
Tert.am-ը գրում է.
Վրաստանի Ախալցիխե քաղաքի հայկական դպրոցում այս տարի Ցեղասպանության 103-րդ տարելիցի միջոցառում չի անցկացվի: Նորանշանակ տնօրեն Սուսաննա Ակոպովան որոշ մանկավարժների հետ որոշել է զոհերի հիշատակը հարգող միջոցառումը փոխարինել թեմատիկ դասընթացով: Տեղի հայկական դպրոցում ծավալվող իրադարձությունների, Ցեղասպանության վերաբերյալ միջոցառումների կազմակերպման և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Սամցխե Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ:
-Պարո՛ն Այվազյան, ի՞նչ է տեղի ունեցել Ախալցխայի հայկական դպրոցում ու ի՞նչ է հայտարարել Ախալցիխեի հայկական դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովան Ցեղասպանությանը նվիրված միջոցառման վերաբերյալ, ինչո՞ւ կա որոշում չանցկացնել միջոցառում:
-Այսօր մենք Ախալցխայի հայկական դպրոցում, ցավոք, ունենք երկու հակադիր կողմեր։ Ուսուցիչներից ոմանք հրապարակումներով հայտնել են, որ նորանշանակ տնօրենը ժողով է հրավիրել և ասել, որ միջոցառում չեն անելու, որպեսզի երեխաները դուրս գան Ցեղասպանության տխուր մթնոլորտից։ Հաջորդ օրը Akhaltskha.net-ի հետ զրույցում տնօրեն Սուսաննա Ակոպովան ասաց, որ նման բան չի ասել:
Կատարվածի շուրջ իմ տեսակետը հետևյալն է, որ այս մեծ աղմուկից հետո ճիշտ կլինի դպրոցի տնօրինությունը կոլեկտիվի հետ միասին, այնուամենայնիվ, անցկացնի ամեն տարի դպրոցում իրականացվող Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը հին ֆորմատով և այն անցկացնի ավելի բարձր մակարդակով, քան նախորդ բոլոր տարիներին էր անցկացվում։ Դրա հետ մեկտեղ չեն խանգարի դասընթացները, որոնք նախատեսել է այսօրվա տնօրինությունը։ Դա կլինի ամենալավ ապացույցը և տեղ չի թողնի բոլոր ընդդիմախոսներին, որոնք պնդում են հակառակը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։