Տարբերակ 1
Պարզ թվաբանությունը հուշում է, որ «Ելք»-ի ու Հանրապետության հրապարակում հավաքվող հանրահավաքի մասնակիցների վանկարկումներով առաջադրված Նիկոլ Փաշինյանը կարող է օրինական կարգով վարչապետ ընտրվել միայն այն դեպքում, երբ ՀՀԿ-ից որոշակի թվով պատգամավորներ քվեարկեն իրենց «անվերապահ կապիտուլյացիայի ենթարկվելու» պահանջներ ներկայացրած թեկնածուի օգտին: Դա էլ` այն դեպքում, եթե «Ելք»-ը (դա հասկանալի է), «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցություններն ամբողջ կազմով քվեարկեն նշված թեկնածուի օգտին: Տվյալ պարագայում, ինչ վերաբերում է, օրինակ, պատգամավորների թվով խորհրդարանում 2-րդ խոշոր խմբակցությանը, ապա հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ: Հասկանալի է՝ ինչ-ինչ պայմանավորվածությունների հանգել են: Համենայն դեպս, Նաիրա Զոհրաբյանը երեկ մասնավորապես հայտարարել է. ««Բարգավաճ Հայաստանը» ժողովրդի ձայնը չի անտեսելու, մեզ համար որոշիչ է լինելու ժողովրդի ձայնը»: Հետո նա դատողություններ է արել, թե ՀՀԿ-ն չպետք է իշխանություն լինի, պետք է հեռանա և այլն: Նաիրա Զոհրաբյանի այդ հայտարարությունները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը կարող է համարել, որ «Ծառուկյան» խմբակցության ձայներն իր ուսապարկում են, չնայած դա այնքան էլ միարժեք չէ: Համենայն դեպս, նախօրեի հանրահավաքում «Ծառուկյան»-ականները թեթևակի «ուժի ցուցադրում» արեցին՝ մի պահ վանկարկելով ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ՝ Գագիկ Ծառուկյանի օգտին: Խմբակցության ներկայացուցիչներից մեկի ասածն էլ, թե՝ ժողովրդի կողքին են, այլ ոչ՝ Նիկոլի, բնականաբար, մտորումների առիթ կարող է տալ:
ՀՅԴ-ի դեպքում առնվազն 2 պատգամավոր դեռ նախքան կոալիցիայից ելնելու մասին հայտարարությունը նշել էին, թե «միանում են ժողովրդին»: Շատ հնարավոր է, որ ՀՅԴ-ն էլ որոշի ամբողջ կազմով «կողմ» քվեարկի Նիկոլ Փաշինյանին, ինչպես 10 օր առաջ քվեարկեցին արդեն նախկին կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի թեկնածուի օգտին: Ինչևէ:
Ցանկացած պարագայում, եթե նույնիսկ «Ելք»+«Ծառուկյան»+ՀՅԴ դե ֆակտո կոալիցիա ձևավորվի՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցում, «կողմ» ձայների թիվը չի գերազանցի 47-ը: Քի՛չ է:
Առանց ՀՀԿ-ի առնվազն 6 ներկայացուցչի ձայն կորզելու չի ստացվի:
Այս խորապատկերում հետաքրքիր է այն, որ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածության հարցում երեկ ժամը 18-ի դրությամբ դեռ որոշում չուներ: Կա ընդհանուր մոտեցում, որը, դատելով ԱԺ փոխնախագահ և ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ասածից, ընդգծվել է նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ խմբակցության նախօրեի հանդիպման ժամանակ՝ կուսակցության որոշումը կլինի միասնական, «հիմքում կունենա Հայաստանի Հանրապետության ներքին կայունությունն ու անվտանգությունը, պետական շահի գերակայությունը»:
Նկատենք, որ տվյալ գերակայությունը մեր կոնկրետ այս իրավիճակում այն է, որ քաղաքական ճգնաժամից գտնվի փոխընդունելի, հնարավորինս անցնցում (եղածն էլ թերևս բավական է), գործող Սահմանադրության պահանջներին համապատասխանող, այսինքն՝ օրինական ելք:
Ըստ այնմ, «տարբերակ 1»-ն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի վարչապետ՝ ստանալով իր քաղաքական հակառակորդ ՀՀԿ խմբակցության առնվազն 6-7 ներկայացուցչի ձայնը: Հարց է՝ վերջին վայրիվերումներից հետո ՀՀԿ խմբակցությունը նույնքան միասնակա՞ն է, որ 58-ի մեջ չգտնվի 7 մանդատավոր, որ նույնիսկ առանց խմբակցության որոշման «կողմ» քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին: Նկատենք նաև, որ Փաշինյանը գոնե մինչ այժմ հանդես է գալիս «անվերապահ կապիտուլյացիայի» դիրքերից, ինչը մեծ հաշվով տորպեդահարում է բանակցելու հնարավորությունը, թեպետ երեկ արդեն հարկադրական ոճով հանրահավաքի հարթակից հայտարարում էին, թե պիտի քվեարկեք Նիկոլի օգտին: Այդպես՝ պիտի, ու վերջ: «Զաստավիտով»՝ այսպես ասած: Ըստ որում՝ Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի օգտին չքվեարկելու տարբերակը համեմատեց… պետական դավաճանության հետ:
Մի քիչ էլ, և քաղաքական հակառակորդներին «ազգի թշնամի» հայտարարելն ու «հեղափոխական տեռորը» կդառնան միանգամայն դաժան իրականություն: Հապա ասեք՝ «թավշյա՜»:
Տարբերակ 2
Ստեղծված իրավիճակում կոնկրետ պետության ղեկավարի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ օր անց արդեն շատ մեկնաբաններ ու նաև տարբեր գործիչներ սկսեցին խոսել արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին:
Ու հիմա ստացվում է՝ դա շատ ավելի արագընթաց ու տեսականորեն հնարավոր տարբերակ է, քան, այսպես ասած, «ժամանակավոր կառավարություն» ձևավորելը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ի դեպ՝ ի՞նչ է ասված Սահմանադրության մեջ «ժամանակավոր կառավարության» վերաբերյալ: Որքան նայեցինք, նման եզրույթ կամ ձևակերպում չգտանք գործող սահմանադրության մեջ:
Տեսեք: Բանն այն է, որ եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ չի ընտրում վարչապետ (Սահմանադրություն, հոդված 149, կետ 3), ապա…
Ասենք, ինքներդ համոզվեք. «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:
Ի դեպ, «Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով» (Սահմանադրություն, հոդված 151, կետ 3):
Կարճ ասած՝ տեսականորեն հնարավոր է մի տարբերակ, որի դեպքում Նիկոլ Փաշինյանը (կամ որևէ այլ թեկնածու) չի ընտրվում վարչապետ, կամ եթե ընտրվում է, բայց ԱԺ-ն հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա գործող ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվում է (հենց դա նկատի ունենք որպես յուրահատուկ տարբերակ):
Իսկ դա նշանակում է ԱԺ արտահերթ ընտրություններ գործողի արձակվելուց 30-45 օր անց: Բայց դա նշանակում է նաև ընտրությունների գնալ գործող Ընտրական օրենսգրքով: Բայց ամեն դեպքում՝ արտահերթ ԱԺ ընտրություններ, ինչը կարծես շատերն են ցանկանում որպես ընկալելի, քաղաքական և հնարավոր սահմանադրական ելք՝ առկա իրավիճակից:
Տարբերակ 3
Զուտ տեսականորեն: Նիկոլ Փաշինյանը ընտրվում է վարչապետ իր դատափետած՝ սուպերվարչապետական լիազորություններով ու… պաշտոնավարում, մինչև կառավարության ծրագիրը երբևէ չընդունվի կամ վարչապետի անվստահության հարց դրվի: