Panarmenian.net-ը գրում է.

Ապրիլի 18-ի 12։00-ի դրությամբ Երևանի ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ 66 քաղաքացի է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնել են ոստիկանության լրատվական բաժնից։

ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքի կողմնակիցները և մասնակիցները շարունակաբար իրենց գործողություններով խոչընդոտում են այլոց իրավունքների, ազատությունների իրացմանը, պետական մարմինների, կազմակերպությունների բնականոն գործունեությանը: Ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին դադարեցնել ապօրինի գործողությունները, հակառակ դեպքում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող՝ հավաքը ցրելու համաչափ գործողությունների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև իրավական ներգործության համաչափ միջոցների կիրառման բոլոր հետևանքների պատասխանատվությունը ընկնում է կազմակերպիչների վրա:

Կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից:

Երևանում արդեն 6-րդ օրը բողոքի ցույցեր և երթեր են ընթանում ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ, որոնց ակտիվորեն մասնակցում են մեծաթիվ ուսանողներ և դպրոցականներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել