Երկուշաբթիից շաբաթ աշխատանքային օրը տեղափոխելու մասին մի անգամ արդեն գրել եմ անցած տարի, բայց քանի որ ոնց-որ թե համապատասխան մարդկանց ուղեղներին չի հասել, նորից եմ գրում, որ դա դուրս է որևէ տրամաբանությունից և օրենքից: 
Նախ, մենք ունենք կառավարության կողմից հաստատված հնգօրյա աշխատանքային շաբաթ, և չաշխատած մի օրը տեղափոխելը հաջորդող շաբաթը երբեմն դարձնում է վեցօրյա աշխատանքային, ինչը ճիշտ չէ օրենքի տեսակետից և անհարմար՝ մարդկանց աշխատանքի, հանգստի և առօրյայի կազմակերպման առումով:

Երկրորդ և ամենակարևոր փաստարկը. մեռելոցը քրիստոնեական խորհուրդ ունեցող միջոցառում և օր է, ինչի քարոզողը երկրում եկեղեցին է: Բայց Հայաստանում եկեղեցին և պետությունը անջատված են միմյանցից, ինչը նշանակում է, որ եկեղեցին չի կարող միջամտել պետական գործերին: Իսկ աշխատանքային օրեր սահմանելը պետության գործն է: Հետևաբար, ո՛չ եկեղեցին իրավունք ունի դիմելու կառավարությանը՝ մեռելոցը ոչ աշխատանքային օր ճանաչելու համար, ո՛չ էլ, դիմելու դեպքում, կառավարությունն իրավունքն ունի այդ դիմումը բանի տեղ դնելու:

Երրորդ. տրամաբանությունը, եթե դեռ մնացել է այս երկրում, ասում է, որ մարդն ինքն է որոշում, թե երբ և ինչպես շփվի այսկողմնային և այնկողմնային աշխարհներում իր մտերիմների հետ, և եկեղեցին ու կառավարությունը թող չմտահոգվեն, թե մարդիկ հիշեցի՞ն արդյոք իրենց հանգուցյալներին, թե՞ չհիշեցին:

Այնպես որ, հարգելի եկեղեցի և կառավարություն, մի քիչ ուղեղներիդ նեղություն տվեք, արթնացեք միջնադարյան քնից և խոստովանեք, որ արդեն երկար տարիներ է, ինչ զգալի անհարմարություն եք պատճառում ոչ թե ձեզ, այլ բոլոր աշխատող մարդկանց ձեր անտրամաբանական որոշմամբ:

Հ.Գ. Կոնկրետ բարձրագույն կրթական ոլորտի աշխատողի անունից ասեմ, որ մեզ համար աշխատանքային գրեթե ամեն օր էլ մեռելոց է, այնպես որ հերթականը մի ավելացրեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել