Այս բաց նամակս էլ՝ Նիկոլին
Նիկոլ ջան, տղա՛ս, ամբողջությամբ կիսում եմ մտահոգություններդ, կարգախոսդ, բայց անհանգիստ եմ թե՛ քեզ համար, թե՛ հազարավոր երիտասարդների համար, որոնց մեջ է նաև թոռնիկս, ում չեմ էլ փորձի ետ պահել: Աչքը տեսածից է վախենում, կարող եք ենթարկվել բռնության։ Չեմ թաքցնում, որ անձամբ չէի հավատում այս շարժման բազմամարդությանը, այն քեզ հաջողվեց, սրտանց շնորհավորում եմ։ Ես մշտապես հայտարարել եմ, որ դեմ եմ ցանկացած հեղափոխության, բայց դու ասում ես՝ սա «թավշյա հեղափոխություն է», ու գործում ես «առանց բռնության» կարգախոսի։ Շատ լավ, ես՝ 70-ամյա քաղաքացիս, նույնպես ոգևորվում եմ ու ուզում եմ իմ քայլն էլ անել, որից առաջ խնդրում եմ այսօրվա հանրահավաքում բացատրես, թե ո՞րն է «թավշյա» հեղափոխությունը, ինչո՞վ է տարբերվում մնացած հեղափոխություններից, ի՞նչ քայլեր ու պահանջներ է ենթադրում և խնդրում եմ ցիտես մեր Սահմանադրության այն հոդվածները, որոնց վրա հղումով է բացվելու քաղաքական այս ճգնաժամից դուրս գալու ՕՐԻՆԱԿԱՆ ելքը։ Ես այսօր Հանրապետության հրապարակում ուշադիր լսելու եմ քո պատասխանը։ 
Հարգանքով և սիրով՝ Անահիտ Բախշյան
20․04․2018թ․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել