2016թ.-ի այս օրն ադրբեջանական բանակը հստակ առաջադրանք էր ստացել քաղաքական և ռազմական ղեկավարությունից՝ լուծել Արցախի հարցը, գրավել քաղաքներ և գյուղեր, և դա անել կայծակնային պատերազմի միջոցով, հանկարծակի լայնածավալ հարձակումով: Ադրբեջանական բանակը միանգամից գործի մեջ դրեց ծանր զինտեխնիկան, ինժիներական զրահապատ տեխնիկան, հրետանին, ռազմական ավիացիան, ինչպես նաև Թուրքիայից և Պակիստանից ժամանած, բազմաթիվ ռազմական գործողություններում հաջողության հասած արնախում վարձկանների: Ադրբեջանական կողմը հայկական դիրքերի վրա գրոհելիս շեշտադրումը դրել է թվաքանակի վրա: Այնքան շատ պետք է լինեին, որ հայկական կողմի դիրքեր հասնելու ժամանակ զոհերի թիվը չխանգարեր առաջխաղացմանը...

2016թ.-ի ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահին զեկուցում են, որ առաջադրանքը հաջողությամբ կատարում են, որ սկիզբը խոստումնալից է, սակայն դեռևս մամուլով չեն տալիս ոչ մի հաղորդագրություն, հույս ունեն, որ մինչև երեկո կգրավեն Մարտակերտը հարակից գյուղերով, կճեղքեն կենտրոնական ճակատը, ինչպես նաև հարավում նույնպես կգրավեն նախատեսված բնակավայերը: Սակայն երեկոյան, երբ հայկական կողմն արդեն տիրապետում է իրավիճակին և դառնում իրավիճակ թելադրող, ադրբեջանական կողմը տարածում է առաջին պաշտոնական հաղորդագրությունը, որ իբրև հայերն անցել են լայնածավալ հարձակման:

Ադրբեջանական բանակը, որը գործի էր դրել իր ողջ զինանոցն ու անցել հանկարծակի բացահայտ հարձակման, մի քանի ժամ հետո ձախողեց իր առջև դրած առաջադրանքի կատարումը:
Հայոց փառապանծ բանակի զինվորն ու սպան, մինչ իրենց թիկունքից օգնության կհասնեին հազարավոր կամավորներ, կարողացան նախ՝ կանգնեցնել թշնամուն, այնուհետև, ծանր կորուստներ հասցնելով, հետ շպրտել դեպի ելման դիրքեր...

Այսպիսով՝ արդեն ապրիլի 3-ին ակնհայտ դարձավ, որ ադրբեջանական բանակը ձախողել է ռազմական առաջադրանքը, մերձամարտերը դադարեցին, և Ադրբեջանը գործի մեջ դրեց հեռահար հրետանին, որի կրակային դիրքերը գտնվում էին այնպիսի խոշոր բնակավայրերում, ինչպիսին է, օրինակ, Թարթառը (Միբաշիր): Այստեղ ևս, ի պատիվ Հայոց բանակի պրոֆեսիոնալ հրետանավորների, գերճշգրիտ հարվածներով կրկին ոչնչացվեցին թշնամու կրակային դիրքերը, որոնք կրակի տակ էին պահում մեր բնակավայրերը:
Ադրբեջանը գործադրում է վերջին ճիգերը և ապրիլի 4-ի գիշերը կրակում «Սմերչ» համազարկային ռեակտիվ կայանով: Տեսնելով, որ, միևնույն է, հաջողության չի հասնում, շտապում է իր իսկ նախաձեռնած պատերազմի համար խնդրել հրադադար, քանի որ սահմանի երկայնքով ողջ բնակավայրերի բնակիչները ոչ միայն խուճապահար փախչում էին Ադրբեջանի խորքերը, այլև Ադրբեջանը տալիս էր անհավանական թվով մարդկային կորուստներ, ինչպես նաև կորցնում էր մեծ քանակությամբ բավականին թանկարժեք ռազմական տեխնիկա, ինչպիսին, օրինակ, ռազմական ուղղաթիռ, ռազմամթերք և այլն...

Շնորհիվ բացառապես Հայոց բանակի և հայ ժողովրդի՝ 2016թ.-ի այս օրը չդարձավ Հայոց պատմության մեջ մի նոր 1915թ... Փառք ու պատիվ ձեզ, տղերք, որ ընկաք, բայց չգցեցիք ձեզ վստահված Հայրենիքի այդ հատվածը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել