Այս պահի դրությամբ, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոնը Երևանի ավագանու ընտրությունների գործընթացում արձանագրել է 17-18 «շատ կոպիտ խախտումներ»: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը: Խախտումներն, ըստ մամուլի պատասխանատուի, հետևյալն են՝ ընտրակաշառք, ուղղորդված կամ բաց քվեարկություն, ոստիկանների անգործություն, կուտակումներ ընտրատեղամասերի մոտակայքում և ներսում: «Անկառավարելի, լարված մթնոլորտ է, խայտառակ վիճակ է»,- ասաց Հ.Խուրշուդյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի այսօրվա հայտարարության առնչությամբ, թե տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված 3712 անդամից ընտրական հանձնաժողովներ չեն ներկայացվել 12-ը, որոնցից 8-ը «Ժառանգության» ներկայացուցիչներն են, Հ.Խուրշուդյանը նշեց, որ 2 անդամի բացակայության մասին իրենք տեղյակ են՝ նրանցից մեկը միայն երեկ է ասել, որ չի ներկայանալու՝ օրենքն արգելում է մեկ օր առաջ փոփոխություն կատարել հանձնաժողովի կազմում, իսկ երկրորդը 5 օր առաջ մեկնել էր Մոսկվա՝ ինքնաբացարկի դիմում չներկայացնելով, հենց նույն օրը կուսակցությունը դիմել է ինքնաբացարկն ընդունելու խնդրանքով, սակայն ընտրական հանձնաժողովը մերժել է խնդրանքը` չնայած դեռ 5 օր կար ընտրություններին: Ըստ Հ. Խուրշուդյանի, իրենք դիմել են մյուս չներկայացածների մասին տեղեկանալու, սակայն ԿԸՀ-ն տիրապետելով ինֆորմացիային, անհասկանալի պատճառներով չի տրամադրել այն:
Հ.Խուրշուդյանը հայտնեց նաև, որ երեկվանից «Բարև Երևանի»-ի տեղեկատվական կենտրոնի UCOM ընկերության կողմից սպասարկվող իրենց ինտերնետային կապն անջատված է: