Մեր քաղաքական դաշտն իր բազմաթիվ ծիծաղելի դրսևորումներով հանդերձ ներկայացնում է մեր հանրությանը։ Սրանում համոզվել եմ, երբ ամբողջ ՀՀ տարածքով քաղաքական մարքեթինգային ուսումնասիրություններ եմ արել։
Ինտելեկտուալ փոքրամասնության համար հաճախ տհաճ են որոշ դրսևորումներ, բայց դրանից իրողությունները չեն փոխվում։
Մարդկանց այն հատվածը, որն այսօր փողոցում է (որոնց մեջ օրինական ցույց անողներին խորապես հարգում եմ), դուրս չի եկել ցույցի կազմակերպիչի կերպարով ոգևորված կամ ռացիոնալ, խորքային պահանջով, մարդիկ գլոբալ հիասթափված են շատ երևույթներից, այնպես չէր, որ էս հարցից առաջ ամեն բան ընտիր էր էդ մարդկանց համար։
ՀՀ պատմության մեջ Տեր-Պետրոսյանի երկրորդ ընտրությունից սկսած մարդկանց ինչ-որ խումբ ամեն անգամ փողոց է դուրս եկել առաջին դեմք ընտրելու օրերին։ Ճիշտ է, հուզական լոզունգներ հղելը թրենդային է նման օրերին, բայց վերլուծական միտքը հուշում է, որ խնդիրը Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սարգսյան, Փիլիպոսյան ազգանունների մեջ չէ։
Դեռ երկար տարիներ է այդպես լինելու։ Քանի ազգանուն ուզում ենք, փոխենք, ժամանակ է պետք, որպեսզի քաղաքական շուկայի միջին պահանջարկը հասնի էն մակարդակի, որ իշխող ուժերի առաջարկած քաղաքական պրոդուկտները որակապես փոխվեն։ Սա լավ կամ վատ չէ, սա իրողություն է, սրա նկատմամբ հույզեր դրսևորել պետք չէ, պետք է ի գիտություն ընդունել։
Ես անկեղծ կմտահոգվեի, եթե Սերժ Սարգսյանը չընտրվեր վարչապետ։ Ասում են՝ մի՞թե ուրիշ մեկը չկա։ Այո, մեր քաղաքական դաշտն այդքան սնանկ է, որ էս պահին ուրիշ մեկը չկա, որ այդքան հեղինակություն ու կենսափորձ ունենա ազդեցիկ բոլոր խմբերի շրջանում, կարողանա բալանս ու քաղաքական ներդաշնակություն պահպանել։ Ի դեպ՝ ընտրությունները ցույց են տվել, որ հենց այդ ազդեցիկ խմբերն են ներկայացնում ժողովրդին։ Ժողովուրդը միֆական երևույթ չէ, կազմված է էն մարդկանցից, որոց ամեն օր տեսնում ենք։
Կառավարություն կազմել, արտաքին քաղաքականություն ու պատերազմական իրավիճակ կառավարելը, հավատացեք, այդքան հաճելի ու հեշտ գործ չէ, որքան թվում է։
Հ.Գ. Խնդրում եմ՝ «սաղ ծախված են, կերան էս ժողովրդին» մակարդակի վերլուծություններ անողները չարձագանքեն մեկնաբանություններում։