Հին լուսանկարում՝ Ավետիս և Տիրուհի Խանիկյաններն են իրենց երեք զավակների հետ` Էդուարդ, Անժել և Նուբար (Խարբերդ, 1912 թիվ, Հասմիկ Խանիկյանի հավաքածուից):
Խարբերդն Արևմտյան Հայաստանի նշանավոր մշակութային կենտրոնն է հանդիսացել։ Քաղաքի դերն առավել բարձրացավ 19-րդ դարում, և պատահական չէ, որ 1880-ականներին այն հիշատակվում էր արդեն որպես «գավառի Աթենք»։ Համազգային հռչակ էր վայելում Աստվածաբանական ճեմարանը, որը գործել է 1859-1915 թթ․։ Այստեղ դասավանդում էին հայերեն, գրաբար և աշխարհաբար քերականություն, հայոց պատմություն, աստվածաբանություն, մարդակազմություն, փիլիսոփայություն, տիեզերագիտություն։ Ավելի քան 600 շրջանավարտ է տվել Խարբերդի ամերիկյան «Եփրատ» հանրահայտ քոլեջը։ 1865-ին կազմակերպվեց կրթական և մշակութային «Սմբատյան ընկերությունը», որը բացեց երկսեռ վարժարան։ Կանանց շրջանում իր ակտիվ գործունեությունն էր ծավալում «Արաքս» կրթական և բարեգործական ընկերությունը։ 1880-ականներին Խարբերդում բեմադրվեց առաջին ներկայացումը՝ «Քաջն Վարդանը»։ 1889-ին Խարբերդում հիմնադրվում է տպարան, հրատարակվում է հայերեն և եվրոպական լեզուներով գրականություն, իսկ 1909-ից լույս է տեսնում «Եփրատ» հայալեզու թերթը։