Ապրիլյան պատերազմից երկու տարի անց նորից կանխատեսումներ են հնչում նոր պատերազմի մասին, ինչը ամենալավ ապացույցն է, որ իրականում անցած պատերազմից անհրաժեշտ հետեւությունները չեն արվել։ 2016-ի պատերազմը իրական շոկ էր այն առումով, շուրջ քսանամյա հրադադարի ընթացքում տպավորություն էր ստեղծվել, որ համեմատական խաղաղությունը հավերժ է, իսկ բանակցությունները կարելի է շարունակել մանրամասների շուրջ, մինչեւ կողմերը ինչ-որ պահի, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով հանկարծ համաձայնվեն վերջնական լուծման։

Այժմ, երբ խոսում են պատերազմի վերսկսման հնարավորության մասին, այլեւս չկա այն մոլեռանդությունը, որով մինչեւ 2016թ. ապրիլի 1-ը արհամարհում կամ հայհոյում էին պատերազմի մասին խոսող «բանդագուշակներին»։ Միաժամանակ, «հավերժ հրադադարի» պատրանքի փլուզվելու հետեւանքով չստեղծվեցին այնպիսի գործոններ, որոնք կապահովեն, կամ գոնե կմոտեցնեն խաղաղությունը։

2016թ. ապրիլյան պատերազմին նպաստեցին երեք հիմնական գործոն. ռազմական լրջագույն դիսբալանսը հօգուտ Ադրբեջանի, նավթային գործոնը, Ադրբեջանի ներքաղաքական խնդիրները։ Այս գործոնները մինչեւ հիմա էլ չեն վերացել, իսկ որոշ առումով ավելի են սրվել։

Թեեւ պատերազմից հետո Հայաստանը ստացավ որոշակի քանակությամբ նոր սպառազինություն, սակայն դա երկու երկրների միջեւ հավասարակշռությունը չվերականգնեց։ Ավելին, Հայաստանին զինելով եւ դրան առավելագույն հրապարակայնություն հաղորդելով Ռուսաստանը ստիպում է Ադրբեջանին լրացուցիչ զինվել, այնպես, որ այս ճանապարհով Ադրբեջանին զսպելը, կամ գոնե հավասարակշռության հասնելը, իրատեսական չի թվում։ Թեեւ պատերազմից հետո հայկական կողմը ավելի մեծ ուշադրություն սկսեց դարձնել խնդրի ռազմա-տեխնիկական եւ ռազմա-քաղաքական կողմին, ամրացրեց պաշտպանական հնարավորությունները, բայց դա որոշիչ գործոն չի կարելի համարել։ Հայկական բանակում կոռուպցիայի եւ ապիկարության դեմ ուղղված քայլերը նույնպես կոսմետիկ են թվում, քանի որ պաշտոնազրկվածներին Երեւանն անմիջապես բարձր պաշտոնների է տեղավորում Մոսկվայում։ Հայաստանում հայտարարված բանակային ռեֆորմի իրատեսականությունը եւ բովանդակությունը չքննարկելով հանդերձ, պետք է ընդունել, որ Ադրբեջանը հաջորդ պատերազմի համար հազիվ թե սպասի, մինչեւ մեր «ազգ-բանակ» ռեֆորմները կկայանա։

Նավթի գները անկումը հիմնական գործոնն էր, որը Ադրբեջանի համար որոշեց պատերազմական գործողությունների ժամանակացույցը։ Նավթի գների կտրուկ աճի պայմաններում Ադրբեջանը փող էր հավաքում, զինվում էր, եւ, չնայած հոխորտանքներին, խուսափում էր լայնածավալ ռազմական գործողություններից, որոնք կարող էին վտանգել ինվեստիցիաները, նավթի հանույթը եւ տեղափոխումը։ 2014-ից նավթի գները անկումը համընկավ ադրբեջանական «հեշտ» նավթի պաշարների սպառման հետ, որը շահագործում էին անգլիկան ընկերությունները։ Պատերազմը, որի մասին այդքան խոսվում էր, արդեն կարող էր իրականանալ, քանի որ նավթից եկած հիմնական հասույթը արդեն մզվել էր, դրա որոշ մասը վեր էր ածվել զենքի, իսկ նավթարդյունաբերության հետ կապված ռիսկերը՝ մինիմալացվել էին։ Չնայած վերջին տարվա ընթացքում գները որոշակիորեն աճել են, սակայն դեռեւս այն արժեքը չեն ներկայացնում, որ հանուն դրա Ադրբեջանը հրաժարվի կամ հետաձգի պատերազմը։

Նավթի գները անկումը Ադրբեջանում առաջացրեց նաեւ սոցիալական լարվածություն, որի առաջն առնելու համար պատերազմը լավագույն միջոցն է։ Սրան գումարվում է դիկտատուրայի խորացումը եւ միջազգային ճնշումների ավելացումը հակաժողովրդավարական ռեժիմի պատճառով, ինչը նույնպես կարելի է գոնե ժամանակավորապես արդարացնել պատերազմական վիճակի պատճառով։ Ալիեւը նոր ընտրությունից հետո կարող է ընդհանրապես ավելի քիչ ուշադրություն դարձնել թե ներքին լարվածությանը, թե միջազգային կարծիքին։

Այսպիսով, կարելի է պնդել, որ 2016թ.պատերազմին նպաստող գործոնները հիմա չեն վերացել, իսկ որոշ դեպքերում նաեւ ավելի են խորացել։ Ցավոք, Հայաստանը լուրջ փաստարկներ չի զարգացրել, որը կկարողանար կանգնեցնել նոր պատերազմը։ Տնտեսական եւ ժողովրդագրական իրավիճակը շարունակում է անկումը, իսկ գոնե երկարաժամկետ հեռանկարում սա կարող էր ստեղծել Ադրբեջանին դիմագրավելու հնարավորություն։

Ներկա դիսբալանսի պայմաններում Հայաստանը որպես խաղաղության գործոն իր հույսը հիմնականում դնում է Մոսկվայի վրա։ Սակայն ռազմական եւ առումով Ռուսաստանն այնքան է զբաղված Սիրիայում եւ Ուկրաինայում, միջազգային մեկուսացմանը դիմագրավելու համար այնքան քաղաքական ջանքեր է գործադրում, որ նա հազիվ թե Հարավային Կովկասով զբաղվելու լուրջ հնարավորություն ունենա։ ԵԱՀԿ Մինսկի խումբը անցած երկու տարիների միայն խայտառակ պարտություններ է գրանցել, այն անգամ չի կարողացել Ադրբեջանի հետ քննարկել 2016թ. առաջ քաշած այնպիսի փոքր խնդիր, ինչպես միջազգային դիտորդների մոնիտորինգի հնարավորությունների ավելացումն է։

Այժմ, եթե չհաշվենք «նրանք չեն հանդգնի, որովհետեւ Ռուսաստանը մեզ կփրկի» ոճի թոթովախոսությունները, ոչ այնքան քննարկվում է պատերազմը կանխարգելելու, որքան նրա ժամկետների հարցը։ Մեկնաբանների մի մասը այն կապում է Ադրբեջանում նախագահական ընտրությունների հետ, անգամ նշելով, թե ընտրությունները հատուկ տեղափոխվեցին ավելի վաղ ժամկետի, որպեսզի հնարավոր լինի ամառային-աշնանային կամպանիան, մյուս մասը պատերազմի սկիզբը պայմանավորում է Սիրիայում եւ Ուկրաինայում գործողությունների հետ, մյուսներն էլ կարծում են, թե այն կսկսվի 2018թ. Ռուսաստանում կայանալիք աշխարհի ֆուտբոլային առաջնությունից հետո։
Ժամկետների փոփոխությունը էական նշանակություն չունի Հայաստանի դեպքում, քանի որ հաշված ամիսների կամ շաբաթների ընթացքում հնարավոր չէ ոչ էական փոփոխություն մտցնել ռազմական դիսբալանսի մեջ, ոչ էլ հզորագույն տնտեսական ու ժողովրդավարական բարեփոխումներ ապահովել։ Հայաստանն այս ընթացքում չափազանց թույլ օգտագործեց հիմնական գործոնը, որը կարող էր զսպել Ադրբեջանին՝ միջազգային հանրությանը։ Մնում է հավատալ, որ մի քանի ամսվա մեջ միջազգային հարաբերություններում կարող են կատարվել էական փոփոխություններ, ինչն, ի դեպ, չի բացառվում։

Աղասի Ենոքյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել