Ազգային միասնության մասին գրելն արդեն տափակության է նմանվում։ Հայ ժողովրդի պատմության ընթացքում, մանավանդ՝ վերջին տասնամյակներում, այնքան է այս մասին խոսվել, որ թվում է, թե նոր բան էլ չի կարելի ասել։ Բերվել են պատմական օրինակներ, թե ինչպես միասնության բացակայությունը հանգեցրեց հազարավոր մարդկային կորուստների, իսկ Հայքի տարածքների նվազելը, բացի թշնամիների տմարդությունից, բացատրվում է հենց ազգային անմիաբանությամբ։

Ի վերջո, ազգային միասնության կոչերն արդեն հասել են հանդիմանանքի ու նրա ազգային տեսակի՝ մունաթի, մակարդակին. արա, դե միավորվեք էլի, ինչքան ասենք։ Ամեն ինչ ճիշտ է, իսկապես հայ ժողովուրդը միաբան չի, հասարակությունը ատոմացված է՝ իր ընտանիքի հետ պարփակված իր տանը, ու համազգային ոչ մի բան չի ստացվում։ Նաեւ՝ ազգային սովորություն է դարձել ամեն ձախողում վերագրել միասնականության բացակայությանը, այն դարձել է ունիվերսալ քավության նոխազ, քանի որ ազգային միասնականությունը չկա, ուրեմն՝ ցանկացած անհաջողություն կարելի է բարդել այդ անորսալի ֆանտոմի վրա, ինչը սեփական սխալները արդարացնելու մշտական մեթոդ է։

Միաժամանակ, կոչերից այն կողմ փորձ չի արվում հասկանալու, թե ինչու չկա այդ միասնականությունը, վերլուծելու, թե ինչու չեն ենթարկվում կոչեր անողներին, եւ ի վերջո փորձել կոչերի փոխարեն գտնել հասարակության ատոմները միացնող սոսինձը։

Մինչդեռ մարդկային համակեցության կանոնները վաղուց են մշակված ու կոդիֆիկացված, հումանիստները պարզել են, թե ինչպես են ձեւավորվել առաջին մարդկային համայնքները եւ ինչպես են նրանք պատմության ընթացքում վերաձեւվել ազգի ու պետության, թե ինչու որոշ ազգեր միասնական են ու հասնում են հաջողությունների, իսկ մյուսները՝ անմիասնական ու անհաջողակ։

Ամենեւին հակահումանիստական չէ պնդումը, որ մարդու էությունն էգոիստական է, որ ամեն մարդ առաջին հերթին հետապնդում է իր շահը։ Դեռ հներն էին, որ, հասկանալով այս էությունը, առաջ քաշեցին «մարդը մարդու հանդեպ գայլ է» (homo homini lupus est) մոտարկումը եւ հասարակության ձեւավորումը սկսեցին դիտարկել գայլերի ոհմակի մոդելով։ Դաժան ու վայրի գայլերն ընդհանուր խնդիրների՝ որսի եւ անվտանգության համար հավաքվում են ոհմակներում, որտեղ գործում են համակեցության կանոններ՝ իրար վրա չհարձակվել, իրարից որս չխլել, թույլերին օգնել, իրարից չգողանալ, չխաբել։ Սա գայլային բարոյական նվազագույն նորմերն են, որոնք հնարավորություն են տալիս, որ այդ համայնքը կենսունակ լինի։

Մարդկային համայնքը ցեմենտող հիմնական գործոնը նույնն է՝ բարոյականությունը։ Համակեցության ոսկե կանոնը հայտարարում է. «Մի արա ուրիշի հանդեպ այն, ինչ որ չես ցանկանա, որ քո հանդեպ անեն»։ Կարծես թե շատ պարզ չափանիշ է, որով կարող ես գնահատել քո ցանկացած քայլի բարոյական կշիռը, համապատասխանությունը համայնքով ապրելու, միասնական գործելու հնարավորությանը։

Եթե մարդիկ վստահ չլինեն, որ իրենց ասված խոսքը ճշմարտություն է, նշանակում է՝ հենց այն, ինչ ասվել է, այլ ոչ թե արտաբերվել է տվյալ պահին օգուտներ քաղելու համար, համոզված չլինեն, որ իրենց հետեւից չեն խփի ու չեն ուտի, նրանք չեն կարողանա ստեղծել «ազգային միասնություն», մինչդեռ Հայաստանում սուտն ու գողությունը դարձել են նորմ, ամենաբարձր մակարդակով է դա հովանավորվում եւ, ըստ էության, քարոզվում։ Պարզ չէ, թե ինչպես, ինչ հիմքերի վրա պետք է Հայաստանի քաղաքացիներն իրար հետ գոյատեւեն։ Քանի որ իրար հետ ապրելու կանոններն անհասկանալի են, մարդիկ հեռանում են հանրությունից՝ կա՛մ պարփակվում են իրենց մեջ, կա՛մ էլ լքում են Հայաստանը՝ հույսով, որ այլ երկրներում ավելի ընկալելի հասարակական կանոններ կլինեն։

Իհարկե, հասարակական հարաբերությունների բացակայության պայմաններում էական է ոհմակի առաջնորդների դերը, որոնք իրենց օրինակով պետք է ձեւավորեն բարոյականությունը։ Եթե մարդիկ իրենց փորձով համոզվել են, որ համայնքի ընդհանուր կարիքների համար հավաքված փողը (բյուջեն) համայնքի առաջնորդները գողանալու են, չեն տա այդ փողը։ Ընդհանրապես, եթե առաջնորդները ոչ թե ճշմարիտ խոսքով իրենց հուզող խնդիրները լուծելու ու իրենց կարիքները հոգալու համար են, այլ խաբեությամբ իրենց առաջնորդությունն ամրապնդելու, ապա ազգը հազիվ թե միասնականանա։ Եթե առաջնորդները ոչ թե հետամուտ են հանրային բարիքի ավելացմանը, այլ գողանում են այդ բարիքը, ապա մարդիկ այդպես էլ կմնան առանձնացված՝ համաձայն «ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին» հրամայականի։

Առաջնորդներն, իհարկե, միայն պետության ղեկավարները չեն, թեեւ առաջին հերթին հենց նրանք են։ Տեսե՞լ են արդյոք բարոյական առաջնորդություն եկեղեցու կողմից, թեեւ կրոնն է համարվում պատվիրանների քարոզիչն ու նախանձախնդիրը, քանի՞ անգամ են իրենց երեսնական արծաթները ստացել ընդդիմադիր առաջնորդներն ու խաբել իրենց քվեարկած ու իրենց համար հրապարակ դուրս եկած ժողովրդին։ Մտավորական առաջնորդների վարքը ամենքս քանիցս տեսել ենք Երեւանի ավագանու նիստերին, իսկ բիզնես առաջնորդները պարզապես հպարտանում են, որ գող են ու խաբեբա։

Նշվածը ամենահիմնական, անգամ բնազդային մակարդակի վրա գործող օրինաչափություններ են, որոնք միավորում են անգամ գազաններին։ Ավելի բարձր հասկացությունները, ինչպես հայրենասիրությունն է կամ նախնիների գերեզմանները, Ցեղասպանության ճանաչումը կամ Ղարաբաղը, կարող են ստեղծել ավելի բարձր մակարդակի կապեր եւ ավելի զարգացած համույթ միայն այն դեպքում, երբ նախնական պայմանավորվածությունները պաշտպանված են, երբ գործում են գոնե ոհմակի բարոյականությանը բավարարող դրույթները։

Աղասի Ենոքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել