետականների մեջ թերևս ամենաանպաշտպան արվեստագետ կանանց հանդեպ։ Ոխերիմ թշնամիներն անգամ հարգանքով են վերաբերվել դիմացինի քաջությանը, և այսօր, արի ու տես, որ, ի տարբերություն Բոսֆորն արյամբ ներկելու մշտապես պատրաստ բեղավոր ձյաձյաների, հենց այդ արվեստագետ կանայք են շարունակում քաջաբար պաշտպանել իրենց համոզումներն ու պատկերացումները, որոնց հիմքում (գոնե իրենց դեպքում դա հաստատ այդպես է) միայն ու միայն երկրի համար մտահոգությունն է՝ իրենց պատկերացումներով, որը կարող է չհամընկնել այսօրվա մեծամասնության պատկերացումների հետ։ Այս համարձակ կեցվածքն իսկապես հարգանքի արժանի է:

Շուշան Պետրոսյանին և մյուսներին դավաճան ասելը, հայհոյանքներով սպառնալն ու նրանց ու նրանց ընտանիքի անդամների հանդեպ գռեհկությունները ոչ մի բանով չեն տարբերվում շմայսյան, լֆիկյան ու թոխմախյան դիմակավորված բանդաների անպաշտպան ցուցարարների վրա հարձակումներից, իսկ այս հեղափոխության ամբողջ իմաստն այդ տեսակի իսպառ վերացումն է, ոչ թե նրանց տեղը գրավելը։

Կարողացեք չայլասերել ու չխեղել այս պայքարը, չդարձնել այն միջոց՝ ձեր նվաստագույն ցանկությունները բավարարելու, և չկարծեք, թե նման պահվածքով հերոսանում եք: Անգամ ամիսներ հետո նման լակոտ տեսակը չի հիշվելու, մինչդեռ տասնամյակներ հետո էլ լսելու ենք Շուշանի երգերը, դրանցից հուզվելու ենք ու ոգևորվելու...

Հասարակության երկու կողմերի միջև հարգանքի և աստիճանաբար նաև սիրո մթնոլորտը վերականգնելու գործում մեծ անելիք ունի նաև ՀՀԿ-ն մայիսի 1-ին Ազգային ժողովում... Եվ թող որ մայիսյան ևս մեկ հաղթանակ արձանագրվի այդ օրը՝ համերաշխության, հաշտության և իրական սիրո հաղթանակ:

ԽՈՀԵՄՈՒԹՅԱՆ ՈՒ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ ԲՈԼՈՐԻՍ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել