Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուսթավելի փողոցի 49 տանը հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի ծառայողները։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի, «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի, «Հայաստանի էլկտրոցանցեր» ընկերության ծառայողները։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ կժամանեին իրավասու մարմինների ներկայացուցիչները, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում նշված տան բնակչուհի՝ 63-ամյա Հասմիկ Պ.-ից, ով հայտնում է, որ եղբայրը սպառնացել է իրեն և այրել է տունը։

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, իսկ հետո մարել այն։

Հասմիկ Պ.-ն իրավապահներին հայտնել է, որ եղբայրը տան բակում դիտավորությամբ այրել է իր հագուստներն ու իրերը։

Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումեր՝ կասկածյալ, 61-ամյա Հարություն Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել