Երևանի թիվ 1/26 ընտրատեղամասը, որը տեղակայաված է Նոր Նորքի երկրորդ զանգվածում` թիվ 164 դպրոցում առավոտյան ժամը 8-ին բացվեց: Արդեն ժամը 8:10 այս ընտրատեղամասում 5 հոգի ընտրություն էր կատարել: Առաջին ընտրողը Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն էր:
Henaran.am-ի թղթակիցն այստեղ արտասովոր փաստ է ֆիքսել. սովորաբար դպրոցի բակը ընտրությունների օրը բաց է լինում ելումուտի համար:
Անցած բոլոր ընտրություններին այս դպրոցի բակում մեքենաներ էին կայանում: Այս անգամ դպրոցի բակում ավտոմեքենաների կանգառն արգելված էր հատուկ նշանով:
Նշենք, որ այսօր` մայիսի 5-ին Երևանում ավագանու ընտրություններ են, որին մասնակցում են վեց կուսակցություն և 1 դաշինք: Երևանում Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով, Երեւանի 13 ընտրատարածքում ձեւավորվել է 464 տեղամաս: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված են 3712 անդամներ: Երեւանում` ընտրողների վերջնական թիվը 816 475 է:
Ընտրություններն անցկացվում են միայն համամասնական համակարգով` ըստ կուսակցական ցուցակների:
Henaran.am-ը շուրջօրյա հետեւելու է ընտրությունների ընթացքին: Մեր թղթակիցները պարբերաբար թարմ տեղեկատվություն կհաղորդեն ընտրատեղամասերից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: