Գաբրիել Դանթե Ռոսետին ծնվել է 1828թ. մայիսի 12-ին` Լոնդոնում: Մահացել է 1882թ. ապրիլի 9-ին` ընդամենը 53 տարեկան հասակում: Նա անգլիացի հայտնի գրող էր, թարգմանիչ, բնանկարիչ:
Դանթեն ծնվել և մեծացել է անգլիական մանր բուրժուական ընտանիքում: Նրա հայրը իտալերեն լեզվի պրոֆեսոր էր թագավորական քոլեջում: 1850թ. Գաբրիել Դանթե Ռոսետին հրատարակեց իր առաջին ստեղծագործությունը, որը մի փոքր բանաստեղծություն էր` «Երկնային ընկերուհի» վերնագրով: Գաբրիել Դանթե Ռոսետիի մյուս բանաստեղծություններն առնչվում են ավելի ուշ շրջանի` 1960-1970-ական թթ.: Դրանք լույս են տեսել ընդհանուր մի վերնագրի տակ` «Բալլադներ և սոնետներ»: Հրատարակվել են 1881 թվականին: Պոետի քույրը` Գաբրիելան, ևս հայտնի բանաստեղծուհի էր: 
1848թ. Գեղարվեստի թագավորական ակադեմիայում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ Գաբրիել Դանթե Ռոսետին ծանոթացավ Ուիլյամ Հոլմեն Հանտի հետ, որը նրան օգնեց ավարտին հասցնել «Կույս Մարիամի մանկությունը» նկարը: Այն ցուցադրվեց 1849թ.: Ուիլյամ Հոլմեն Ռոսետիին ծանոթացրեց Ջ. Միլեի հետ: Նրանք միասին հիմնում են Ռաֆաելամետների եղբայրությունը1:
Ըստ էության այդ երեքը մարտահրավեր նետեցին համընդունելի գաղափարներին, նրանք ստեղծեցին մանիֆեստ և այն հրապարակեցին «Ռաստոկ» հրատարակչությունում: Այս ամենի արդյունքում, սակայն, Ռոսետին հրաժարվեց ռաֆաելիտիզմին հարելուց:
Նկարչական արվեստը - Ռոսետիի ամենահայտնի նկարները վերաբերում են ավելի ուշ շրջանի: Նրանց հիմնական հատկանիշը համարվում է էսթետիկությունը, ձևերի ոճավորումը, էրոտիզմը, գեղեցիկի պաշտամունքը և գեղարվեստական տաղանդը2:
Ընդհանուր առմամբ, նրա բոլոր աշխատանքներում միակ բնորդը Ռոսետիի սիրելին էր` Ջեյն Բերդենը, որը Ուիլյամ Մորիսի կինն էր: Ռոսետիի հոգեկան առողջության վատթարացման հետ մեկտեղ մեծանում է նրա կախվածությունը Ջեյնից: Նա Ջեյնին է նվիրել հսկայական քանակությամբ կտավներ, անմահացրել է նրա անունը, ինչպես նաև մեկ այլ կնոջ` Էլիզաբետ Սիդդալի անունը:
Նրա ամենահայտնի աշխատանքների շարքում են «Վերոնիկա Վերոնեձե», «Ցերեկային երազանքներ»և այլն: Բացի այդ նա երկար ժամանակ աշխատում էր որպես պատկերավորող-դիզայներ և զարդարում էր գրքերի շապիկները:
1857թ. Ռոսետին այլ վարպետների հետ մեկտեղ զարդարեց Օքսֆորդի նոր շինություններից մեկի պատերը և այդ զարդարման թեմատիկան վերցված էր Թոմաս Մելորիի «Արթուրի մահը» գրքից: Այդ աշխատանքի տպավորության ներքո Մորիսը նկարեց «Թագուհի Գինեվրա» կտավը, որում Արթուր թագավորի կնոջ կերպարը ստանալու համար օգտագործեց իր ապագա կնոջ` Ջեյն Բերդենի մոդելը:
Մորիսն ու Ռոսետին բազմիցս նկարել են այդ կնոջը, քանի որ նրա մեջ տեսնում էին միջնադարյան ռոմանտիկ գեղեցկություն, որով երկուսն էլ հիանում էին3:
Հայտնի է նաև Ռոսետիի նկարների մյուս բնորդուհին` Ֆանիի Կորնֆորտը, որի հետ նրա հարաբերությունները շարունակվում էին երկար տարիներ:
1853թ. Ռոսետին ներկա գտնվեց ֆոտոնկարների մի ցուցահանդեսի, որից հետո ֆոտոնկարները նա սկսեց կիրառել որպես երկրորդ ֆոն իր հիմնական աշխատանքներում: Նա նաև ֆոտոնկար էր անում իր նկարած գործերը: Նրա այդ նորարարություններն իրենց արտահայտությունը գտան Ջեյն Մորիսի ֆոտոնկարների նոր շարքում, որը ստեղծվեկլ էր 1856թ.4:
Ռոսետիի պոեզիան- Ռոսետին ժխտում էր գրականության համահասարակական նշանակությունը, քանի որ ճանաչում էր արվեստը որպես մեկ միասնական արժեքային համակարգ: Նրա պոեզիան լի է միստիկ-էրոտիկ մոտիվներով: Այն հեռանում է պոզիտիվիզմի սկզբունքներից և ժխտում այն, իդեալականացնում է անցյալը, էսթետիկացնում է կաթոլիկությունը:
Ռոսետին հրաժարվում է ցանկացած սոցիալ-քաղաքական պրոբլեմատիկային անդրադառնալուց: Նա ժխտում է հեղափոխական չարտիստական շարժումը, սոցիալ-ռեֆորմիստական ուղղությունը, որը տարածված էր 1830-1850-ական թթ. անգլիական իրականության մեջ, նա սկսում է իր համար թեմատիկ մոտիվներ փնտրել այնտեղ, ուր առկա է ռոմանտիզմը:
Ռոսետիի պոեզիայի բնութագրական գծերն են հանդիսանում բնութագրությունների առատությունը, ընդհանուր միստիկական բովանդակությունը, սինտակսիկալ կառուցվածքի հստակությունը, երգեցիկությունը և այլն: Նրա մոտ հանդիպում են նաև թանկարժեք քարերի, մետաղների, հոտերի, գույների նկարագրություններ: Ռոսետիի միակ ստեղծագործությունը ժամանակակից թեմայով «Ջեննին» է, որտեղ էսթետիկացվում է վաճառված սերը և արտահայտվում է մեղքի պաշտամունքը:
Նրա ստեղծագործություններն արժանացել են իր ժամանակակից Ուոլտեր Պատերի բարձր գնահատականին:
Ռոսետիի ամենալավ բալլադներից է «Ստրատոնի ջրերը», «Թագավորի ողբերգությունը», «Քույր Ելենա», «Վերջին մեղանչումը» և այլն:
Նրա հայտնի նկարներից են`
1. 1847թ. ինքնանկարը, որը պահվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում,
2. Կույս Մարիամի երիտասարդությունը,
3. Երկու մայրերը
4. Սիրահարները` Լոնդոնի Տայտի թանգարան,
5. Բեատրիչեի մահվան տարելիցը
6. Էլիզաբեթ Սիդդալ` 1854թ.
Դանթիս Ամորը` 1860թ., Լոնդոնի Տայտի թանգարան և այլն:
Ռոսետիի մասին գեղարվեստական գրականության մեջ շատ է խոսվել և գրվել:
Նրան է նվիրված Նիկոլայ Գումելյովի բանաստեղծություններից մեկը:
Ռոսետին մահացել է 53 տարեկան հասակում, սակայն անգլիական մշակույթին է թողել իր յուրահատուկ մշակութային ժառանգությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել