Արդյոք կենդանաբանական այգիներում միայն կենդանիների՞ն են պահում: Ցավոք, պատմության մեջ շատ են եղել այդպիսի այգիները, որտեղ հենց մարդկանց են պահել: Վերջիններիս փակի տակ են պահել, պարբերաբար ցուցադրել են հանրությանը, իսկ այլ մարդիկ էլ վճարում էին, որպեսզի տեսնեն նրանց:

 

Սելկնամ ցեղի այս աբորիգենները ցուցադրվել են Եվրոպայի մարդկային գազանանոցում

Կարլ Հագենբեքին հաճախ վերագրում են այն գազանոցների ստեղծումը, որոնք այսօր հայտնի են մեզ: Նա բնական, սեփական շրջակա միջավայրին մոտ պայմաններ է ստեղծել կենդանիների համար:

Սակայն նրա վերաբերյալ քիչ հայտնի մի փաստ ևս կա, ըստ որոնց՝ նա նաև առաջին մարդն էր, ով սկսել է հանրությանը ցուցադրել մարդ արարածներին:

1889 թ. Չիլիի կառավարության թույլտվությամբ նա իր հետ Եվրոպա տարավ սելկնամ ցեղի 11 մարդկանց, տեղավորեց նրանց վանդակներում ու շրջեց ողջ Եվրոպայում: Ավելի ուշ ազգակցական կապեր ունեցող այլ ցեղերի ներկայացուցիչներ ևս այս բախտին վիճակվեցին:

 

Այս աֆրիկուհին 1958 թ. ցուցադրվել է Բրյուսելի մարդկային գազանանոցում

Այս լուսանկարը դարձել է սարսափելի երևույթի՝ մարդկային գազանանոցների գործունեության խորհրդանիշը. փոքրիկ աֆրիկուհին՝ «սպիտակ մարդկանց» հագուստով: Նրան կերակրում է ամբոխի միջից մի կին: Կնոջ ու աղջնակի միջև պարիսպ կա:

Բարեբախտաբար, «ցուցադրությունը» երկար կյանք չունեցավ, քանի որ դրա հանդեպ հասարակության հետաքրքրությունը նվազեց ֆիլմերի ստեղծման արդյունքում: Մարդիկ արդեն կարող էին բավարարել իրենց հետաքրքրասիրությունն այլ երկրներում ևս ֆիլմեր դիտելու միջոցով:

Սակայն այդ գազանանոցի «բնակիչների» բախտն այդքան էլ չբերեց: 297 մարդկանց մեծ մասը մահացան և զանգվածաբար թաղվեցին ոչ մի տեղ չհիշատակված մի գերեզմանոցում:

 

Փարիզի մարդկային գազանանոցը՝ Jardin d’Agronimie Tropicale

Ֆրանսիացիների մեծ, սակայն ոչ այնքան բարոյական ցանկությունը՝ իրենց իշխանությունը տարածելու, ինչպես նաև գաղութատիրական հզորությունը ցույց տալու, հանգեցրեց նրան, որ նրանք վեց գյուղակ ստեղծեցին, որտեղ ներկայացվում էր ֆրանսիական գաղութների՝ Մադագասկարի, Հնդկաչինի, Սուդանի, Կոնգոյի, Թունիսի և Մարոկոյի կենցաղը: Ցուցադրությունը տևեց 1907 թ. մայիսից մինչև հոկտեմբեր:

Այս կես տարվա ընթացքում ցուցադրությունը դիտելու եկան ավելի քան մեկ միլիոն մարդիկ: Գյուղակները կառուցվել էին գաղութային կյանքին համապատասխան ձևերով՝ սկսած ճարտարապետությունից, վերջացրած գյուղատնտեսական մեթոդներով:

Լուսանկարում պատկերված է կոնգոյան «ֆաբրիկա»՝ կառուցված Մարսելում: Այն նպատակ ուներ ցույց տալու գաղութային կյանքի մանրամասնությունները: Կոնգոյից բերվել էին մի քանի մարդիկ՝ այս «ֆաբրիկայում» աշխատելու համար:

Այն, ինչը նախկինում գրավում էր յուրաքանչյուր մարդու ուշադրությունը, այսօր լքված է և համարվում է պատմական հետք Ֆրանսիայի համար: 2006 թ. սկսած, չնայած այն բանին, որ լքված տարածքն ու մարդկային գազանանոցի «տաղավարները» հասանելի դարձան մարդկությանը, միևնույն է, շատ քիչ մարդ է այսօր այնտեղ այցելում:

 

Սառա Բարտման. դժբախտ աղջիկը

1810 թ. 20-ամյա Սառա Բարտմանն «աշխատանքի վերցվեց» որպես էկզոտիկ կենդանիների վաճառող: Նրան խոստացել էին հարստություն ու բարօրություն, և Սառան կենդանիների հետ միասին ուղևորվեց Լոնդոն: Հենց այնտեղ էլ սկսվեց այն, ինչ ուղղակիորեն հակասում էր աղջկան խոստացվածին:

Բնությունը Սառային օժտել էր մեծ, արտահայտիչ հետույքով և յուրահատուկ բարեմասնություններով: Հենց այդ պատճառով էլ նա դարձավ քննարկումների առարկա, այնուհետև՝ ցուցադրությունների իդելական էքսպոնատ:

Նրան հատուկ հագուստ էին հագցնում և ցուցադրման դնում որպես «որևէ էկզոտիկ բանի»: Սառան մահացավ թշվառության մեջ, իսկ նրա կմախքը, ուղեղն ու սեռական օրգանները շարունակվեցին ցուցադրվել Փարիզի մարդկության թանգարանում մինչև 1974 թ.: 2002 թ. Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Նելսոն Մանդելայի խնդրանքով աղջկա մնացորդները հայրենադարձվեցին:

 

«Սևամորթների թանգարանը» Գերմանիայում. մայր ու զավակ

Փարիզի համաշխարհային տոնավաճառում 1878-1889 թթ. ցուցադրվում էր «սևամորթների գյուղը»: Այնտեղ այցելել է շուրջ 28 միլիոն մարդ: 1889 թ. ցուցադրության գլխավոր ու տեսարժան մասը բնիկ ցեղերի 400 ներկայացուցիչների ցուցադրումն էր:

Այսպիսի գյուղ ստեղծելու մտադրություն առաջացավ նաև գերմանացիների մոտ, որտեղ սոցիալական դարվինիզմ տեսությունը լայն տարածում էր գտել ու ընդունվել շատերի կողմից: Գերմանիայում անցկացված «սևամորթների ցուցադրությանը» այցելել է նաև Օտտո ֆոն Բիսմարկը:

21-րդ դարի մարդկային գազանանոցները

Անգամ այսօր գոյություն ունեն մարդկային գազանանոցների մնացորդներ: Ճգնավորների հարավա ցեղն ապրում է Հնդկաստանի Անդամանյան կղզում: Տեսանյութը, որը հրապարակվեց 2012 թ., ներկայացնում էր այս կղզու գեղեցիկ սաֆարիներից մեկը, որը վերջերս հայտնի է դարձել զբոսաշրջիկների շրջանում:

Սակայն սաֆարիում այցելուներին ցուցադրում էին ոչ միայն կենդանիներին: Նրանց ի սկզբանե խոսք էր տրվում հնարավորություն տալ այնտեղ տեսնելու հարավա ցեղի ներկայացուցիչներին իրենց բնական շրջակա միջավայրում:

Սակայն իրականում ամեն ինչ այդքան միանշանակ չէր, քանի որ այդ տեսանյութում կղզիաբնակները հատուկ պարեր էին պարում զբոսաշրջիկների համար:

Սաֆարիի մուտքի դիմաց վահանակ կար փակցված, որն արգելում էր ցեղի բնակիչներին «կերակրելը կամ դիպչելը», սակայն զբոսաշրջիկները, որոնցից հարյուրավորներն ամեն օր այցելում էին սաֆարի, իրենց հետ միշտ բերում էին մրգեր ու ընկուզեղեն: Տարածքը հսկում են ոստիկանները, որոնք պետք է ցեղի անդամներին պաշտպանեն այցելուների հնարավոր ազդեցություններից, սակայն տեսանյութերից մեկում հստակորեն երևում է, թե ինչպես է այդ ոստիկաններից մեկը ստիպում ցեղի աղջիկներից մեկին պարել, քանի որ նրան ուտելիք են տալիս այցելուները:

Կառավարությունը պահանջեց դադարեցնել այս ամենը, և 2013 թ. Հնդկաստանի Գերագույն դատարանը կտրականապես արգելեց նման սաֆարիների գործունեությունը: Սակայն ակտիվիստների որոշ խմբեր պնդում են, որ զբոսաշրջիկներին նման ծառայություններ մինչ օրս շարունակում են մատուցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել