Բաղրամյան պողոտայում, ոստիկանական արգելապատնեշների հենց դեմ դիմաց հավաքված քաղաքացիների մեջ կան սադրիչներ, հատուկ հրահանգավորված պառակտիչներ, որոնք պարբերաբար վիրավորում են ոստիկաններին, տարբեր իրեր նետում նրանց ուղղությամբ՝ փորձելով դուրս բերել հունից: Նման եզրահանգման եկան Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները, երբ հերթական անգամ արգելապատնեշի աջ ու ձախ կողմերում սկսվեց աղմուկ, տարաձայնություններ:
Իրավիճակն այնքան էր լարվել, որ քաղաքացիներից մի քանիսը քաշքշում էին իրար, հայհոյում, դարձյալ ստիպված էր միջամտել Նիկոլ Փաշինյանը:
Նա հորդորեց, խնդրեց ու պատվիրեց քաղաքացիներին պահպանել խաղաղություն, հավասարակշռություն, լինել կոռեկտ ու չփորձել հունից դուրս բերել ոստիկաններին՝ հիշեցնելով, որ իրենց պայքարը ոստիկանների դեմ չէ. «Սրանք հատուկ կազմակերպված քայլեր են, ուղղարդում են էդ պառակտիչներին, ի՞նչ եք ուզում, որ էս բոլոր ոստիկանները լարվեն մեր դեմ, այստեղ լուրջ պայքար է գնում, լուրջ գործողություններ են, ամբողջ աշխարհի մամուլն է մեզ հետեւում, ամբողջ աշխարհի մամուլը գրում է մեր մասին, այն մասին, որ համախմբված ենք, հիմա շատերին պետք է, որ մեր էս խաղաղ հավաքները որակեն որպես ագրեսիվ գործողություններ, վերահսկեք իրավիճակը, թույլ մի տվեք նյարդերը տեղի տան: Այն մարդը, որվ ոստիկանների ուղղությամբ որեւէ իր նետեց, մեր շարքերում տեղ չունի, այն մարդը, ով հայհոյեց մի ոստիկանի, նա մեզ հետ կապ չունի, չեզոքացրեք անմիջապես, սա հատուկ է արվում»,-ասաց Փաշինյանն ու հավելեց, որ ինքը վաղվա գործողությունների պլանի հետ կապված կարեւոր աշխատանք ունի ու 2 ժամ խնդրեց:



