Յուրաքանչյուր մարդ, ով անգամ չի հետաքրքրվում պատմությամբ, ամենայն հավանականությամբ, լսել է հույների լեգենդար արշավանքի մասին դեպի քաղաք Տրոյա: Դժվար է հավատալը, սակայն Ոդիսևսի, Աքիլեսի, Հեկտորի և այլ հայտնի կերպարների արկածների մասին գրել են դեռևս մ.թ.ա. 9-րդ դարում: Հին հույն պոետ Հոմերոսի «Իլիականը», որը հետաքրքրությամբ ընթերցում են մինչ օրս, երկար ժամանակ հորինվածք էր համարվում, չհիմնված իրական դեպքերի վրա:
Սակայն դեռևս 19-րդ դարում Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում կատարված հնագիտական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվեցին անտիկ խոշոր քաղաքի հետքեր՝ հզոր պաշտպանական կառույցներով հանդերձ: Պեղումները ցույց են տվել, որ առասպելական համարվող Տրոյական պատերազմի ժամանակ քաղաք Տրոյան իսկապես գոյություն է ունեցել և անգամ համարվել է Միջերկրածովյան ամենազարգացած քաղաքներից մեկը: Բացի այդ՝ հայտնաբերվել են նաև ոչնչացված տարածքներ ու իրեր. թվում է՝ հույները հաղթել են իրենց թշնամուն, ինչպես և նշվում է «Իլիականում»:
Հունական զորքերի ղեկավարը միկենյան արքա Ագամեմնոնն էր: Լինելով վերոնշյալ ստեղծագործության գլխավոր հերոսներից մեկը՝ Ագամեմնոնը գոյություն է ունեցել նաև իրական կյանքում: Խեթական ժամանակագրություններում, օրինակ, նրան անվանում են Ակագամունաս:
Գերմանացի հնագետ Հենրիխ Շլիմանը, հետաքրքրվելով Տրոյական պատերազմի ընթացքում տեղի ունեցած դեպքերով, նպատակ է դրել իր առջև գտնելու լեգենդար Ագամեմնոնի գերեզմանը, արքայի, ով կարողացել է նվաճել Տրոյան ու միավորել գրեթե ողջ Հունաստանը:

1876 թ. Շլիմանը պեղումներ է անցկացրել միկենյան ակրոպոլիսում: Հնագետը հայտնի մի քանի մարդկանց գերեզմաններ է հայտնաբերել, որոնց դիերը շրջապատված են եղել ոսկե օղերով ու այլ զարդերով, որոնք, ըստ էության, կենդանության օրոք հենց նրանց են պատկանել: Տղամարդկանց դիերի վրա անցկացված էին ոսկե դիմակներ, որոնք, ըստ ավանդույթի, հույները դնում էին մեռյալների դեմքերին հուղարկավորելուց առաջ:
Հայտնաբերված դիմակներից մեկն իր տարիքով համապատասխանում է Ագամեմնոնի կառավարման պատմական ժամանակաշրջանին: Սրանից ելնելով՝ Շլիմանը որոշ հաշվարկներ է կատարել և պարզել, որ այդ դիմակը պատկանել է լեգենդար արքային: Հետաքրքիր է, որ դիմակը հստակորեն ցույց է տալիս այն մարդու դիմագծերը, ում որ պատկանում է: Եթե դա իսկապես այդպես է, ապա կարող ենք հասկանալ, թե ինչպիսի տեսք է ունեցել Ագամեմնոնը:
Սակայն ոչ բոլորն են համաձայն Շլիմանի եզրակացությունների հետ: Դիմակի ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն միգուցե մի քանի հարյուրամյակով ավելի հին է, քան կանխատեսել է գերմանացի հնագետը: Ներկայումս հարցը, թե դիմակն իսկապես պատկանել է Տրոյայի նվաճողին, թե ոչ, դեռևս չունի միանշանակ պատասխան, սակայն փաստերն ավելի շատ տանում են նրան, որ դա Ագամեմնոնինն է եղել:



