Մի քանի օր շարունակ աշխարհի տարբեր թերթեր ու կայքեր գրում էին երևանյան իրադարձությունների մասին: Ավելի շատ արևմտյան, քան ռուսական: Սերժ Սարգսյանի հրաժարականը քաղաքացիական ընդվզումների եզակի հաղթանակ է նախկին խորհրդային հանրապետություններում: Նշվում է հետաքրքիր մի թեզ, ըստ որի՝ Սարգսյանը վճռեց բողոքները ուժով չճնշել` ի տարբերություն Յանուկովիչի: Washington Post-ը շրջանառության մեջ է դրել թեզ, որի համաձայն՝ Սարգսյանը Պուտինի հավատարիմ հաճախորդն էր, բայց նա թերագնահատեց իր քաղաքացիներին, երբ փորձեց կրկնել Պուտինի դասական մանևրը:
Ըստ այդմ` Թրամփի վարչակազմը ոչ մի կապ չունի Հայաստանի դեպքերի հետ: Հանրությանը փողոց են դուրս բերել ոչ թե արտասահմանյան սադրանքները, այլ՝ փաստը, որ Սարգսյանի խաղադրույքը Ռուսաստանի վրա չարդարացավ: Մոսկվայի համար ավելի կարևոր է, որ բողոքի ակցիայի ժամանակ չէր վիճարկվում Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղվածությունը: Ռուսաստանը փաստացի անսովոր զուսպ արձագանքեց իշխանափոխությանը տարածաշրջանում, որ համարում է իր ռազմավարական «հետնաբակը»: Դմիտրի Պեսկովը այդ բողոքներն անվանեց Հայաստանի ներքին գործ: Երբ Ռուսաստանի դաշնակից որևէ հետխորհրդային երկրում փողոցային բողոքների պատճառով ղեկավար է փոխվում, Վաշինգտոնից Մոսկվա վերլուծաբաններն ավելի արագ են աշխարհաքաղաքական եզրակացություններ անում, քան հասցնում ես արտաբերել «Ջորջ Սորոս» բառերը: Բայց երբեմն, ինչպես եղավ ՀՀ-ում վերջին մի քանի օրում, կառավարության պաշտոնանկությանը հանգեցրած բողոքները միայն բողոքներ էին, որ հանգեցրին կառավարության պաշտոնանկությանը:
Սարգսյանի հեռանալն աշխարհաքաղաքականության հետ կապ չունի: Առավելագույնը ցույց է տալիս, որ հետխորհրդային վարչակարգերն այդքան ամուր չեն, որքան հեռվից թվում են, և տարածաշրջանի վաղեմի վարչակարգերը լիովին կարող են խաղաղ փլուզվել, առանց արտաքին ազդակի: Ապրիլի 23-ի իրադարձությունները վերաբերում են ոչ միայն մեկ մարդու: 20 տարում ձևավորված համակարգի պտուղներն են, որտեղ խառնված են բիզնեսն ու քաղաքականությունը: Այդ առումով հետաքրքրական է ամերիկյան պարբերականներից մեկի այն դիրքորոշումը, որտեղ նշվում է, որ Հայաստանը չի տարբերվում հետխորհրդային այլ պետություններից, ինչպես Ռուսաստանը, Բելառուսը, Ադրբեջանը: Հայկական վարչակարգի աքիլեսյան գարշապարը` ցուցարարներին ուժով ճնշելու վճռականության բացակայությունը, նրան պատիվ է բերում:
«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»․ հազիվ թե ցուցարարներից որևէ մեկը սպասում էր նման խոստովանություն վարչապետից: Սերժ Սարգսյանի հայտարարությունը Երևանին հրճվանք պարգևեց: Կբավարարվե՞ն ցուցարարները չսիրված նախագահի հեռանալով: Ռուս քաղաքագետները, սակայն, Փաշինյանի ու ցուցարարների պահվածքն անվանում էին անվայել: Վերլուծաբանները նաև սխալվում էին, որ բողոքներն արդյունք չեն ունենա: Ստիպված էին համոզվել, որ սխալվել են նաև այն «փորձագետները», որ կարծում էին` հետխորհրդային տարածքում խաղաղ ցույցերի ժամանակներն անցել են:
Դիտորդները Երևանում զարմացած էին` ինչպես սակավամարդ բողոքները հաջողվեց վերածել աշխարհաքաղաքական խաղի միջոցի: Փաստենք, որ իրականում Մոսկվայում ոչ բոլորն են ուրախանում նոր թավշե հեղափոխության արդյունքներից: Ամփոփելով նշեմ, որ, ինչքան մոտեցումները տարբեր են այն ամենից, ինչ կատարվում է Երևանում, յուրաքանչյուր երկրի լրագրող մեր երկրում կատարվող իրադարձությունները վերլուծում է իր երկրի տեսակետից, առանց խորանալու ու իմաստավորելու: