«Երեկ ԱԺ-ն միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որը պայմանականորեն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից։


Համաձայնագիրն ամբողջությամբ կգործի Եվրամիության բոլոր երկրների և Եվրոպական Խորհրդարանի կողմից վավերացնելուց հետո։


Ասել, որ սա խորքային իմաստով պատմական իրադարձություն է Հայաստանի համար, նշանակում է՝ ոչինչ չասել։ ԵՄ-ի հետ համաձայնագիրը, առանց չափազանցության, Հայաստանի փրկության բանալին է՝ ոչ միայն ու գուցե ոչ այնքան այդ փաստաթղթի քաղաքական ու տնտեսական դրույթների գործարկման, այլ շատ ավելի լայն, քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական առումով։


Այս համաձայնագրի նշանակությունն առավել խորությամբ գնահատելու համար, թերևս, արժե խնդրին մոտենալ հակառակ կողմից։ Ինչ կլիներ, եթե Հայաստանը ստորագրած չլիներ Եվրամիության հետ մեր կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին առնչվող այս համաձայնագիրը։ Եթե հակիրճ, ապա Հայաստանը շատ արագ կխրվեր ավտորիտարիզմի ճահճի մեջ։


Անցած 5 տարիներն ու հատկապես վերջին ամիսները ցույց են տալիս, որ Հայաստանում ևս բավական տեսանելի ու շոշափելի դրսևորումներով տեղի են ունենում ավտորիտար կառավարման ոճին հատուկ որոշ երևույթներ՝ սկսած հանրային-քաղաքական մթնոլորտից՝ մինչև պրակտիկ քաղաքական գործողություններ։


Եվ ուրեմն, եթե չլիներ ԵՄ-ի հետ համաձայնագիրը, Հայաստանն ավտորիտար պետություն էր դառնալու առանց այն արգելքների, որոնք, հուսանք, գործելու են Եվրոպայի հետ ստորագրված այս փաստաթղթով։ Ամենակարևոր խնդիրը, իհարկե, ոչ թե համաձայնագրի վավերացումն է, այլ դրա իրագործումը։


Իսկ այստեղ առաջանում է շատ ավելի կարևոր հարց՝ ո՞վ կամ ովքե՞ր են այդ համաձայնագրի իրագործման ու դրանից բխող իրական բարեփոխումների կատարման պահանջատերերը՝ որպես սուբյեկտներ։ Միանշանակ է, որ դա իշխանությունը չէ, որը միայն ֆորմալ առումով է այս համաձայնագրի շահառուն։ Դա իշխանությունը չէ, որովհետև այն բարեփոխումներն ու այն պետությունը, որը կարող ենք ունենալ ԵՄ-ի հետ համաձայնագրի լիարժեք իրագործման արդյունքում, ուղղակիորեն, օրգանապես հակասում է Հայաստանի իշխանական համակարգի ներքին տրամաբանությանն ու կանոններին։


Այս համաձայնագրի, իսկ ավելի լայն իմաստով՝ եվրոպական մոդելի պետություն ունենալու պահանջատերը կարող էր դառնալ ընդդիմությունը, որն այսօր ապրում է քաղաքական օրակարգի բացակայության ճգնաժամ, սակայն ցավով պետք է արձանագրել, որ ընդդիմությունը ևս այս համաձայնագրի իրագործման պահանաջատերը չէ, որքան էլ դեկլարատիվ մակարդակում խոսում  են դրա կարևորության մասին»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել