Երեկ երեկոյան աչքս ծակեց ֆեյսբուքյան մի գրառում, որի բովանդակությունը պարզապես էլեկտրահարեց ինձ՝ հաշվի առնելով, թե ով էր հեղինակը, իսկ մեկնաբանությունները կարդալուց հետո կարելի էր արդեն հետողորմյա անել ինձ։ Երկար-բարակ չպատմեմ, ահա բուն գրառումը․


Անիրազեկ մարդուն կարող է թվալ, որ փողոցային մեկի գրառման հետ գործ ունի, ու զարմանալի ոչինչ չկա, բայց խնդիրն այն է, որ գրառման հեղինակը Փաստաբանների պալատի ըմբոստ անդամ է, ով, ոչ ավել, ոչ պակաս, առաջնորդում է ընդդիմացող 30 փաստաբանների ճամբարը։ Ու, փաստորեն, ստացվում է ի՞նչ․․․ Մարդ, ով օրենքի ու օրինականության գիտակ ու ջատագով պետք է լինի, համարում է, որ, օրինակ, բանկիրը վաշխառու է, ու դա էլ հերիք չէ, ծնող հայհոյելու մակարդակի է իջնում։ Գուցե պատվարժան Տիգրան Աթանեսյանը մոլի քրիստոնյա է, իսկ քրիստոնեությունում տոկոսով փող տալն իրոք վաշխառություն է կոչվում ու համարվում է մեղք, բայց մի տեսակ դժվար է համադրել եռանդուն քրիստոնյայի կերպարը քֆրչի կոշկակարի բառապաշարի հետ․․․ Ինչևէ, համարենք, որ պարոն Աթանեսյանը պարզապես քֆրչի քրիստոնյա է, ով այն աստիճան է ատում այդ մեղքը, որ չի խորշում հանրային տարածքում հայհոյախառը բառապաշար կիրառել, բայց այն, ինչ կատարվում է մեկնաբանություններում, արդեն դասական պոռնոգրաֆիա է․․․
Երևի խորը անցյալում են մնացել այն օրերը, երբ կանայք Հայոց աշխարհի փափկասուն էին, կանացի կամ էլ գո՜նե քֆուր-քյաֆարային ֆլեշմոբների չէին մասնակցում։ Սակայն Արուսյակ Ալեքսանյանի կին լինելը չէ, որ ինձ հետողորմյայի է հասցնում։ Պարզապես հետաքրքրությունից մղված անցա նրա էջ ու տեսնեմ ի՜նչ․․․ Վաշխառուների համար փող «վազվրատ» (մաքուր գողական տերմինաբանություն) անողին ԲՏ համարող օրիորդն աշխատում է Քննչական կոմիտեում, ինքն էլ՝ քննիչ․․․

Ու այդժամ հասկանում ես, որ երբ Փաստաբանների պալատի անդամը քֆրչի քրիստոնյա է, իսկ ՔԿ-ի քննիչը՝ գողական գնացող քֆրչի քրիստոնյա, այլևս զարմանալի էլ չէ, որ այս վակխանալիային մասնակցում է մեկ այլ իրավաբան՝ Ռուբեն Մելիքյանը, ով էլ իր հերթին Արցախի ՄԻՊ-ն է։

Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած երկրում, որտեղ փաստաբանը խուլիգան է, քննիչը՝ գողական, գողականը՝ դեպուտատ, դեպուտատը՝ գործարար, իսկ ՄԻՊ-ն էլ հայհոյախառը ստատուսներում չարաճճիություն է անում․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել