Հայստանում թափ հավաքած հեղափոխության թերեւս ամենակարեւոր տեխնիկական գործոնը նրա արագությունն է։ Հանրապետության ողջ տարածքով դանդաղ ու անվտանգ թվացող քայլարշավից հետո Նիկոլ Փաշինյանը Երեւանում ձեռնարկեց այնպիսի դինամիկ գործողություններ, որ իշխանություններին անակնկալի բերեց։

Ի տարբերություն մինչ այժմ մեր սովորած մեթոդների, նա ոչ թե երկար ու բարակ միտինգներ արեց Օպերայի հրապարակում՝ սպասելով, թե երբ ծորուն կոչերից հետո կհավաքվի կրիտիկական զանգվածը, որն անհրաժեշտ է գործողության համար, այլ սկսեց զանգված հավաքել գործաղությունների միջոցով։ Երեւանի կենտրոնում փողոցներ փակելը, շենքերի բլոկադան աշխատեցին շատ ավելի լավ, քան քաղաքական ծրագրերի մանրամասն քննարկումը հրապարակում, քաղաքական կուսակցություններին ուղղված կոչերը՝ միանալու իրենց եւ երկար ու մանրամասն բանակցությունները, թե ինչ պայմաններով նրանք կհամագործակցեն։

Սա ամբողջովին նոր հեղափոխական մեթոդաբանություն է ոչ միայն Հայաստանի, այլեւ համաշխարհային մասշտաբով։ Փոքր դինամիկ խմբերով բազմաթիվ ակտիվ գործողությունները վերաբերյալ կարելի է մի շարք կարեւոր հետեւություններ անել։ Առաջինն այն է, որ փոքր թվով հնարավոր է սկսել շարժում։ Եթե Նիկոլ Փաշինյանը ժամանակին խոսում էր հաղթանակի համար 6000 կողմնակից հավաքագրելու մասին, ապա այս մեթոդաբանությամբ անգամ այդ քանակը անհրաժեշտ չէր սկզբի համար։

Մյուս կարեւոր հանգամանքն այն էր, որ մշտապես կար դինամիկա, ցուցարարները օրերով ու շաբաթներով չէին կանգնած հրապարակում, լսելով երկար ճառեր, մինչ իրենց միանային նոր զանգվածներ, իսկ կազմակերպիչներն էլ անընդհատ ստիպված լինեին միտինգին զբաղեցնելու համար կոնտենտ հնարել ու հայրենասիրական ճառեր ասել։ Ցուցարարների թվի աճի համար միշտ անհրաժեշտ են եղել փոքր հաղթանակներ, իսկ փակված փողոցները հենց այդպիսի հաղթանակներ են նշանակում։

Գործողությունները ոչ միայն անընդհատ են, այլեւ մշտապես փոխում են իրենց դրսեւորումը։ Եթե սկզբում դա Օպերայում հանրահավաքն էր, ապա հետո վերածվեց Ֆրանսիյի հարապարակի գրավման, հետո շարժում Բաղրամյանով, հետո այլ փողոցներով, հետո նստարաններով ու աղբամաններով շրջափակում, հետո՝ ավտոմեքնաներով, հետո՝ բեռնատարերով, հետո՝ ձայնային ազդանշաններով երթ, հետո՝ դեռ չգիտենք ինչ։ Անընդհատ, տարբեր վայրերում ու տարբեր ձեւերով անցկացվող գործողությունները իշխանություններին շոկի մեջ են գցում, զրկում պատասխանի հնարավորությունից։

Իշխանությունները պատրաստ չեն նման մեթոդաբանության, նրանք մնացել են իրենց սարքած հին պատկերացումների մեջ, հին համակարգի գերին։ Ադեքվատ գործողությունների փոխարեն շարունակվող իրենց անփոխարինելիության, ժողովրդի մասին մտահոգությունների, սահմանադրականության մասին ռեֆրենները այլեւս չեն աշխատում այս դինամիկայում, իրավիճակը փոխվում է ժամ առ ժամ, իսկ իշխանությունները անընդհատ ուշանում են։

Ներկա դինամիկայում պարզապես ժամանակ չկա իշխանությունների քաղաքական անհամարժեքությունը քննարկելու, սակայն որպես մի կարեւոր քաղաքական հետեւություն պետք է նշել, որ փլուզվեց ողջ սահմանադրական համակարգը, որ այս տարիների ընթացքում համբերատար կառուցել էին իշխանությունները։ Փլվեց կուսակցական համակարգը, որպես իշխանության կառուցման մեխանիզմ։ Եթե Սերժ Սարգսյանը մանրամասն կառուցում էր կուսակցություններ, նրանց մի մասին հայտարարում ընդդիմություն ու տեղ տալիս Ազգային Ժողովում, գործադիր իշխանություններում, բիզնեսներում, իսկ մյուս ընդդիմադիր կուսակցություններին դրան արժանի չէր համարում, ապա հիամ այս կուսակցությունները ընդհանրապես քաղաքական իմաստ չեն կրում։ Սահմանադրությամբ իշխանությունները ձեւավորվում են կուսակցություններով, սակայն արդեն այդ մեխանիզմները չեն աշխատի։ Սահմանադրությունը չի կարող հարցեր լուծել, այն կարող է խաղալ տեխնիկական գործիքի դեր՝ եւբ կողմերը գան լուծումների, Սահմանադրության մեջ պետք է փնտրեն համապատասխան հոդվածները, որով այդ լուծումները կաշխատեցնեն։ Հուսանք, որ գոնե հիմա կլինի ընկալում, թե Սահմանադրության իմաստը մանիպուլացիաների միջոց լինելը չէ, այլ այն պետք է համապատասխանի հասարակության զարգացմանը եւ քաղաքական նկարագրին։ Ի դեպ, փլվեց նաեւ Երկրապահի միֆն ու համակարգը, որը 2008-ի շարժման հույսն էր ու գերեզմանափորը, ինչպես նաեւ «Սասնա Ծռերին» լեգիտիմություն ապահովողը։

Իսկ կարեւորագույնն այն է, որ տարբեր «գարնանային հեղափոխությունների» նման, շարժման հիմնական ուժը երիտասարդությունն է։ Միայն նրանք են այնքան ճկուն, որ կարողանում են նոր մեթոդներ հնարել ու աշխատացնել։ Նրանք են, որ ուզում են ապագա տեսնել եւ մերժում են վախի ու քծնանքի ճանապարհը, որ ընդունում էին խորհրդային համակարգը տեսած ու 88-ի հեղափոխությունը մոռացած ավագ սերունդը, եւ յոլա գնում՝ մինչեւ տեսնենք, թե ինչ կլինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել