Երեկ վարչապետ Սերժ Սարգսյանը կառավարության, որի անդամների կեսից ավելին դեռ պաշտոնակատար է, առաջին նիստն անցկացրեց` օրակարգում 20 հարց ունենալով: Նիստը սկսվեց ոչ թե 11-ին, այլ՝ 17-ին: Դրսում անձրև էր, ու աղմկում էին ցուցարարները: Երևանյան իրադարձությունների մասին ուզածի չափ գրում է միջազգային մամուլը, վարչապետ Սերժ Սարգսյանը լռում է, ինչպես տարբեր իրավիճակներում լռել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա միայն մեկ անգամ է անդրադարձել` Աժ հատուկ նիստում «Ելքի» պատգամավորներին հորդորելով Նիկոլին վերադարձնել խորհրդարան: «Շանթ» հեռուստաընկերության հարցին ի պատասխան ասել է, որ մարդկանց իրավունքներն ու ազատություններն ամենաառաջնայինն են գոնե իր պատկերացումով:
Երեկ Երևանում և մարզերում իրադարձությունների առնչությամբ իր խոսքն ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը: Նախագահ Արմեն Սարգսյանը ևս հայտարարություն արեց` մտահոգություն հայտնելով իրավիճակից և կողմերին հրավիրելով երկխոսության՝ «լավագույն ելք գտնելու համար»: ՀՅԴ ԳՄ-ն կոչ արեց Աժ քաղաքական ուժերին խորհրդակցությունների հարթակ ստեղծել:
Եվ այսպես՝ պարզվեց՝ այն հոռետեսությունը, որ կար բողոքական ընտրազանգվածի և ընդդիմադիր ներուժի շուրջ, փաստորեն, բավականին չափազանցված էր։ Այժմ, ըստ էության, քաղաքական, փորձագիտական և հասարակական շրջանակներում հնչող թիվ մեկ հարցերից մեկը հետևյալն է՝ ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանին հաջողվեց խոր թմբիրից արթնացնել հասարակությանը, զրոյական ակտիվությունից, համատարած ապատիայից բերել-հասցնել մի իրավիճակի, երբ արդեն հայտարարվել է թավշյա հեղափոխության մեկնարկի մասին, և գործընթացները եթե անգամ ձնագնդի նման չեն աճում, ապա գոնե չեն մարում։
Բնական հարցադրումներ են առաջանում այս առնչությամբ. ի՞նչ խնդիրներ կային, որ լուծեց Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ հարցերի պատասխան տրվեց, որ շրջեց հասարակական տրամադրությունները և այլն։ Անընդհատ հարց էր բարձրացվում՝ ինչու՞ հասարակությունը չի գնում ընդդիմադիր ցույցերի։ Ասում էին, թե չկա առաջնորդ։ Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատը պետք է լուծեին այդ հարցը, և այնպիսի քայլեր պետք է արվեին, որոնք հանրությանը հավատ կներշնչեին ընդդիմության և մասնավորապես՝ Նիկոլի հանդեպ։ Խնդիր էր դրված կոտրել «թույլ ընդդիմադիր առաջնորդի» կարծրատիպը, որ կա ժողովրդի մեջ։ Այս հարցը լուծելու համար վերջինս պարզապես իր սեփական օրինակով ցույց տվեց, որ ինքը կոնկրետ քայլ անող է, նման չէ նախորդ որոշ ընդդիմադիր առաջնորդների։
Փաշինյանն իր գործողություններում կարևորում է երիտասարդության դերը, մասնավորապես՝ ուսանողության։ Սա նույնպես դասական հեղափոխության տեսանկյունից ամենաակտիվ զանգվածն է, ամենաեռանդունն է, ամենաստեղծարարն ու ամենահավեսովը, որն ունի նաև հեղափոխական ռոմանտիզմ, փոփոխությունների կարիք։ Հենց այս թիրախային խմբին էր հիմնականում ուղղված շարժման համար գրված հատուկ երգ-օրհներգը, որը ռոքային էր՝ հենց այն ժանրում, որը երիտասարդության կողմից ամենանախընտրելին ու հոգեհարազատն է։ Ռոքը, ի դեպ, նաև ըմբոստության խորհրդանիշն է։ Պատահական չէ, որ Նիկոլը՝ որպես շարժման խորհրդանիշ, փորձում է ներգրավել նաև ռոք կուռքերին, ինչպիսին Սերժ Թանկյանն է։ Դժվար չէ կանխատեսել, որ վերջինիս հնարավոր այցը Երևան և ակտիվ մասնակցությունն ընդդիմադիրների գործողություններին շատ մեծ ազդակ ու էներգետիկա կհաղորդի երիտասարդներին և, թերևս, ոչ միայն նրանց։
Բողոքական զանգվածները, տեսնելով, որ Փաշինյանն անձամբ է քայլեր կատարում, չի թաքնվում մարդկանց թիկունքում, սկսեց նրան իրոք հավատալ։ Իսկ վերջին օրերին նրան ճանաչեց որպես առաջնորդի։ Այսպիսով՝ Նիկոլը, փոխելով որպես ընդդիմություն հանդես եկող ուժի մարտավարությունը, կոնկրետ գործողությունների մեջ ներգրավելով մարդկանց, կարողացավ փոփոխություն մտցնել իրավիճակում։ Ու այս ամենն արվում է շատ արագ, շատ ճկուն։ Եթե ինչ-որ մեթոդոլոգիա կամ ծրագիր է գործարկվում, բայց տեսնում են, որ այդ ծրագիրն արդյունավետ չէ, շատ արագ այն փոխում են՝ ներմուծելով նոր տարրեր։ Օրինակ, երբ տեսան, որ գիշերը հրապարակում մնալու փորձերը չեն հաջողվում, հրաժարվեցին այդ մարտավարությունից՝ հայտարարելով, որ ցանկացած պահի ցանկացած հրապարակ կարող են իրենցը դարձնել։ Փաստորեն, այս քայլով նրանք հրաժարվեցին ուժային կառույցների համար թիրախ լինելու վտանգից։
Բավականին խորհրդանշական է հեղափոխական շարժմանը ներդաշնակ Ն. Փաշինյանի աստիճանաբար կերպարանափոխումը փողկապավոր պատգամավորից մինչև իսկական հեղափոխականի։ Նրա՝ վերջին օրերի արտաքին տեսքն էլ ամբողջովին տեղավորվում է իսկական հեղափոխականի կերպարի շուրջ ձևավորված պատկերացումներում։
Հավանաբար Նիկոլը շատ լավ վերլուծել էր նաև այն հանգամանքը, որ մեր հասարակությունում մեծ անվստահություն կա քաղաքական կուսակցությունների նկատմամբ։ Ուստի նկատելի է, որ շարժումը չի ասոցացվում որևէ կուսակցության կամ քաղաքական ուժի հետ։ Եվ ամեն ինչ արվում է՝ ցույց տալու համար, որ սա քաղաքացիական շարժում է, որը, բնականաբար, ունի նաև քաղաքական նպատակներ։ Տեխնոլոգիաների տեսակետից, անկասկած, արդյունավետ է ընդդիմադիր շարժմանը ոչ այնքան քաղաքական բնույթ հաղորդելը, որքան հասարակական-քաղաքացիական շարժման տեսք տալը, քանի որ հայաստանյան հասարակությունը վաղուց արդեն բառացիորեն զզվում է քաղաքական կուսակցություններից՝ սկսած ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից, վերջացրած իրենց ընդդիմադիր համարող քաղաքական խմբակներով։