Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է:
Մայիսի 3-ը ընտրվել է այն պատճառով, որ հենց այդ օրն աֆրիկյան Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչները ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով կոչ է արվում կառավարություններին՝ ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը:
Ինչպես արդարացիորեն նշված է Հռչակագրում՝ «Ազատ և անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն մասն է համարվում»:
1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության միջազգային օր:
Հայաստանի Սահմանադրության 27-րդ հոդվածում ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը՝ տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Նույն հոդվածով Պետությունը երաշխավորում է լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը ։ Պետությունը երաշխավորում է նաև տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը։
Վերոհիշյալ սահմանադրական կարգավորումը հաստատում է, որ Հայաստանի Հանրապետությունը վաղուց է սկսել ապահովել ազատ մամուլ ունենալու յուրաքանչյուրիս երազանքը: Այսօր արդեն անհերքելի փաստ է, որ մամուլի ազատության պաշտպանության առումով Հայաստանը մեծ քայլեր է ձեռնարկում, իսկ դրա վառ ապացույցն է միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված մի շարք զեկույցներ, որոնք, ի ուրախություն մեզ, հաստատում են, որ Հայաստանում մամուլի ազատության լուրջ առաջընթաց է գրացվել:
Մնում է հղել ջերմ շնորհավորանքներս իմ բոլոր գործընկերներին՝ մաղթելով բեղմնավոր, որակյալ և արգասաբեր աշխատանք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.babayan.cc/posts/4178650162889
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել