ՀՀ քաղաքական օրակարգում թիվ մեկ հարցը շարունակում է մնալ մոտ 10 օրից սպասվող զարգացումները, որոնց համաձայն՝ Հայաստանն ամբողջությամբ անցում կկատարի պառլամենտական կառավարման:
Ինչպես սահմանված է Սահմանադրությամբ, պառլամետում մեծ թվով մանդատ ստացած քաղաքական ուժը պետք է ձևավորի կառավարություն և համապատասխանաբար ներկայացնի վարչապետի թեկնածու: Այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, կներկայացնի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ՀՀ քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներ բավականին բուռն են արձագանքում, իսկ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես ցայտնոտի մեջ է կամ ուղղակի փորձում է քաղել քաղաքական մեղքերը:
Երեկ Մամուլի ազգային ակումբում Փաշինյանի մամլո ասուլիսն էր հրավիրել: Նիկոլը կարծում է, որ Ս. Սարգսյանը խախտում է Հայաստանի քաղաքացիների հետ 2014-ին կնքած «պայմանագիրը», որ այլևս երբեք չի հավակնի ղեկավար կարգավիճակի: Նա անհրաժեշտ է համարում, որ քաղաքացիները կազմակերպվեն ու Սարգսյանին պարտադրեն կատարել «իր առաջադրած պայմանագրի պայմանները»։ ՔՊ-ի հիմնական բանակցությունը ՀՀ քաղաքացիների հետ է, նրանք են խաբվածը: ՔՊ-ն ու անձամբ ինքն այս պարագայում հանդես են գալիս իբրև ՀՀ քաղաքացի:
Փաշինյանը քաղաքական զարգացումների երկու սցենար է տեսնում. Ս.Սարգսյանը դառնում է ՀՀ վարչապետ կամ հաջողվում է կանխել նրա 3-րդ ժամկետը։ Նիկոլը հավատում է, որ Հայաստանի քաղաքացիները կօգտվեն ստեղծված հնարավորությունից ու կհաղթեն` իր 14+4 ճանապարհային քարտեզով:
Ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների` նա դեմ է բռնությանը: Նրա բնորոշմամբ` ՔՊ-ն պատրաստ է համագործակցել իր տեսակետներին համամիտ բոլոր ուժերի հետ: Հանուն Հայաստան պետության ճակատի հետ համագործակցության հարցն առկախված է, քանի դեռ ՀՀՊ-ում չկա պայքարի տեսակների վերաբերյալ միասնական տեսակետ: Փաշինյանը կարծում է, որ ապրիլի 10-17-ը Սերժ Սարգսյանը որևէ պաշտոնական կարգավիճակ չի ունենալու, և իրենց խնդիրը նրա իշխանություն վերադարձը թույլ չտալն է: Նա պնդում է, որ 10-17-ը որևէ մեկը Հայաստանում կառավարելու իրավասություն չունի:
Իրենց «14+4» ճանապարհային քարտեզը Նիկոլ Փաշինյանը համարում է սեփական «Բորոդինոյի ճակատամարտ»: Նա սկզբունքորեն դեմ է «պատերազմին»` Հայաստանի ներսում պատերազմ մղելու ցանկություն չունենալով, բայց ընդունում է «ճակատամարտը»:
Մի քանի խոսք Բորոդինոյի ճակատամարտի մասին: Այն տեղի է ունեցել 1812-ի օգոստոսի 26-ին ռուսական հայրենական պատերազմի հայտնի ճակատամարտը Մոսկվայի մերձակա Բորոդինոյի դաշտավայրում և տևել է 12 ժամ: Նապոլեոն Բոնապարտի գլխավորած ֆրանսիական բանակը կենտրոնում ու ձախ թևում գրավել է Միխայիլ Կուտուզովի գլխավորած ռուսական բանակի դիրքերը, բայց մարտական գործողությունների դադարից հետո վերադարձել է ելման դրություն: Ռուս պատմագրության մեջ համարվում է, որ ռուսական բանակը հաղթել է, բայց հաղթանակի հաջորդ օրը Կուտուզովը նահանջի հրաման է տվել մեծ կորուստների պատճառով: Արևմտյան պատմագրության գնահատականով` Բորոդինոյի ճակատամարտում հաղթել է Նապոլեոն Բոնապարտը: Մեկօրյա ճակատամարտը կորուստների ընդհանուր թվով համարվում է ամենաարյունալիցը` կռվի ամեն մեկ ժամում զոհվել է 6000 զինվոր: Ֆրանսիական բանակը կորցրեց իր 25 %-ը, ռուսականը` 30 %-ը:
Փաստացի ճակատամարտում հակառակորդներից ոչ մեկը չի հասել իր ցանկալի արդյունքին` Նապոլեոնը չի ջախջախել ռուսական բանակը, Կուտուզովը չի պաշտպանել Մոսկվան: Պատմություն չգիտի՞ Նիկոլ Փաշինյանը, որ իր համար օրինակ է ընտրել Բորոդինոն, որտեղ կողմերից ոչ ոք իր խնդիրը չի լուծել, թե՞ ի սկզբանե ասում է` ինչ կա, բայց միայն «հասկացողներին» կամ պատվիրատուներին:
Հ.գ. 1. Փաստացի, Նիկոլը փորձում է քավել իր մեղքերը և վերադարձնել իր քաղաքական պարտքը, այդ թվում՝ իր թիմի որոշ «չեգևարաների» առաջ:
Հ.գ. 2. Ի դեպ՝ այսօր Գյումրու Վարդանանց հրապարակից մեր ժամանակների Օստապ Բենդերը մեկնարկեց իր քայլերթը դեպի երևան, այնպես որ, ինտրիգը սկսված է: