Մարտի 31-ին կայացած «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության ժամանակ Իվետա Մուկուչյանը ստացավ «Տարվա լավագույն երգչուհի» կոչումը: Բեմում բավականին սրտաճմլիկ ու քաղաքակիրթ շնորհակալական ճառից հետո մեր ազատամիտ ու եվրոպական հովերով տարված աղջիկն սանձարձակ վարք է դրսևորել հետնաբեմում: Չցանկանալով լրագրողների հետ խոսել մրցանակի մասին՝ Իվետան բռնել է նրանց ձեռքից ու դուրս հրավիրել։ Էհ, հետո՞, սա ի՞նչ պահվածք է: Փաստորեն, ստացվում է՝ երգչուհին հիշաչար է ու դեռ չի մարսել այն, որ լրագրողներից մեկը «հանդգնել» էր ինքնագոհ արտիստուհուն հարց ուղղել իր և Արամ MP3-ի համգործակցության դադարեցման մասին, մինչդեռ հարցը եղել է բացառապես աշխատանքային կոնտեքստում: 

Առհասարակ, Իվետայի աստղայինը տարել է, ու այս աղջկան պետք է գերմանական երկնքից իջեցնել իրական Հայաստանի հողի վրա։ Հասկացանք, որ Գերմանիայում ես մեծացել, հասկացանք, որ դա որոշակի վարքային ու մենթալիտետային առանձնահատկություններ է ենթադրում, բայց դա չի նշանակում, որ Իվետան վերին արտի ցորենն է ու վեր է ամեն նորմից և կանոնից։ Եթե անգամ չի ցանկացել մեկնաբանություն տալ, նա իրավունք չուներ լրագրողներին պարտադրել իրեն հարց չտալ լայն քննարկման առարկա դարձած թեմայի մասին։ Իվետան երևի մոռացել է, որ նույն Գերմանիայում ոչ մի աստղ այնքան չկա, որ կարողանա թելադրել մեդիային ու մեդիա ներկայացուցիչներին, իսկ եթե մեկը շշկռում է ու փորձում նման բան անել, տաբլոիդները նրան ցեխի հետ են խառնում։ Ուստի Իվետայի նման վարքը ոչ մի արդարացում չունի ու հին հայկական զոռբայության դրսևորում է, և քանի որ նման զոռբայության հիմքում Արամ MP3-ի հետ պատմությունը ծածկադմփոց անելու մղումն էր, մենք հիմա կներկայացնենք, թե ինչ է եղել ամիսներ առաջ նրանց միջև, որ առ այսօր Իվետային դարձնում է ոչ այնքան ադեկվատ թեմայի հիշատակման դեպքում։

Երևի դեռ հիշում եք վերջերս մամուլում տարածված սկանդալային այն լուրերը, որ Իվետա Մուկուչյանն ու Արամ MP3-ը լուրջ վիճաբանել էին: Նույնիսկ բանը հասել էր նրան, որ լեզվակռվի արդյունքում Իվետան հայհոյել էր Արամին, իսկ վերջինս էլ փորձել էր շշով հարվածել Իվետային։ Թեև արտիստները մինչև հիմա էլ հերքում են կատարվածն ու զերծ մնում մեկնաբանություններից, բայց, իհարկե, միայն կույրը չի նկատի, թե 6 ամիս անց էլ նրանք ինչ թշնամական ու արհամարհական վերաբերմունք ունեն միմյանց հանդեպ այն պարագայում, երբ դեռ ամիսներ առաջ ազդարարվել էր համատեղ ալբոմի թողարկման մասին։ 

Շատերն այդպես էլ չիմացան՝ ինչ սև կատու է անցել երգիչների միջով, ինչը ստիպել է բեմում միմյանց լրացնող ու հետաքրքիր դուետ կազմած արտիստներին դադարեցնել համագործակցությունն ու վերջ դնել «Դաշտերով» նախագիծին, որն այդքան սիրվել էր հանդիսատեսի կողմից: Խոսակցությունների ալիք բարձրացավ նաև այն ժամանակ, երբ երգիչներն անգամ «Մերգերյան կարպետ»-ի հիմնադրման տարեդարձին հրաժարվեցին ոտք դնել նկարահանման հրապարակ, եթե նրանցից որևէ մեկն այնտեղ է լինելու: Ստացվում է՝ նրանք միմյանց անունը լսել չեն ցանկանում:

Բայց ինչպես գիտեք, առանց կրակի ծուխ չի լինում, և նրանք երկար չէին կարող թաքցնել պատճառը: Ըստ հավաստի աղբյուրների՝ կռվի իրական պատճառն ամենահաղթ խանդն է եղել: Արամ MP3-ի կինը՝ Աննան, բոլոր պատեհ և անպատեհ առիթներով Իվետայի մասին վատ է արտահայտվել՝ ներկայացնելով նրան որպես, մեղմ ասած, շատ թեթևաբարո կնոջ, ու այս խոսակցությունները վաղ թե ուշ հասել են Իվետային, ինչն էլ զայրացրել է երգչուհուն։ Իր դժգոհությունն Իվետան արտահայտել է Արամին ու դա արել է ցենզուրայից դուրս բառապաշարով՝ Արամի կնոջ հասցեին, իսկ Արամն էլ քյարթու-քյարթու է մոտեցել հարցին ու որոշել է «պահել կնոջ թասիբը»։ Արդյունքում, սկսվել է փոխադարձ վիրավորանքների տարափ, քաշքշուկ, ու ականատեսները պնդում են, որ անգամ եղել է իրավիճակ, երբ Արամն ուզել է շշով հարվածել Իվետայի գլխին: Ահա և ողջ պատմությունը, որն Իվետան ամեն գնով ցանկանում էր թաքցնել լսարանից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել