Եթե իսպանական այս երկու գրանդներին երկրպագում են իսպանացիները, դա սովորական է, եթե երկրպագում են անդորացիները կամ մալթացիները, դա նույնպես սովորական է, քանի որ այսպիսի ֆուտբոլային գաճաճ պետությունները նոր են մոտ կանգնում ֆուտբոլին: Ընդհանրապես դեմ չեմ, որպեսզի մեր երկրում նույնպես հիանան այս գերակումբների ցուցադրած կատարյալին մոտ ֆուտբոլով. բնա՛վ: Բայց արդյո՞ք ճիշտ է ուղղակի լինել օտարերկրյա ակումբի մոլի երկրպագու:
Այո՛, առանձնացնում եմ մեր երկիրը մեկ բանի պատճառով. «Արարատ-73»...
Իսկ դո՛ւ, «Բարսայի» և «Ռեալի» մոլի երկրպագու, գիտե՞ս, որ քո երկրի աշխարհիմաց ակումբի անունը դաջված է համաշխարհային ֆուտբոլի էջերին, որ ԽՍՀՄ տարբեր երկրների հզոր դարպասապահներ ուղղակի սարսափել են իրեն առաջ տեսնելով Իշտոյանին, Հովհաննիսյանին, Անդրեասյանին և մեր ակումբի մյուս ֆուտբոլիստներին: Ունեցել ենք Նիկիտա Սիմոնյան, ով այսօր համարվում է ռուսական ֆուտբոլի մեծագույն ռահվիրան, Խորեն Հովհաննիսյան, ով մասնակցել է աշխարհի առաջնությանը ԽՍՀՄ հավաքականում: Ուղղակի անհնար է թվել այն բարձունքները, որոնք նվաճվել են մեր ակումբի կողմից, համաշխարհային այն ֆուտբոլիստների անունները, որոնք ծնկի են եկել «Հրազդան» մարզադաշտում:
Ըստ երևույթի քեզ խորթ չի ո՛չ Ֆրանց Բեկենբաուեր անունը, ո՛չ Գերդ Մյուլլեր, ոչ էլ Կառլ-Հանց Ռումենիկե անունները: Իսկ դու գիտե՞ս, որ այս ֆուտբոլային գիգանտները, որոնք 70-ականներին լավագույններն էին աշխարհում, պարտություն կրեցին Երևանում: Գերդ Մյուլլերը, ով Գերմանիայի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է, խաղից առաջ հասկացնում է մեր ավագին, որ միայն ինքը երեք գոլ է խփելու, սակայն Արկադի Անդրեասյանը հանդիպման 34-րդ րոպեին գրավում է գերմանական ֆուտբոլի դրոշակակրի դարպասը: Իսկ դա բոլորիս հայտնի մի ֆուտբոլային մրցաշարի 1/4 եզրափակչում էր, որը հիմա կոչվում է Չեմպիոնների լիգա: Պատկերացնո՞ւմ եք «Բավարիան» այդ տարի երկրորդ անգամ անընդմեջ տիրացավ եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի գավաթին, իսկ «Արարատի» հետ հանդիպումը մյունխենցիների միակ պարտությունն էր մրցաշարում...
Հիշե՛նք, որ մայիսի 10-ին հայկական ֆուտբոլի դրոշակակիր Երևանի «Արարատի» հիմնադրման 78-րդ տարին է լրանում, իսկ նոյեմբերին «Ոսկե» հաղթանակների 40 ամյակը:
Փա՛ռք ու պատիվ ձեզ, «Արարատի» ֆուտբոլիստներ, դուք բոլորդ հերոսներ եք...



