ՀՀ-ի կենսաթոշակները ԱՄՆ-ի և Եվրոպայի կենսաթոշակների համեմատ «ցածր» են ընդամենը երկու անգամ։ Դրա համար բյուջեն պետք է բարձրացնել երկու անգամ։ Հենց այդքան բյուջե տեսականորեն ունի մեր երկիրը, եթե հարկվեն բոլոր տեսակի մանր ու մեծ գործարարները ՀԴՄ-ներով արձանագրված իրական եկամուտներից, եթե բյուջեից յուրացման նպատակով չօտարվեն հսկայական գումարներ, եթե պաշտոնները նշանակվեն ըստ համապատասխան արժանիքների և ոչ թե փողի, եթե դատական համակարգը գործի անկախ ու ըստ օրենքների, եթե վերջապես, հաջորդ ընտրությունները նորից չեն կեղծվելու։ Միջազգային ասպարեզում լուրջ գործընկեր դառնալու համար չգրված օրենք են դարձել առևտրա-տնտեսական փոխշահավետ կապերը, որոնք միշտ անտեսվել են մեր երկրի բոլոր կառավարությունների կողմից։ Պետք է սկսել զենք գնել ոչ միայն Ռուսաստանից, այլև Իսրայելից։ Ահա թե ինչի մասին պետք է խոսի ժողովուրդն իր թեկնածուի հետ, ահա թե ինչի մասին պետք է խոսի ժողովրդի ցանկացած թեկնածու։ Չափազանց կարճ է ժողովրդի հիշողությունը։ Ընդամենը քսանյոթ տարի առաջ նույն ժողովուրդը նույն ոգևորությամբ իշխանության բերեց մարդկանց, որոնք չունեին ոչ մի ծրագիր, որոնք երբեք չէին խոսում իրենց անելիքների մասին։ Միակ թեման, որով նրանք զբաղեցնում էին ամբոխին, դա հակառուսական, հակասովետական հեքիաթներն էին։ Իշխանությունը ստանալուց ընդամենը մի քանի ամիս անց արդեն տեսանելի էր, թե ուր են հասցնելու երկիրը, և այն նույն կանայք, այն նույն երիտասարդները, որոնք երկրպագում էին իրենց կուռքին, սկսեցին ամբողջ հոգով անիծել ու հայհոյել։ Վերջապես, ոչ մի տեսակի հայրենասիրական քարոզներով չի կասեցվի արտագաղթը։ Մարդ ցանկանում է ապրել մի երկրում, որտեղ գործում է արդարադատության օրինական և անկախ համակարգ, որտեղ նրան չեն սպառնում ամենօրյա պատերազմը, սովը, զանազան օլիգարխների և պաշտոնյաների հովանավորյլաները։ Այդպիսին է մարդու էությունը, և արհամարհել այս փաստը՝ նշանակում է նպաստել արտագաղթին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: