Փողոցում ակամա լսեցի երկու երիտասարդի երկխոսություն:
-Դու հո փորձա՞նք չես, արա:
-Արա չի, արքա ա, լսա՞ր, արա:

Մտածում եմ` ինչո՞ւ երկրորդ երիտասարդը այդպես կտրուկ հակադարձեց, ինչո՞ւ վիրավորվեց, արդյո՞ք առաջին երիտասարդը փորձում էր վիրավորել երկրորդին: Չհասկացա` ինչու փորձանքից հեռու մնալու ընկերոջ հորդորը այդքան ցավագին ընդունվեց: Մտածեցի երկար ու հասկացա: Հասկացա, որ երիտասարդին հետաքրքիր չէր ընկերոջ հորդորը, նրան ուղղակի պետք էր առիթն օգտագործել ու լեզվախաղի մեջ մտնել, ցույց տալ, որ ինքն էլ է տղա, որ կապ չունի, թե իրեն «արա»-ով են դիմել, թե ընկերոջ տված հարցի վերջում «արա» բառն է հնչել: Կարևորն այն էր, որ իրենց կողքին կանգնած մյուս երիտասարդները տեսնեն, թե ինքն ինչ հնարամիտն է, թե ինքը որքան արագ է արձագանքում, թե ինքն ինչպես կարող է նենգափոխել, թե ինքն ինչքան սրամիտ է... 
Մտքումս ասացի` ինչ «փխրուն» է, ինչ «նրբանկատ» է: Ուզում էի ասել` «Շաքար չես, չես հալվի «արա»-ից»: Քայլեցի առանց միջամտելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել