Asekose.am-ը գրում է.

«Մեր փաստաբանը, գուցե, լավ փաստաբան չէ, լավ փաստաբանի գտեք: Ի՞նչ է դա նշանակում: Կերպարն ուղղակի այդպիսին է`սյուժեով նախատեսված: Եթե նոտար է կամ փաստաբան, ի՞նչ է` պիտի չխաբի՞, եթե բժիշկ է, պիտի չխաբի՞, եթե դատավոր է, պիտի չխաբի՞: Մարդ արարած է`իր վատ և լավ հատկություններով: Մարդուն գնահատում են իր ապրած կյանքով, իր արած քայլերով, իր ընտանիքով, մասնագգիտության մեջ իր հաղթանակներով կամ պարտություններով և այլն: Այդ կերպարն այդպիսին է` ի՞նչ կապ ունի նրա մասնագիտությունը»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց սցենարիստ Դիանա Գրիգորյանը` անդրադառնալով նոտար Մարինա Մանուկյանի  այն գրառմանը, ըստ որի` «Նռան հատիկ» սերիալում նոտարի կերպարը խեղաթյուրված է, կոռումպացված և բարոյական որևէ արժանիքից ու սկզբունքներից զուրկ, չի պահպանում նոտարական գաղտնիքն ու նոտարական էթիկայի կանոնները:

Անդրադառնալով գրառման մեջ տեղ գտած այն մտքին, ըստ որի` հեեռուստադիտողները նոտարի մասին պատկերացում կկազմեն` ելնելով տվյալ հեռուստասերիալում ներկայացված կերպարից և կայցելելեն նոտարական գրասենյակ արդեն իսկ կանխակալ մոտեցմամբ, Դիանան նշեց.  

«Եթե այդպես է, ուրեմն մարդիկ պետք է չվստահեն իրենց ծնողներին, իրենց երեխաներին, իրենց ղեկավարին, իրենց մարզպետին: Շատ հաճելի է, որ մարդիկ ամեն ինչ իրականության պրիզմայով են տեսնում, բայց ամեն ինչ այդպես չէ: Դրանք ընդամենը կերպարներ են: Թող մարդիկ ավելի զգուշորեն մոտենան,  ավելի գրագետ լինեն, որպեսզի կարողանան կարդալ այն, ինչ տալիս է փաստաբանը, մեքենայաբար չլրացնեն թղթերը` առանց աչքի անցացնելու դրնք, պիտի կարդան ու հասկանան, թե որ թղթի տակ ինչ են ստորագրում: Այնպես չէ, որ եթե քո փաստաբանն է, դու պետք է կուրորեն անես այն, ինչ նա քեզ ասում է: Փորձում ենք նպաստել մարդկանց զգոնության ավելացմանը: Յուրաքանչյուր մարդ պետք է զգոն լինի, հասկանա, թե իր շուրջն ինչ է կատարվում: Դրա համար առաջին հերթին գրագիտություն է հարկավոր: Յուրաքանչյուր մարդ նախևառաջ ինքը պետք է գրագետ լինի, որ լիարժեք չտրվի փաստաբանին կամ նոտարին: Այսօր մարդիկ գնում են տարբեր տեղեր, թղթեր են ստորագրում` առանց հասկանալու, թե ինչի տակ են ստորագրում: Շատերն այս կյանքում միայն շահ են հետապնդում: Առհասարակ, շատ դժվար է հավատարիմ մարդ ունենալ քո կողքին` լինի դա աշխատող, ընկեր-ընկերուհի, որը քո կողքին կլինի ամեն հարցում, կլինի անձնվեր»:

Դիանա Գրիգորյանն անդրադարձավ նաև սերիալում տվյալ կերպարի հետագա զարգացմանը և որոշ փակագծեր բացեց:

«Նման մարդիկ, ովքեր իրենց առաքելությունը  չեն կարողանում ճշգրիտ կատարել և սուտ հողի վրա են կառուցում իրենց մասնագիտական բուրգը, թող վստահ լինեն, որ պատժվելու են, որովհետև նմանատիպ կերպարները, առհասարակ, պատժվելու են: Այնպես որ այս կերպարը ևս անմասն չի մնալու և չի խուսանավելու պատժից: Այնպես որ թող նրանք հանգիստ լինեն և սպասեն, թե ինչ է լինելու հաջորդիվ, և ինչ պատիժ է կրելու հենց այդ փաստաբանը, ով կարողանում է ստել ու խաբել այն պողպատե կնոջը, ով իրեն ամեն հարցում այդքան վստահել է»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Զրույցի վերջում Դիանա Գրիգորյանը նշեց, որ «Նռան հատիկ» սերիալի նկարահնումները շարունակվում են, և ավարտի մասին դեռ խոսք չկա:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել