«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Ընդհանրապես խոսակցությունն այն մասին, թե ով որքան փող ունի, իմաստալից է միայն այն դեպքում, երբ խոսք կա պետական պաշտոնյաների և նրանց մերձավորների մասին: Քաղաքացիների այս կատեգորիան օգտվում է հանրային ռեսուրսից, ապրում է մեր՝ հարկատուներիս հաշվին, և շատ բնական է, որ նրանց ունեցվածքի ամեն մի մետրը կամ լուման պետք է լինեն հասարակության և մեր՝ լրագրողներիս ուշադրության կենտրոնում:
Մնացած դեպքերում ով որքան ունի և մանավանդ՝ ինչպես է ծախսում, նման խոսակցություններն ինձ թվում են առնվազն քաղքենիություն և շատ դեպքերում նաև՝ սոցիալական կրքերի անտեղի բորբոքում: Որովհետև հարուստի ունեցվածքի ցանկացած քննարկում գրեթե անխուսափելիորեն վերածվում է «կյանքի անարդարության» մասին բողոքի («վայ, քու բախտ բաժանողի»), իսկ այստեղից ուղիղ ճանապարհ է դեպի կյանքի նկատմամբ կրավորական ու «ուզվորական» վերաբերմունք:
..Ոչ բոլոր լրագրողներն են հասկանում ֆուտբոլից, և դա բնական է՝ պարտադիր չէ բոլոր ոլորտների մասնագետ լինել: Բայց երբ դիմացդ Հենրիխ Մխիթարյանն է հայտնվում, մեծ է գայթակղությունը նրան հարց տալու: Եվ քանի որ հետաքրքիր, «նյութ սարքելու» թեմա դժվար է գտնել, կարելի է հարցնել... նրա փողերից և բիզնես ներդրումներից: (Սա հաստատ այն դեպքը չէ, երբ կարելի է փողերի ծագման մասին կասկած ունենալ՝ Բրիտանիայում հաստատ ֆուտբոլիստներին «սպիտակ» աշխատավարձ են տալիս): Ֆուտբոլիստի պատասխանն էլ թեև մեղմ տոնով էր ու ժպիտով, բայց բավականին կտրուկ էր՝ «դա ձեր ի՞նչ խնդիրն է»:
Փող հաշվելու միակ և լավագույն տեղը սեփական գրպանն է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: