Asekose.am-ը գրում է.

Երգչուհի Հասմիկ Կարապետյաննընտանիքի հետ մի քանի ամիս է, ինչ բնակվում է Կանադայում: Asekose.am-ը զրուցել է երգչուհու հետ` տեղափոխության, նոր միջավայրի, դստեր, երաժշտական պասիվության, սպասվող նորությունների մասին և ոչ միայն: 

Շատ լավ փոփոխություն էր ինձ համար

Կանադա եկել ենք դեկտեմբերի 13-ին, որպեսզի մեր բալիկի` Տաթևի 1-ամյակը երեքով տոնենք`ամբողջական ընտանիքով: Շատ լավ փոփոխություն էր ինձ համար, երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ առանց ընտանիքիս` մորս, հորս և քրոջս օգնության այսչափ կազմակերպված և ինքնուրույն հոգ տանել երեխայիս մասին: Երևանը միշտ եղել է և կլինի ինձ համար ամենասիրելի և հարազատ քաղաքը: Շատ եմ կարոտել թե՛ Երևանի ջերմ մթնոլորտը, թե՛փողոցները, թե՛ օդը: Անսահման կարոտել եմ ընտանիքիս, բարեկամներիս ու ընկերներիս, ովքեր իմ կյանքի անփոխարինելի մասնիկն են կազմում, մարդկանց ջերմությունն ու ժպիտներն` ուղղված ինձ:

Ինձ հեշտ է համակերեպվել օտարների մտածողության հետ

Նշեմ, որ փորձ ունեցել եմ ապրել Լոս Անջելեսում մոտ 2 տարի, սակայն ազատամտության առումով  շատ մեծ տարբերություն չեմ զգացել, քանի որ շուրջս հիմնականում հայեր են եղել: Սակայն, իհարկե, կանադացիներն ու ամերիկացիներն ավելի ազատ են մտածում, ամեն ոք իր կյանքով է ապրում և քիթը չի մտցնում ուրիշի կյանքի մեջ: Բոլորը միշտ ժպտում են, թեպետ` արհեստական, հանդարտ են, մեզ պես սթրես չունեն, քանի որ նրանց կյանքում կա կայունություն: Եթե ունեն աշխատանք, ուրեմն անհոգ ապրում են: Լինելով հայուհի` դեմ եմ այդչափ ազատ և անկախ լինելուն, չնայած մեր հայկական խիստ ավանդական աշխարհում կան երևույթներ, որոնք շատ դաժան են և երբեմն ծիծաղելի: Միայն կնշեի, որ մեզ մոտ շատ եմ ընդունում և սիրում այն փաստը, որ ծնող-զավակ կապը շատ ավելի ջերմ է և ամուր: Օտարերկրացիների մոտ երեխաները չափից շուտ են անկախանում և անում են այն, ինչ ուզում են, ինչն ինձ դուր չի գալիս: Սակայն պետք չէ նաև իշխել և սեփականություն համարել տղա զավակներին նույնիսկ երբ նրանք արդեն հասուն տղամարդիկ են, ինչպես մեր հայ մայրերի մեծ մասն է անում, ինչը սխալ եմ համարում: Ինձ հեշտ է համակերպվել օտարների մտածողության հետ, քանի որ ես հստակ ձևավորված  աշխարհ ունեմ և ազդեցությունների տակ չեմ ընկնում:

Չեմ սիրում, երբ տղամարդը շատ է խառնվում  կենցաղային հարցերին

Շանթն ինձ օգնում է տեղափոխության հետ կապված` փորձելով հետաքրքրիր վայրեր տանել: Շատ լավ հայր է և օգնում է` չնայած հիմնականում ես եեմ Տաթևի հետ ավելի շատ ժամանակ անցկացնում, քանի որ նա աշխատանքի է լինում: Հանգստյան օրերին հիմնականում դրսում ենք ժամանակ անցկացնում` փորձելով հետաքրքիր և  տարբերվող դարձնել Տաթևի և ինչու չէ` նաև մեր կյանքը: Չեմ սիրում, երբ տղամարդը շատ է խառնվում  կենցաղային հարցերին. Խոհանոցը պետք է կնոջինը լինի: Շանթը կենցաղում ավելի անտարբեր է , քան ես (ժպտում է): Նա ասում է, որ ես հիվանդագին մաքրասեր եմ, որ ավելի թեթև և հանգիստ կարող եմ ապրել, բայց ես չեմ կարող: Երբեմն նա է որևիցե հետաքրքիր ուտեստ պատրաստում, որը բավականին համեղ է ստացվում:

Սիրում է հայերեն լսել, անգլերենն այդքան չի ընդունում

Շնորհակալ եմ Աստծուն, որ Տաթևիս պես դուստր ունեմ: Արդեն ակնհայտ է, որ խելացի բալիկ է մեծանում: Տաթևը նույնպես իրեն շատ լավ է զգում այստեղ, քանի որ աշխատում եմ զբաղեցնել նրան, ձգտում եմ, որ շատ լինի մարդկանց շրջապատում, որ շփվող մեծանա: Սակայն զգում եմ, որ սիրում է հայերեն լսել, անգլերենն այդքան չի ընդունում: Շատ կազմակերպված երեխա է և կարծես ընկերուհիս լինի: Ամեն դեպքում վստահ եմ, որ Հայաստանում երեխաները շատ ավելի ուրախ ու երջանիկ են իրենց զգում, քան օտարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել