Քողարկված դետալներ
Ըստ էության թերևս արտահայտվեմ, և մի քանի դիտարկումներ ներկայացնեմ վերջին օրերին Երևանում և ընդհանրապես ՀՀ-ում կատարվող դեպքերին, որոնք ինչ-խոսք խորքային լուրջ վերլուծության և ուսումնասիրման կարիք ունեն:
Այն հանգամանքը, որ ընթանում է բավականին լուրջ կազմակերպված և հետաքրքիր ու կրեատիվ ընթացք ունեցող գործընթաց դա փաստ է: Սկսած շարժման ստարտից, ընդհանուր ընթացքից, և արդեն հետո անկախատեսված զարգացումից: Բավականին նուրբ կերպով ներկայացվում են ընդհանրական թեզեր, որոնք հանրության էմոցիաների և նուրբ թելերի հետ են խաղում, ի դեպ ասեմ, սա կիրառվում է նաև ոստիկանների նկատմամբ (հայտնի Աշոտի դեպքը, իրականում չիմացանք, էդ տղան կա, թե ոչ, ոստիկաններին գրկելը, ծաղիկ նվիրելը և այն), սա հայ ընդդիմադիր պատմության մեջ նորոյթ էր, և այն տեսնում ենք, որ աշխատեց:
Բավականին խորհրդանշական է հեղափոխական շարժմանը ներդաշնակ Փաշինյանի աստիճանաբար կերպարանափոխումը` փողկապավոր պատգամավորից նա բավականին սահուն կերպով դարձավ իսկական հեղափոխական։ Նրա՝ վերջին օրերի արտաքին տեսքն էլ ամբողջովին տեղավորվում է իսկական հեղափոխականի կերպարի շուրջ ձևավորված պատկերացումներում` չսափրված, գլխարկով, իսկ ուսապարկը խոսում է փողոցում անընդհատ գտնվելու և տուն չգնալու մասին:
Մյուս կարևոր հանգամանքը, որ անհասկանլի կերպով վիրպել է բոլորի աչքից, Նիկոլի արտահագուստն է: Ուենք մի իրավիճակ, երբ փաստացի ՀՀ բանակում չծառայած Փաշինյանը զինվորական համազգեստ է կրում. սա հանրության շրջանում ստեղծում է բավական լուրջ միֆոլոգիա, նա փորձում է ներկակայանալ ուժական, սա լուրջ, միաժամանակ քողարկված, զանգվածային գիտակցության վրա ազդելու փորձ է` եթե մարդը զինվորական հագուստով է ուրեմն «կռված տղա» է:
Հավանաբար Նիկոլը շատ լավ վերլուծել էր նաև այն հանգամանքը, որ մեր հասարակությունում մեծ անվստահություն կա քաղաքական կուսակցությունների նկատմամբ։ Ուստի նկատելի է, որ շարժումը չի ասոցացվում որևէ կուսակցության կամ քաղաքական ուժի հետ։ Եվ ամեն ինչ արվում է՝ ցույց տալու համար, որ սա քաղաքացիական շարժում է, որը, բնականաբար, ունի նաև քաղաքական նպատակներ։ Տեխնոլոգիաների տեսակետից, անկասկած, արդյունավետ է ընդդիմադիր շարժմանը ոչ այնքան քաղաքական բնույթ հաղորդելը, որքան հասարակական-քաղաքացիական շարժման տեսք տալը:
Վերջում անդրադառնամ կոչերին և հնչեցրած վանկարկումներին: «Հրապարակ գալու» և «իր իրավունքին տեր կանգնելու» վերաբերյալ կոչերն անընդհատ կրկնելով, Նիկոլն ըստ էության ազդում է մարդու ենթագիտակցության վրա, քանի որ որպես կանոն, մարդը միշտ լսում է կոչի առաջին վանկը, շարունակությունն արդեն այդքան էլ էական չէ:
Ինչևէ, սա մեր իրականությունում նոր գործելաոճ է, որն ընդգրկել է լայն շրջանակներ, մնում է հուսալ, որ պրոցեսում գտնվող երկու կողմերն էլ կցուցաբերեն ադեկվատություն և հարցի լուծման տրամաբանական հանգուցալուծում: