Ին-Յան հարաբերության սիմվոլիկ պատկերը ծանոթ է ամենքիս: Ինը՝ շրջանի սև կողմն է (սպիտակ կետով), իսկ Յանը՝ սպիտակը (սև կետով), որը երբեմն նաև փոխարինվում է կարմիրով: Առաջին հայացքից պարզունակ այս պատկերն իրականում գոյաբանական և բարոյագիտական խորին իմաստ է պարունակում:
Ին-Յան դուալիստական ուսմունքը ծագում է առել հին չինական բնափիլիսոփայությունից, հավանաբար Ք.ա. III-II հազարամյակներում: Այն տեսական հիմք է հանդիսացել չինական գիտության, ավանդական բժշկության, երաժշտության, կիրառական արվեստների և ռազմարվեստների (Ցիգուն, Տայցզիցյուան, Բագուաչժան) համար: Չինական հնագույն փիլիսոփայական բնագրերից «Հերթագայությունների գրքում» («I Ching» - Ք.ա. I հազ. սկիզբ) Ինը և Յանը խորհրդանշում են համապատասխանաբար լույսն ու խավարը, ամուրը և փափուկը, բնության մեջ ներկա արական և իգական նախասկիզբները կամ սուբստանցները: Ք.ա. V-III դդ.-ում անգամ փիլիսոփայական առանձին դպրոց գոյություն ուներ, որը կրում էր Ին-Յան անունը: Դարերի ընթացքում հակադրությունների բևեռացումն Ինի և Յանի միջոցով ավելի է խորանում, և Նեոկոնֆուցիականության մեջ այս աբստրակտ հարաբերությունը բացարձակ օրենքի դրություն է ստանում, համաձայն որի՝ հակադիր Ին և Յան ուժերը տիերզերքի շարժիչ ուժերն են, որոնցով պայմանավորված է բնության մեջ դիտվող հավերժական հերթագայությունն ու փոփոխականությունը: Այս սկզբունքը մենք գտնում ենք չին փիլիսոփաների ճնշող մեծամասնության դիալեկտիկական ուսմունքներում:
Ին-Յան փոխհարաբերության գաղափարը տարածվեց նաև ճապոնական փիլիսոփայության մեջ, պահպանելով միայն ֆիզիկական իմաստը, մինչդեռ չինական փիլիսոփայության մեջ դարերի ընթացքում այն աստիճանաբար ստացավ մետաֆիզիկական երանգ: Չինական փիլիսոփայական ժառանգության մասը կազմող «Նեյ-ցզին» տրակտատում ընթերցում ենք հետևյալ տողերը.
- Մաքրամաքուր Յան սուբստանցը հայտնում է իրեն երկնքում, իսկ թանձր Ին սուբստանցը՝ երկրում: Արեգակը և լուսինը, շարժումը և դադարը արդյունք են Յան և Ին սուբստանցների գործունեության: Յանը ծնունդ է տալիս և շունչ է հաղորդում ամեն ինչին, իսկ Ինը սնում և կերպարանք է հաղորդում այդ ամենին:
Չինական բնափիլիսոփայությունն ուսուցանում է, որ իբրև Ին և Յան սուբստանցների փոխազդեցության և նրանց հավերժական պայքարի արդյունք առաջացել են բնության հինգ հիմնարար տարրերը՝ ջուրը, կրակը, փայտը, մետաղը և հողը, որոնցից ծագում է առնում բնության ողջ կենսաբազմազանությունը, մարդը ներառյալ: Հինգ հիմնարար տարրերը գտնվում են մշտական շարժման և ներդաշնակության մեջ՝ փոխադարձաբար ծնունդ տալով և մարելով միմյանց (տե՛ս գծապատկերը. կանաչ սլաքները ցուցադրում են հաջորդական առաջացումը, կարմիր սլաքները՝ փոխադարձ հաղթահարումը, իսկ կապույտ սլաքները՝ մարումը):
Չինական բնափիլիսոփայությունն ուսուցանում է, որ իբրև Ին և Յան սուբստանցների փոխազդեցության և նրանց հավերժական պայքարի արդյունք առաջացել են բնության հինգ հիմնարար տարրերը՝ ջուրը, կրակը, փայտը, մետաղը և հողը, որոնցից ծագում է առնում բնության ողջ կենսաբազմազանությունը, մարդը ներառյալ: Հինգ հիմնարար տարրերը գտնվում են մշտական շարժման և ներդաշնակության մեջ՝ փոխադարձաբար ծնունդ տալով և մարելով միմյանց (տե՛ս գծապատկերը. կանաչ սլաքները ցուցադրում են հաջորդական առաջացումը, կարմիր սլաքները՝ փոխադարձ հաղթահարումը, իսկ կապույտ սլաքները՝ մարումը):
Կոնֆուցիական բարոյագիտության մեջ բարոյականության գաղափարը խարսխված է Ինի և Յանի հակադրության սկզբունքի վրա, մինչդեռ Դաոիզմում հակադրությունն ու զանազանությունը անիրական են համարվում և զգացական պատրանքների արդյունք, ուստի այս երկու սուբստանցների գործունեությունը դիտվում է միասնության մեջ: Սակայն, ինչպիսին էլ որ լինի այս ուսմունքի մեկնաբանությունը, ակնհայտ է, որ մենք ապրում ենք հակադրությունների աշխարհում, որոնք դիտվում են և՛ տիեզերքում, և՛ բնության մեջ, բարոյականության շրջանակում ու մարդկային հարաբերություններում, և անգամ մեր իսկ ներսում: Հստակ սահմանված է, որ ուժերից մեկն անկարող է իսպառ ճնշել մյուսին և վերացնել նրա գոյությունը, ուստի մենք իբրև բանական արարածներ պետք է վերահսկենք այս երկուսի գործունեությունը, այլ ոչ թե հանձնվենք դրանց կամայականությունների հոսանքին:
Նյութի աղբյուր՝ http://philotheus.blogspot.com/2013/05/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել