Եվրոպայի ամենաբարեկեցիկ երկրների շարքում գտնվող Ֆինլադիայում 2008 թվականից գործում է «Housing First» («Կացարանն՝ առաջնային») ազգային պետական ծրագիրը: Այս ծրագրի նպատակները շատ պարզ են և հստակ՝ նվազագույնի հասցնել երկրում առկա անօթևանների քանակը: Ըստ այդմ՝ ցանկացած անօթևան կարող է դիմել սոցիալական ապահովության տարածքային մարմին և պետությունից ստանալ մատչելի, վերանորոգված ու կահավորված բնակարան, որի ծախսերի զգալի մասը հոգում է հենց ինքը՝ պետությունը: Այսօր «Housing First» ծրագրի շնորհիվ երկրում փաստացի վերացել են փողոցում գիշերող անօթևանները, և բացի դրանից՝ ծրագիրը բարձր գնահատանքի և հավանության է արժանացել ու երկարաձգվել է Ֆինլանդիայի՝ թվով արդեն երեք կառավարությունների կողմից:
Անօթևանների բնակարանների շինարարությամբ, ինչպես նաև նրանց համար նոր բնակարանների ձեռքբերման գործընթացով զբաղվում է ֆիննական «Y-Foundation» ոչ կառավարական կազմակերպությունը: Հիմնական ֆինանսավորումը կազմակերպությունը ստանում է պետական գանձարանից: «Y-Foundation»-ի նախագահ Յուխա Կաակինենն ասում է, որ պետությանն այսօր ավելի ձեռնտու է բնակարանով ապահովել անօթևանին, քան հոգալ նրա բժշկական ապահովագրության ծախսերը, որը շատ ավելի թանկ է նստում պետության վրա: Այսինքն՝ ունենալով արդեն մշտական կացարան՝ անօթևանը, բնականաբար, շատ ավելի քիչ կդիմի բժշկական օգնություն ստանալու համար:
Նշենք նաև, որ Ֆինլանդիայում անօթևան թոշակառուն, բացի 1200 եվրո ամսական իր թոշակից, ստանում է նաև հավելյալ 273 եվրո այսպես կոչված բնակարանային նպաստ: