Armtimes.com-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վառնայում կայանալիք  Թուրքիա-Եվրամիություն գագաթաժողովից առաջ խոսել է լրագրողների հետ՝ ներկայացնելով պաշտոնական Անկարայի եվրաանդամակցության հեռանկարները։

«ԵՄ-ի հետ ամուր հարաբերություններ ունենք։ Ժամանակ առ ժամանակ լինում են շրջաններ, որ մեծանում է լարվածությունը։ Չնայած ԵՄ-ը տանող ճանապարհին մեր առջև ականներ դրվեցին, այնուամենայնիվ մենք շարունակեցինք մեր նպատակային ուղին։ ԵՄ-ին անդամակցելը շարունակում է մնալ Թուրքիայի ռազմավարական նպատակը»,-ասել է Էրդողանը։ 

Վերջինս նշել է, որ Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի որոշ ուժեր խոչընդոտներ չստեղծեն Թուրքիա-ԵՄ հարաբերություններում։ Մինչև հիմա Թուրքիան ԵՄ-ի հետ բանակցություններում հանդիպել է արհեստական  և քաղաքական խոչընդոտների, ինչը նրա կարծիքով հանդիսանում է «երկակի չափանիշների» դրսևորում։ Ըստ նրա՝ պաշտոնական Անկարան  ակնկալում է, որ այդ արհեստական և քաղաքական խոչնդոտները կվերանան։

Ermenihaber-ի փոխանցմամբ, Գագաթաժողովի շրջանակներում կխոսվի նաև ԵՄ-ի կողմից Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնության մասին։

Էրդողանը իր դժգոհությունն է հայտնել այն հարցի շուրջ , որ եվրոպական մի շարք երկրներում  վճռական քայլեր չեն ձեռնարկվել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ պայքարում: Եվ դա թուրքական կողմին չի բավարարում։ Նա պնդել է, որ PKK-ն նաև վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար։

Հիշեցնենք, որ Վառնայում այսօր՝ մարտի 26-ին տեղի է ունենում Եվրամիություն-Թուրքիա գագաթաժողովը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի գլխավորությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել