Իր քաոսով հայտնի Սպիտակ տանը Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակման պատասխանը նախապատրաստում էին ոչ բնորոշ շրջահայացությամբ:
Չորեքշաբթի առավոտյան նա իր թվիթով ամեն ինչ շրջեց գլխիվայր` Ռուսաստանին «հանձնարարելով» պատրաստվել, որովհետև ԱՄՆ հրթիռները «կթռչեն գեղեցիկ, նոր ու խելացի»: Սպիտակ տան խորհրդականները զարմացան այդ ուղերձից ու համարեցին «տագնապալից» ու «զգետնող»: Նրանք արագ վերակառուցվեցին ու Պենտագոնի ղեկավարության հետ շարունակեցին Թրամփի համար նախապատրաստել գործողությունների տարբերակներ Սիրիայում, ասես ոչինչ չէր եղել: Բայց պոռթկումը Twitter-ում վկայում է, որ նախագահը գործում է իմպուլսիվ, առանց հստակ ռազմավարության:
Թրամփին անակնկալի բերեց Ներկայացուցիչների պալատի խոսնակ Պոլ Ռայանի անսպասելի թոշակի գնալը, որ նշանակում է ավելի մեծ խառնաշփոթ Հանրապետական կուսակցությունում միջանկյալ ընտրությունների նախօրեին: Պաշտոնյաների խոսքով, չհաշված չորեքշաբթիի թվիթը, Սիրիայի հարցով քննարկումները բացառություն էին` համեմատած Սպիտակ տանը տիրող քաոսի հետ: Մամլո քարտուղարը հաղորդել է, որ Թրամփը շարունակում է ուսումնասիրել ռազմական հարվածի տարբերակները և նրա թվիթը չպետք է մեկնաբանել իբրև ծրագրվող գործողությունների հայտարարություն: Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Բոբ Կորկերը հայտարարեց, որ Թրամփից կամ աշխատակազմի այլ աշխատակիցներից Սիրիայի առաջիկա գործողությունների մասին դեռ չի լսել:
Սիրիայում ԱՄՆ-ի հետագա գործողությունների հարցադրումը վարչակազմին բաժանել է: Սպիտակ տանն ու Պենտագոնում մարտի վերջին ապշել էին Թրամփի հայտարարությունից, որ ԱՄՆ զորքերը «շատ շուտով» կհեռանան Սիրիայից: Թրամփն օգնականներին ասել էր, որ ցանկանում է` զինվորները Սիրիայից 48 ժամում դուրս գան` անհնար ժամկետ, որ տագնապեց Պենտագոնին և ստիպեց պաշտոնյաներին նետվել նրան տարհամոզելու:
Մետիսն ու մյուսները համոզեցին Թրամփին զինվորականներին 6 ամիս տալ, որ ոչնչացնեն ԻՊ-ից մնացած զինյալներին: Բարձրաստիճան պաշտոնյաները նախագահին նկարագրում են իբրև պոռթկուն մարդ, որ տանել չի կարողանում իր խորհրդականների խորհուրդները:
«Սպիտակ տան օգնականներն արդեն հաշտվել են իրողության հետ, որ գործնականում չեն վերահսկում Թրամփի գործողությունները: Դրա փոխարեն նրանք ամեն պահ պատրաստ են հարթել կամ կոծկել:
Մինչ բոլորը սպասում են, որ Թրամփը նոր թվիթ կգրի, ԱՄՆ 12 ռազմանավից բաղկացած հարվածային խումբն ուղևորվել է Սիրիա: Դեպի Եվրոպա և Միջին Արևելք է ընթանում հսկա «Հարի Թրումեն» ավիակիրը, որը 90 ինքնաթիռ է տեղափոխում, նրան ուղեկցում են 5 ականակիր նավ և հածանավ: Միջերկրական ծովում են գտնվում ևս չորս ականակիր նավեր` «Տոմահավկ» 60 հրթիռներով զինված «Դոնալդ Քուք»-ը, «Պորտեր»-ը, «Քարնի»-ն և «Լաբուն»-ը՝ երկու միջուկային սուզանավերի հետ: Հարվածային խմբի հետ է նաև «Հեսսեն» գերմանական արագընթաց հածանավը։
Ապրիլի 14-ին՝ Երևանի ժամանակով 4-ին, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ավիահարվածներ են հասցրել Սիրիային` թիրախների, որոնք ենթադրաբար կապված են քիմիական զենքի արտադրության հետ: ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտնել է, որ թիրախներն էին Դամասկոսում գիտական ուսումնասիրությունների կենտրոնը, որը զբաղվում է քիմիական և կենսաբանական զենքի ստեղծմամբ, քիմիական զենքի պահեստը՝ Հոմսից արևմուտք, և մեկ այլ պահեստ ու հրամանատարական կետ Հոմսի մոտ: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը նշել է, որ սա առայժմ մեկանգամյա գործողություն էր, որը շատ հզոր ուղերձ էր: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել են իրենց երկրների մասնակցությունը գործողությանը: Ռուսաստանն ասել է, որ ավիահարվածներն անպատասխան չեն մնա:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մեծ Բրիտանիայի՝ Սիրիային հասցրած հրթիռային հարվածները տևել են 50 րոպե` հաղորդում է «Էլ Մայադին» հեռուստաալիքը՝ վկայակոչելով սիրիական ռազմական աղբյուրին։ Սիրիայի ՀՕՊ-ը զգալի թվով հրթիռներ է խոցել։ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ ապրիլի 14-ին Սիրիայի հասցրած հարվածի կրկնությունը կախված է Դամասկոսի գործողություններից։ «Դա կախված կլինի նրանից, թե պարոն Ասադը կորոշի՞ հետագայում ևս քիմիական զենք օգտագործել։ Այժմ դա մեկանգամյա հարված է, և ես վստահ եմ, որ ուժեղ հաղորդագրություն է»,- ասել է Մեթիսը։
ԱՄՆ-ը Դամասկոսը հրակոծել է «Տոմահավկ» թևավոր հրթիռներով։ Հարձակմանը միացել են Կիպրոսի բազայից ժամանած Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կործանիչները։ Նախնական տվյալներով՝ հրթիռակոծվել են Բազրեհ շրջանը, որտեղ գտնվում են գիտական կենտրոնները, և Դամասկոսի օդանավակայանը։ Հետևանքների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ Սիրիական լրատվամիջոցները հայտնում են Կիսվա քաղաքում 13 թևավոր հրթիռ որսալու մասին։
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Մայք Փոմփեոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է, որ Ռուսաստանի հանդեպ կոշտ քաղաքականության կողմնակից է, պատժամիջոցներն էլ չեն հանվի, քանի դեռ «Մոսկվան չի փոխել վարքագիծը»:
Այլ արձագանքներ առայժմ չկան: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի համատեղ հարձակման հետևանքները դեռ պարզվում են։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն անպատասխան չի թողնի հարվածը, եթե խոցված լինեն ռուսական տեխնիկան կամ զինուժը: Դումայում քիմիական ենթադրյալ հարձակման պատրվակով, առանց սպասելու ՔԶԱԿ-ի ուսումնասիրության արդյունքներին, Սիրիայի հրթիռակոծումն Արևմուտք-Ռուսաստան դիմակայության ռազմական դրսևորում է: