Armtimes.com-ը գրում է.
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ունեցվածքի մի մասի վրա կալանք է դրվել: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները: Մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին քրեական գործի շրջանակում կալանքի տակ են առնվել Մոսկվայի նրա բնակարաններից մեկը եւ 1 մլն ռուբլի գումար:
«Մայրաքաղաքային դատարանը կալանքի տակ է դրել իմ պաշտպանյալի՝ Մոլոդոգվարդեյսկայա փողոցի վրա գտնվող բնակարանը»,- ասել է փաստաբան Լարիսա Շիրոկովան:
Ջիգարխանյանի հեռանալուց հետո, Վիտալինան մշտապես մասնակցում է հեռուստաշոուների, ինչի համար, ըստ դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանի, նա գումար է ստանում: Հեռուստանախագծերում նա առանց նախկին ամուսնու համաձայնության ներկայացրել է նրա անձնական կյանքին վերաբերող նյութեր, եւ դրա առիթով քրեական գործ է հարուցվել:
2017-ի հոկտեմբերից Վիտալինայի ու Ջիգարխանյանի հարաբերությունները մամուլի ուշադրության կենտրոնում են: Ջիգարխանյանը պնդում է, որ Վիտալինան գող է, որը հափշտակել է իր ունեցվածքը: Այս տարվա հունվարին նրանց ամուսնալուծությունը վերջնականապես հաստատվել է: