... Քանի որ ես էլ մի քանի լրագրողներից զանգեր ստացա մեզ մոտ` Գյումրիում, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման մասին, ու բացատրել եմ ակումբի դիրքորոշումը այդ կապակցությամբ, հիմա այստեղ էլ ասեմ.

1. Ասպարեզ ակումբի խոսքի ազատության սրահը 12 տարի շարունակ բոլոր հնարավոր կամեցողներին տրամադրվել է առանց նախնական կամ այլ գրաքննության: Մարդիկ կամեցել են խոսք ասել, բողոքել, գովալ, ֆիլմ ցուցադրել, վարժանք ներկայացնել ... եւ այլն` օր ու ժամ են պայմանավորվել, եւ եկել ասել-արել են: Մեր պարտականությունը արտահայտման պայմաններ տրամադրել ու ԶԼՄ-ներին տեղեկացնելն է եղել այդ մասին: 12 տարում ավելի քան 1000 մամլո ասուլիս եւ 200 քննարկում է եղել ակումբում, բոլորն անվճար: Ակումբում տեղի ունեցած ասուլիսների եւ քննարկումների ժամանակ անգամ քննադատել են ակումբը: Ազատ արտահայտման հնարավորության ստեղծումը խոսքի եւ արտահայտման ազատության պաշտպանությունը ակումբի հիմնադիր սկզբունքն է:

2. Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը մեկ ամիս առաջ դիմել է ակումբին, խնդրելով վրացական եւ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության համար տարածք տրամադրել ակումբում, ինչը չենք մերժել այնպես, ինչպես չենք մերժել վերը նշված հազարից ավելի դեպքերում: Երկու շաբաթ առաջ ցուցադրվել են վրացական «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ» եւ «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ-2» ֆիլմերը: Դիտումներին մասնակցել են 15-20 հոգի, այդքանն են հետաքրքրված եղել: Ապրիլի 12-ին նախատեսվում է ադրբեջանական 4 կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություն, ընդահանուր տեւողությունը, ինձ ասացին` մոտ 70 րոպե է: Ակումբը այդ եւ հարանման ցուցադրություններից/միջոցառումներից որեւէ ֆինանսական կամ նյութական եկամուտ չունի եւ չի ունեցել:

3. Մի կողմից Հայաստանում գոյություն չունի որեւէ օրենք նման ցուցադրությունն արգելելու համար, մյուս կողմից ոչ ակումբը, ոչ էլ ես իրավունք չունենք որոշել այլոց հետաքրքրությունները այդօրինակ ֆիմերի նկատմամբ, իսկ երրորդ կողմից ակումբը չունի եւ չի էլ կամենում ունենալ պետության եւ իշխանության քարոզչության ու պրոպագանդային բաժնի առաքելություն ու ֆունկցիաները, որոշելու, թե տեսնես որ ֆիլմը, որ հոդվածը, կամ լուսանկարն է պետական կամ իշխանական շահերի/հեղինակության պաշտպանության շրջանակներում, որոնք են վնասում կամ նպաստում Հայաստանի ազգային կամ իշխանավորի անձնական անվտանգությանը, որոնք են, որ մշակութային արժեք են ներկայացնում կամ ոչ: Նման դատողությունները ակումբի իրավասություններից դուրս են:

Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ադրբեջանական կամ թուրքական ֆիլմերի ցուցադրությունը Հայաստանում վնասում են մեր ազգային անվտանգությանը, տկարամիտներ են, սա իմ անձնական կարծիքն է:)

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել