Razm.info-ն գրում է.
Ռազմինֆոն զրուցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ Հայաստանի ԶՈւ զարգացման յոթնամյա պլանի, «Ազգ-բանակ» հայեցակարգի և մի շարք այլ՝ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի մասին։
Ռազմինֆո. Պարոն նախարար, 2017 թ. հոկտեմբերից սկսվեց բանակի արդիականացման նոր, յոթնամյա ծրագրի մշակումը։ Կարո՞ղ եք մանրամասնել ծրագրի մասին, ինչքանով որ հնարավոր է։
Վ. Սարգսյան. Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ մշակված` Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագիրը «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացման գործնական ծրագիրն է։ Հաճախ հարցնում են, թե «Ազգ-բանակ» ասելով ինչ ենք հասկանում, ինչու այն որևէ տեղ չի հրապարկվել և այլն…
Այդ հայեցակարգն ունի չորս մակարդակ. առաջինն ընդհանուր թեզերն ու սկզբունքներն են, գաղափարախոսությունը, որը բազմիցս ներկայացվել է Հանրապետության Նախագահի ելույթներում, մասնավորապես 2017 թ. ապրիլին կայացած նույնանուն կոնֆերանսի և հոկտեմբերին` Պաշտպանության ազգային հետազոտական համալսարանում ունեցած իր ծրագրային ելույթներում, մեր կառավարության գործունեության և Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրերում, 2016 թվականի հոկտեմբերին՝ ԶՈՒ կոլեգիայի և բանակի 25-ամյակին նվիրված հանդիսավոր նիստերում իմ ելույթներում։ Հիմնական սկզբունքներն են. բանակն ավելի թափանցիկ, ավելի հասկանալի դարձնել մեր հասարակություն համար, ամրապնդել բանակ-հասարակություն կապը և բանակի վրա ծախսվող ռեսուրսը հասանելի և օգտավետ դարձնել նաև մեր հասարակության առավել լայն շերտի համար։
Երկրորդ կարևոր բաղադրիչն օրենսդրական հենքն է, որն ամրագրեցինք անցյալ տարի ընդունված «Պաշտպանության մասին» ու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» երկու հիմնարար օրենքներով։
Երրորդ կարևոր բաղադրիչը հենց «Ազգ-բանակ» հայեցակարգից բխող և Նախագահի հրամանագրով հաստատված արդիականացման յոթնամյա ծրագիրն է։ Այն առաջիկա յոթ տարիների բարեփոխումների մեր ուղեցույցն է։ Ակնհայտ է, որ այդ բարեփոխումներն իրականացնելու համար անհրաժեշտ են, նախ՝ բանակի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր, որոնք ամրագրվում են մեր տարեկան, ամսական ծրագրերով և նախատեսում են ամենօրյա աշխատանք նախևառաջ` զորքերում, և երկրորդ՝ համապատասխան գնումներ, որովհետև նյութական բազան շատ կարևոր է։ Նպատակն է` մեր Զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության կտրուկ բարձրացումը, հրամանատրման նոր սկզբունքների ներդրումը, զինանոցի հագեցումը գերժամանակակից և մեր պայմաններին համապատասխանող զենքով և զինամթերքով, անձնակազմի ուսուցումն ու ներդաշնակեցումը` դրված խնդիրները նոր միջոցներով լուծելու համար։
Յոթնամյա ծրագիրն այդ առումով առաջին համապարփակ փաստաթուղթն է, որը հստակ ձևակերպում է նպատակները, դրանց հասնելու քայլերն ու ուղիները՝ ինչ պետք է ունենանք զինանոցում, ինչ միջոցներ է պետք հատկացնել և ինչ հերթականությամբ։ Այսինքն՝ սա «Ազգ-բանակի» զորային բաղադրիչի ճանապարհային քարտեզն է։ Մեզ համար այն ոչ թե ձևական փաստաթուղթ է, որը քննարկվեց, ընդունվեց և դրվեց դարակը, այլ ամենօրյա աշխատանքի հիմնական ուղեցույց. ցանկացած պլանավորում և վերահսկողություն նախարարությունում ու գլխավոր շտաբում այսուհետ իրականացվում է այդ յոթնամյա ծրագրով՝ լինի դա բյուջետային պլանավորում, պաշարների և մարդկային ռեսուրսների հաշվառում և այլն։ Այս ամենն այսուհետ արվում է մեկ ընդհանուր տեսլականով. մեր բանակի մարտունակութունը և զինված ուժերի կարողությունները անընդհատ զարգացնել մեկ կենտրոնացված վեկտորով։ Դա ազդելու է թե՛ մատակարարների հետ մեր հարաբերությունների, թե՛ մեր ներսում պլանավորման գործընթացների, թե՛ դրանց նկատմամբ հսկողության սահմանման վրա։
Ի դեպ, անցած տարի մեր բոլոր գնումների կտրվածքով ունեցել ենք մոտ 10% խնայողություն, ինչը լուրջ թիվ է։ Ընդ որում՝ դրան չենք հասել ապրանքի տեսականու, քանակների նվազեցման կամ որակի վատթարացման հաշվին։ Եվ այդ խնայողությունն ուղղել ենք զենքի և զինամթերքի լրացուցիչ քանակների, նոր տեսակների ձեռքբերմանը։
Եվ վերջապես՝ «Ազգ-բանակի» չորրորդ, մեր հասարակության համար ամենատեսանելի մակարդակը կոնկրետ ծրագրերն են։ Հայեցակարգը ձևակերպված է, հիմնական ուղղությունները հասկանալի են, իրավական հիմքերը կան, առկա է յոթնամյա ծրագիրը, ինչպես նաև կա փաստաթղթի բաց մասը, որն այդ տեսլականը պետք է հասկանալի դարձնի հասարակության համար։ Ու կան ծրագրերը, որոնց հետ հանրությունն անմիջականորեն է առնչվում։ Օրինակ՝ «Ես եմ»-ը, որով ձմեռային զորակոչին ունեցանք շուրջ 150 նորակոչիկ, որոնք իրոք տարբերվում են իրենց որակով, տարբերվում են իրենց դիրքորոշմամբ։ Սա փաստում են նաև հրամանատարները, ովքեր նշում են, որ եթե բոլոր ստորաբաժանումներն այդ ձևով համալրվեին, իրենց խնդիրն ավելի հեշտ կլիներ լուծել, որովհետև գործ ունենք ինքնուրույն որոշում կայացրած և հետևողական երիտասարդների հետ։
Ամռանը կմեկնարկի «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը մեր հարյուրավոր քաղաքացիների համար բուհերում որակյալ անվճար կրթություն և, դրան զուգահեռ, զինվորական մասնագիտություն ստանալու ճանապարհ կբացի։ Կրթված քաղաքացին, բանակ զորակոչվելով սպայի կարգավիճակով, ինքնադրսևորվելու և արդյունքի հասնելու ավելի մեծ հնարավորություններ կունենա։
Նույն՝ “Դիտակետ” ծրագիրը, որը հետադարձ կապն է մեր զորացրված զինվորների հետ և հարուստ նյութ տվեց մեզ` ժամկետային զինծառայությանը վերաբերող հարցերում քաղաքականության մշակման և մոտեցումների վերանայման, ինչպես նաև առանձին զորամասերում առկա խնդիրների և ձեռքբերումների մասին պատկերացում կազմելու համար։
Ուզում եմ ձեզ առաջինը հայտնել այն մասին, որ օրեր անց կհայտարարվի նոր ծրագրի մասին, որով ավագ դպրոցի ավարտական վկայական ունեցող և ժամկետային զինվորական ծառայությունն անցած քաղաքացիները կկարողանան երկու տարում բարձրագույն սպայական կրթություն ստանալ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում՝ սովորելով միանգամից 3-րդ կուրսից։ Նրանց չի պարտադրվի զորանոցային կեցություն ռազմական համալսարանում. առավոտյան գալու են դասի, երեկոյան իրենց ժամանակն ազատ տնօրինեն՝ կարողանալով երկու տարում ստանալ բակալավրի դիպլոմ զինվորական մասնագիտությամբ և սպայական կոչում։ Նրանց տրամադրվելու է բարձր կրթաթոշակ, որը թույլ կտա, որ երկու-երեք այդպիսի կուրսանտ միասին բնակարան վարձակալեն Երևանում։
Եվս մեկ արդյունավետ իրականացված ծրագիր էր ողջ զինված ուժերի անցումը քարտային վճարումների համակարգին, ինչն ամբողջությամբ վերացրեց կանխիկ գումարի շրջանառությունը զորքերում։ Դա կարևոր է՝ բազմաթիվ ռիսկերից խուսափելու համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։