Նախնադարյան մարդու մնացորդների ԴՆԹ-ի նոր ուսումնասիրությունների ժամանակ հետազոտողները կարողացել են ապացուցել, որ գյուղատնտեսությունը Եվրոպա է ներթափանցել հնագույն ներգաղթյալների միջոցով: Սա կասկածի տակ է դնում այն այլընտրանքային տեսությունը, ըստ որի՝ գյուղատնտեսությունը զարգացրել են Եվրոպայում վաղուց բնակություն հաստատած ցեղերը, որոնք մինչ այդ զբաղվել են որսորդությամբ ու հավաքչությամբ, այնուհետև նոր ունակություններով կիսվել են իրար հետ:
Հետազոտողների խումբը հնագույն ֆերմերի կմախքի ԴՆԹ-ն համեմատել է երեք որսորդների կմախքների հետ: Նրանք հայտնաբերել են, որ «ֆերմերը» գենետիկական մակարդակում տարբերվել է որսորդներից: Պոնտուս Սկոգլունդը, ով Շվեյցարիայի Ուպսալի համալսարանից է, իր գործընկերների հետ միասին գենետիկական նյութ են հայտնաբերել, որը պարունակվել է այն մարդու կմախքի բջիջների միջուկում, ով 5 հազար տարի առաջ ապրել է ժամանակակից Շվեյցարիայի հարավային հատվածում: Այս մնացորդների ԴՆԹ-ն իրականում չափազանց հին էին, դրա համար էլ հետազոտողներն օգտագործել են մոլեկուլյար ու ստատիկ տեխնիկա:
Նրանք համեմատել են քարե դարի ֆերմերի և որսորդ-հավաքչությամբ զբաղվողի գենետիկական պրոֆիլը ժամանակակից բնակչության գենետիկական տվյալների հետ:
Կին ֆերմերի գենոմը, ինչպես պարզվել է, շատ նման է ժամանակակից այն մարդու գենոմին, ով բնակվում է Եվրոպայի հարավ-արևելքում:
Հնագետները պնդում են, որ գյուղատնտեսությունը Անատոլիայից տարածվել է դեպի հյուսիս ու Արևմտյան Եվրոպա շուրջ 8 հազար տարի առաջ: Ուսումնասիրողներն ասում են, որ մարդիկ, որոնք վերաբնակվել են Եվրոպայում, խթանել են այս տարածաշրջաններում գյուղատնտեսության զարգացմանը:
Գիտնականները երկար ժամանակ վիճում էին հարցի շուրջ, թե արդյոք ներկայիս Եվրոպայի բնակիչներն առաջին հողագործների հետնորդնե՞րն են, թե՞ որսորդների, որոնք բնակություն են հաստատել մայրցամաքում դրանից հազար տարի առաջ: Կախված այն բանից, թե որ տեսանկյունից են դիտարկել գիտնականներն այս հարցը, նրանք տարատեսակ եզրահանգումներ են արել.
«Մենք կարողացանք ապացուցել, որ Եվրոպայի ներկայիս բնակիչների գենետիկական բազմազանության վրա մեծ ազդեցություն են ունեցել քարե դարի ներգաղթյալ ֆերմերները: Միևնույն ժամանակ հավաքչությամբ զբաղվողների ու որսորդների գենետիկական ազդեցությունը ևս նկատվում է»,- նշում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Անդերս Գոթերստրոմը:
Գիտնականները կարծում են, որ այս հողի վրա բնակություն հաստատած ֆերմերները տեղի որսորդների ու հավաքչությամբ զբաղվողների հետ մտերիմ են եղել և միասին են ապրել մի քանի սերունդ շարունակ: Արդյունքում նրանց գեները սերտորեն միահյուսվել են: Հենց այս խաչասերման արդյունքում էլ ի հայտ է եկել ժամանակակից եվրոպացիների գենոմը:
Սակայն ոչ բոլոր գիտնականներն են համաձայն այս հետազոտության արդյունքների հետ: Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Քրիտիան Կապելին կարծում է, որ եվրոպացիների գեները արդեն որոշ տարբերակիչ առանձնահատկություններ ունեին դեռևս այն ժամանակ, երբ Եվրոպա ներթափանցեցին ֆերմերները: Որսորդների ցեղերի բնակչության խտությունն այն ժամանակ շատ մեծ էր, որի պատճառով էլ տարբեր խմբեր բավականին մեկուսացված էին միմյանցից:
Պատմաբաններն ու մարդաբանները երկար վիճել են ու, ինչպես հասկացանք, շարունակում են վիճել քաղաքակրթության զարգացման մեջ գյուղատնտեսության ունեցած ավանդի վերաբերյալ։ Աշխարհի բնակչության քանակը երբեք 15 միլիոնը չէր հատի, եթե չլիներ գյուղատնտեսական զարգացումը:



