Մարտի 1-ին Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Դաշնային ժողովի առջև, հայտարարել է «Ավանգարդ» համակարգի ստեղծման մասին, որն ընդունակ է թռիչքներ կատարել գերձայնային արագությամբ: Պուտինն ի լուր աշխարհի հայտնել է էներգետիկ միջուկային սարքով նոր թևավոր հրթիռի ստեղծման մասին, որն արդեն փորձարկում է անցել: Նոր հրթիռը, նրա խոսքով, ունի թռիչքի անսահմանափակ շառավիղ և անկանխատեսելի հետագիծ: Նոր հրթիռն առայժմն անվանում չունի: Պուտինն առաջարկել է Պաշտպանության նախարարությանը մտածել անվան շուրջ: Իր ելույթում Պուտինը նաև խոսել է նոր «Սարմատ» հրթիռային համալիրի մասին, որը կփոխարինի խորհրդային Воевода-ին:
ԱՄՆ-ի պաշտպանական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները հորդորում են ամերիկացիներին ռազմական իր նոր ուժի մասին Ռուսաստանի նախագահի խոսքերը չընդունել որպես լուրջ սպառնալիք: Պուտինը նախագահական ընտրությունների նախաշեմին խոսել է իր երկրի միջուկային հզորությունների ու նոր տիպի զենքերի մասին: Սակայն Ամերիկան այդ խոսքերին մեծ ուշադրություն չի դարձնում:
Պուտինի հայտարարությունը մեծ արձագանք է գտել նաև ամերիկյան ԶԼՄ-ներում: Դա պայմանավորված է 2 պատճառով. առաջին հերթին՝ օրակարգով, որն իր մեջ ներառում էր ոչ միայն ներքին քաղաքական թեմաներ, այլև սպառազինությունների արդիականացման հետ կապված հարցեր, երկրորդ հերթին՝ մեդիան ուշադրություն է դաձրել ամսաթվին. ռուս առաջնորդն այդ մասին հայտարարել է նախագահական ընտրությունների նախաշեմին:
Ամերիկյան լրատվամիջոցների հոդվածների մեծ մասը նվիրված է հենց այդ երկու թեմաներին՝ սպառազինությանն ու Վլադիմիր Պուտինի նախագահության հնարավոր 4-րդ ժամկետին:
Ամերիկյան հայտնի Bloomberg պարբերականը նշում է, որ ռազմական ուժի անսովոր ցուցադրումը ելույթի դրամատիկ մասն է կազմել: Ելույթն սկսվել է կյանքի մակարդակը և առողջապահության ու ենթակառուցվածքների ծախսերը բարձրացնելու խոստումներով: «Պուտինն իր ուղերձն օգտագործեց իր 4-րդ ժամկետն ապահովելու համար, որը նա հույս ունի առանց ջանքերի ստանալ մարտի 18-ին, սակայն ամենակոշտ հռետորաբանությունն ուղղված էր ԱՄՆ-ի հասցեին»,- գրում է գործակալությունը: «Պուտինին ժամանակակից զենք է անհրաժեշտ, և ոչ թե ժամանակակից Ռուսաստան»,- ասվում է Bloomberg-ի ևս մեկ հոդվածում: «Սպառազինության արդիականացումը տեղի կունենա, եթե արդիականացվի ողջ երկիրը: Դա առավել բարդ խնդիր է, որի լուծման անհրաժեշտության մասին Պուտինը քաջատեղյակ է»,- ընդգծում է գործակալությունը:
Հիշեցնեմ, որ այս տարի միջոցառումն անցկացվեց մեծ սրահում, որպեսզի նորագույն սպառազինության տեսագրությունը հսկայական էկրանների վրա ցուցադրվի:
CNBC հեռուստաալիքն իր հերթին գրում է Պուտինի խոսքի սոցիալական կողմի մասին, ինչպես նաև պատմում կայանալիք ընտրությունների մասին, որոնցում ՌԴ ներկայիս նախագահը «առանց ջանքերի հաղթանակ կտոնի»:
The Washington Post-ը, մասնավորապես, իր հոդվածը նվիրում է Պուտինի ռազմավարական ուղերձին: «Խոսքն սկսվեց ներքին քաղաքականության հարցերից, ապա կտրուկ անցավ Արևելքի և Արևմուտքի միջև հակազդեցությանը»,- գրում է պարբերականը: Իսկ CNN հեռուստաալիքի վերլուծաբանը կարծիք է հայտնում, որ Պուտինի ուղերձն ուղղված էր մեկ լսարանին: Խոսքը Դոնալդ Թրամփի մասին է:
Ամփոփելով նշենք, որ Պուտինի նման ցուցադրություններն ու յուրահատուկ հաղթահանդեսը պայմանավորված էր նաև նրանով, որ ՌԴ ձեռքբերումները հիմնականում ռազմաարդյունաբերության ոլորտում են, ոչ թե, ասենք, տնտեսության կամ ՏՏ ոլորտներում, այդ իսկ պատճառով պետք է նման հանգամաքներին վերաբերվել վերապահումով: Սա նաև առանձնահատուկ մեսիջ էր` ուղղված Արևմուտքին` ցույց տալով ռուսական զենքի իրական ուժը: Այս ամենն իհարկե ամփոփվում է դասական քարոզարշավի շրջանակներում, և դա նույնպես նորմալ գործընթաց կարելի է համարել:
Հ.գ. Այս տերմինը 1960 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում օգտագործեց Նիկիտա Խրուշչովը, ով բացարձակ չէր տիրապետում անգլերենին և ռուսերեն իր ելույթն առավել տպավորիչ դարձնելու համար նախ հանեց կոշիկը, մի քանի անգամ խփեց ամբիոնին, ապա, օդում թափահարելով, սպառնալից հայտարարեց. «Մենք ձեզ ցույց կտանք, թե ինչ է Կուզիայի մայրը (Кузькина мать)»: Ամերիկացիներն իհարկե չհասկացան, թե ինչի մասին է խոսում Խրուշչովը և ինչ ենթատեքստ կար նրա խոսքի մեջ: Սակայն այդ սկանդալային ելույթից որոշ ժամանակ անց սովետները փորձարկեցին իրենց հայտնի, այդ ժամանակվա ամենասարսափելի զենքերից մեկը` ջերմամիջուկային բալիստիկ հրթիռը (ի դեպ՝ ոչ լրիվ հզորությամբ, այլ՝ կիսով չափ), հենց այդ ժամանակ ամերիկացիները և ողջ միջազգային հանրությունը հասկացան, որ Кузкина мать ասելով Նիկիտա Սերգեյիչն ի նկատի է ունեցել ԽՍՀՄ ատոմային և միջուկային հզոր բազան: