Կարաբալա թուրքերեն նշանակում է «սև տղա», սակայն երևանցի հայտնի ծաղկավաճառն ու էքսցենտրիկը բնավ էլ սև չէր և ոչ էլ թուրք, այլ բարձրահասակ էր, նիհար, քայլում էր մի տեսակ կռացած, ձախ ձեռքին պահում էր ծաղկեփնջերով լի զամբյուղը, իսկ աջով առաջ էր պարզում այն մի հատիկ վարդը, որ կարող էր նաև չվաճառվել, այլ պարզապես իբրև նվեր տրվել որևէ գեղեցիկ օրիորդի, որևէ բարեհամբույր կնոջ, որևէ ծանոթի, որն այդ պահին կշահեր Կարաբալայի համակրանքը: Ու նրա ծաղիկները մտնում էին հեռու ու մոտիկ տները, ժպտում էին սեղանին դրված ծաղկամաններից, սիրով ու բարությամբ էին լցնում ներամփոփ գյուղաքաղաքի սիրտը, որպեսզի կյանքը դառնար փոքր-ինչ երփներանգ, փոքր-ինչ լուսավոր: Որպեսզի հույս լիներ վաղվա համար…
Այսպես եղե՞լ է, թե՞ սա ընդամենը հորինվածք է, միֆ, գունազարդված առասպել նրանց համար, ովքեր ունեին ծաղիկներ նվիրաբերող բարի անծանոթի գոյության կարիքը` որպես հակոտնյա հաշվենկատ ու անհույզ իրականության:
Ոմանք պնդում էին, թե Կարաբալան այլ քաղաքից է հասել Երևան ու հաստատվել այստեղ, մյուսները հակաճառում էին` բացատրելով, որ նա բնիկ երևանցի է, ապրում է թուրքի թաղում կամ Կոնդում կամ մի այլ տեղում: Բայց մի՞թե դա էական էր, երբ առանց Կարաբալայի Երևանը Երևանի նման լինել չէր կարող: Ոչ ոք նրա մասին, ըստ էության, ոչինչ չգիտեր, սակայն չկար նաև ավելին իմանալու ցանկություն: Կար Կարաբալան, նա իր տեղում էր, կնշանակի՝ կյանքը շարունակվում էր: Օրը երկու անգամ` վաղ առավոտյան ու երեկոյան, նա հայտնվում էր նախկին Կուլտուրայի տան մուտքից ոչ հեռու` հենց ոտքերի տակ քչքչոցով հոսող առվի եզրին, ծաղիկներով լի զամբյուղը ձեռքին: Հիմնականում վարդեր էր վաճառում, թեև պատմում էին, որ առաջին ձնծաղիկները նրա ձեռքով էին քաղաք մտնում դեռ այն ժամանակ, երբ Երևանում ձյունը հալված չէր լինում: Խոսում էին, թե պատանի ժամանակ մի մեծ սեր է ունեցել, բայց երբ փորձել է նրան խոստովանել իր զգացմունքները, հպարտ աղջիկը ծաղրել է Կարաբալային, ծիծաղել է նրա վրա ու հեռացել: Դրանից հետո ծաղկավաճառն այլևս ոչ մի կնոջ չի սիրել` սրտում պահելով մերժումի ցավն ու անպատասխան սերը:
Իհարկե, միակ ու վերջին սիրո պատմությունն այնքան էլ ճիշտ չէր, քանի որ ամբողջ Երևանը գիտեր, թե Կարաբալան ինչպես էր հրապուրված հայտնի դերասանուհի Արուս Ոսկանյանով: Այդ գեղեցիկ կինը, որ շատերի սրտերն էր գրավել, Կարաբալայի կուռքն էր ու նաև նրա մեծ դժբախտության պատճառը: Ամեն առավոտ Աստաֆյան փողոցով Արուսն աշխատանքի էր գնում և յուրաքանչյուր անգամ վարդերի գեղեցիկ փունջ էր ստանում իր երկրպագուից: Կարաբալան նրա մասին նույնիսկ մի երգ էր հորինել` «Ով սիրուն, սիրուն, փայլուն Արուսյակ…»: Իսկ երբ գինովցած էր լինում, բաժակակից ընկերների առաջ բացում էր սրտի գաղտնիքը. «Ինձ Կարաբալա մի՛ ասեք, ինձ ասեք Դարդոտ Բալա…»:
Ու մի օր պատահեց անուղղելին: Դա 1926 թվականին էր: Տեսնելով, որ մի թուրք տղա անընդհատ հետապնդում է Արուս Ոսկանյանին, խանդից կուրացած ծաղկավաճառը փորձեց նրան դաս տալ: Բայց թուրքն ինքը գրպանից դուրս հանեց դանակն ու հարձակվեց իրեն զգուշացնողի վրա: Այդ ժամանակ ճարպիկ Կարաբալան ոչ միայն խույս է տալիս նրանից, այլև արդյունքում ինքն է դանակահարում հարձակվողին: Նրան ձերբակալեցին ու տարան Երևանի Ուղղիչ տուն: Հենց նույն օրերին էլ Ուղղիչ տան բնակիչ դարձավ նաև բանաստեղծ Եղիշե Չարենցը, ով զարմանալի զուգադիպությամբ նույնպես ճաղերի ետևում էր հայտնվել անպատասխան սիրո պատճառով: Այդ ամիսների հիշատակ-վավերագիրը Չարենցի գիրքն է: «… Երգեցին ու պարեցին մի շարք կալանավորներ… Ղարաբալան՝ Երևանի հռչակավոր ծաղիկ ծախողը, որ Ուղղիչ տուն էր ընկել մեկին դանակով վիրավորելու համար…»,- հետագայում պիտի գրեր Չարենցն իր նշանավոր «Երևանի Ուղղիչ տնից» հուշագրության մեջ: Բայց բանտը նաև երկուսի անդավաճան բարեկամության սկիզբը դարձավ: Լեգենդն ասում է, թե Չարենցի կնոջ` Արփենիկի ու Արուս Ոսկանյանի մահից հետո նրանց գերեզմանին ամեն օր կարմիր վարդեր էին դրված լինում, իսկ քաղաքում նման ծաղիկներ միայն մի մարդ ուներ…
1995 թվականին Երևանում տեղադրվել է Կարա Բալայի արձանը, որի քանդակագործը Լևոն Թոքմաջյանն է։ Այժմ արձանը գտնվում է Աբովյան փողոցի սկզբնամասում: