Իրական խնդիրը պետության և հանրության ուժն ու թուլություն են, որից բխում է ինտեգրելու կարողությունը կամ չկարողությունը: Դա նման է մարսողական համակարգին․ առողջ ու ուժեղ համակարգը կարող է մարսել նույնիսկ դժվար մարսելին և ուժեղանում է իր մարսածով, թույլը չի մարսում նույնիսկ նորմալ մարսելին ու ավելի է թուլանում: Պետությունը և հանրությունը, որոնք ի զորու չեն ինտեգրվել, որոնք ինտեգրելու փոխարեն երկատվում, տարանջատվում են իրանք իրանց մեջ, թույլ լինելով՝ ավելի են թուլանում, և հակառակը: Ռեգիոնալ խնդիրներ կան, եղել են ու կլինեն ամենուր և բոլոր ժամանակներում: Պետության խնդիրն է դրանց լուծումները գտնել: Պետություններն ընդհանրապես հեշտ խնդիրներ լուծելու համար չեն ստեղծվում: Հանրության ուժը նույնպես չափելի է ինտեգրելու իր կարողությամբ: Մեր նորագույն պատմությունը գրեթե ամբողջությամբ ինտեգրման պատմություն է: Հայաստանի էս փոքր տարածքն ավել կամ պակաս հաջողությամբ կարողացել է ինտեգրել, խառնել, հաշտեցնել հայերի ամենատարբեր տեսակները՝ Սասունի լեռնցուց մինչև Պոլսի ու Թիֆլիսի քաղքենի: Մենակ արևմտահայերի երեք մեծ հոսանք է եղել՝ 1829, 1915-20, 1940-ականներինը, որոնք հեշտ կամ բարդ ի վերջո «մարսվել են»: Ի դեպ՝ տաճկահայերի նկատմամբ օտարացման աստիճանը 1915-ին նրանց այստեղ հայտնվելուց հետո հիմա դժվար է պատկերացնել: Եղել է շատ զզվելի վերաբերմունք, շատ լուրջ խնդիր: Դա մոռացվել է հիմա, բայց դրա հեռավոր հետքերը նույնիսկ ես եմ իմ փոքր ժամանակվանից հիշում, քանի որ իմ պապը եղել է տաճկահայի և ռուսահայի ամուսնության արդյունք, ու թեմայի հեռավոր ու մեղմացված արձագանքները մեծ սերնդի խոսակցություններից հասել են ինձ:
Ուրեմն՝ Հայաստանի պետությունը և Հայաստանի հանրությունը կամ կարողանալու են դնել և լուծել Ղարաբաղի ինտեգրացիայի խնդիրը, որն աշխահի ամենաբարդ խնդիրը չէ, կամ էլ շարունակելու են տվայտվել մի թեմայի շուրջ, որը միայն մեր վառ երևակայության մեջ է ստանում ապոկալիպտիկ, անլուծելի բնույթ, ինչպես և բոլոր խնդիրները: Այստեղ հարցի մեխն է: Առողջ հոգեբանության տեսակետից խնդիրը մի բան է, որը պետք է լուծել: Հիվանդ հոգեբանության համար խնդիրը մի բան է, որից պետք է փախչել, որը տվայտանքի առիթ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: