Բերթիզլյան-Կազանչյան ամուսինները` իրենց երկու զավակներով, Հալեպի երջանիկ հայկական ընտանիքներից էին, ապրում էին համայնքի ակտիվ կյանքով, ապահովված էին լավ աշխատանքով ու ապրուստով և չափազանց գոհ էին իրենց ճակատագրից: Նույնիսկ 2007 թ., երբ առաջին անգամ ընտանիքն այցելեց հայրենիք ու հիացավ նրա զարգացմամբ ու գեղեցկությամբ, երբևէ մտքով չանցկացրեց թողնել Հալեպն ու գալ Հայաստան: «Հայրենիքնիս է, այո, բայց եթե այնտեղ հունի մեջ մտել ես, լավ կյանք, լավ գործ ունես, չես մտածեր Հայաստան տեղափոխվելու մասին»,-ասում է Մադլենը` Բերթիզլյան-Կազանչյան ընտանիքի տանտիրուհին:
Սակայն 2012-ի հոկտեմբերին նրանք ստիպված էին թողնել Սիրիայի երջանիկ ու ապահով կյանքը` Հալեպի լավագույն թաղամասերից մեկում գտնվող բնակարանով ու սեփական խանութով հանդերձ և տեղափոխվել Հայաստան` անորոշ ժամկետով ու մտահոգիչ հեռանկարով: «Երկու օր առաջ էլ լուր առինք, որ զինվորները մեր շենքի հարևաններին հարցրել են, թե շենքում դատարկ տուն կա՞: Հարևանները հարցնում էին` ի՞նչ անեն, ո՞նց տունը պահեն»,- պատմում է Մադլենը:
Ասում է, որ ռմբակոծությունների հետևանքով անտուն մնացած զինվորները դատարկ տուն են ման գալիս, դուռը կոտրում, ներս մտնում ու ապրում: «Մենք մեր տան բանալին ուղարկեցինք հարևաններին, որ մտնեն-դուրս գան` իբր մարդ է ապրում, մինչև տեսնենք` ինչ կլինի: Ողջ ապրուստը մեջն է»:
Սարգիսը` Մադլենի ամուսինը, Հալեպում նվագարանների խանութ ուներ, որտեղ և՛ նվագարաններ էր վաճառում, և՛ զբաղվում նորոգելով ու լարելով: «Պապենական գործ է,-ասում է կինը,- Սիրիայում առաջին երաժշտական գործիքների խանութ հիմնողներն են»:
Մադլենը նախ մանկապարտեզի ուսուցչուհի էր, ապա արաբերեն ու թուրքերեն թարգմանություններ էր անում: Նա նաև համայնքի ակտիվ կանանցից էր, «Ուրֆայի վերածնունդ» մշակութային միության տիկնանց հանձնախմբի անդամ: Կառույցը զբաղվում էր հայկական ասեղնագործության հարուստ ավանդույթները սիրիահայ կանանց փոխանցելու և անհետացող նմուշները վերականգնելու գործով: Նրա խոսքով` Հալեպի հարյուր հայ կանանցից գոնե իննսունը հայկական ասեղնագործության նվազագույնը մեկ տեսակի տիրապետում էր:
Մադլենը վեց տեսակի է տիրապետում: Նրա աշխատանքները Երևանում տարբեր ցուցահանդեսների ժամանակ ներկայացվել են, բայց, ցավոք, առայժմ դրա շնորհիվ չի կարողանում ընտանիքի հոգսը թեթևացնել, քանի որ գնորդ շատ քիչ կա:
Հալեպում Մադլենը զբաղվում էր նաև զարդերի դիզայնով և իր սեփական բիզնեսն էր հիմնել: Այդ զարդերով նույնպես Հայաստանում մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Շատ է ցանկանում այդ գործն այստեղ շարունակել, սակայն ամենափոքրիկ խանութ վարձելու և զարդերը վաճառելու համար այնքա՜ն մեծ ծախսեր են պահանջվում, որ ռիսկի չեն դիմում: Զարմանում է. «Ինչպե՞ս են կարողանում այստեղ այդքան թանկ վարձավճարով խանութներով գումար առնիլ: Կամ ինչպե՞ս են մարդիկ ապրում այսքան ցածր աշխատավարձով: Տրամաբանական չէ, մենք հանելուկի մեջ ենք»:
Փաստորեն, Մադլենի ձեռքի շնորհքն ու տաղանդն այստեղ առայժմ որևէ կերպ չեն թեթևացնում նրանց հոգսը: Նույնն էլ ամուսնու վիճակն է. եկած օրվանից դիմում է քաղաքի բոլոր երաժշտական գործիքների խանութներին, որ իրեն աշխատանքի վերցնեն, սակայն հեռախոսահամարն են վերցնում ու այդպես էլ չեն զանգահարում: «Հիմա բոլոր սիրիացիների վիճակն էլ նույնն է: Մենք արդեն վեց ամիս է՝ այստեղ ենք, կրնա ըլլալ, որ մեր խնայողություններով մի վեց ամիս էլ դիմանանք, բայց դրանից հետո, եթե գործ չգտնենք, ստիպված պիտի վերադառնանք մեր տները, թեկուզև այնտեղ պատերազմ է, և ամեն վայրկյան կյանքին վտանգ է սպառնում»:
Ասում են, որ առաջին իսկ օրվանից դիմել են սփյուռքի նախարարություն, որտեղ նրանց տվյալները գրանցել են, որպեսզի աշխատանքի տեղավորման հարցով զբաղվեն, սակայն առայժմ որևէ նորություն չկա: «Եթե կարողանանք գոնե մեր տուները, խանութները հոն վաճառել, հոս տուն գտնել, ապա անշուշտ, Հայաստանը շատ լավ տեղ է, կմնանք»,- ասում է ամուսինը` միաժամանակ նշելով, որ այս պահին որևէ անշարժ գույք վաճառելու հավանականություն Սիրիայում չկա:
Մադլենը նաև պատմում է, որ Հայաստան գալու երկրորդ ամսին ֆինանսական ու բարոյական մի հարված են ստացել, որի պատճառով շատ են հուսալքվել: «Խաբեության զոհ դարձանք»,- ասում է նա:
Տեղեկանալով, որ Հայաստանում «Մակդոնալդս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում աշխատողների, նրանք ոգևորված դիմում են: «Աշխատանքային գործակալը» նրանցից մոտ 200 դոլար է վերցնում` իբր գործերը պատրաստելու համար: Հետո պարզվում է, որ այդ ամենը կեղծիք է, գումարն էլ գնում-կորչում է:
Ամենից շատ ցավ են ապրում, որ դա պատահել է Հայաստանում` իրենց հայրենիքում, մինչդեռ ողջ կյանքում ապրելով օտար երկրում` մահմեդականների կողքին, նման խնդրի առջև չեն կանգնել: «Սիրիայում, երբ կգնայինք գործի դիմելու և նույն գործին դիմած կլինեին մուսուլման, մեկ այլ քրիստոնյա և հայ, նախապատվությունը կուտային հային, քանի որ հայը միշտ եղած է աշխատասեր, պատվավոր, ճշտապահ, վստահելի»,- ասում է Մադլենը:
Նրա եղբայրը` Միհրան Բերթիզլյանն էլ պատմում է. «Կնոջս համալսարանի վկայականի թարգմանությունը վավերացնելու համար գնացել էինք համալսարան: Երբ իսլամ կիները` պետական աշխատողները, իմացան, որ Սիրիայից կերթանք, ասացին` դո՞ւք ալ պիտի երթաք: Դուք երկրին աղն եք, ո՞ւր եք գնում…»:
Մադլենն ուզում է, որ իրենց «աղը», համուհոտը Հայաստանում էլ օգտագործեն ու գնահատեն, վստահեցնելով, որ դա ձեռնտու կլինի և իրենց, և Հայաստանին: «Հալեպը հայերը ծաղկեցուցած են, և այս իրականությունեն ոչ ոք չի կրնար փախչիլ՝ ոչ արաբը, ոչ սիրիացին, ոչ ալ հայը: Մենք աշխատող ժողովուրդ ենք, մեզի համար գործն է կարևոր, ուրիշ ոչ մեկ բան չենք ուզում»:
Միաժամանակ գիտեն, որ գործ չլինելը նաև տեղացիների խնդիրն է: «Հայաստանցին մեզ ասում է՝ մենք գործ չունինք, դուն էստեղ եկել ես` ի՞նչ անես, ո՞նց պիտի ապրես»: Որ այս բառերը կլսենք, արդեն կվատանանք»:
Եղբայրը` Միհրանը, Սիրիայում նախագահական տան գիդերից էր. առաջին տիկնոջ բոլոր թուրք հյուրերին նա էր ուղեկցում դեպի տեսարժան վայրեր: Ասում է, որ Սիրիայի տուրիստական խմբերի ծրագրում անպայման ներառված էր «պտույտ մը հայկական թաղամասերում», քանի որ այնտեղ էին Հալեպի լավագույն ռեստորաներն ու խանութները, բացի այդ, հայկական թաղամասերը մաքուր էին, գեղեցիկ, շենքերը` առանց լվացքի պարանների պատշգամբների և այլն: «Հայկական թաղամասերը նրանց համար Շանզ-էլիզե էին»,- ավելացնում է Սարգիսը:
Միհրանը հիշում է, որ մի անգամ Ծաղկազարդին Ստամբուլից ժամանած տուրիստական մի խումբ էր պտտեցնում: Երբ այցելում են հայկական թաղամասերից մեկը, թուրքերը, տեսնելով եկեղեցիներից դուրս եկող հայերին տոնական, գեղեցիկ հագուստներով, խոստովանում են. «Ողջ Սիրիայում այսքան լավ հագնված, լավ տեսքով ժողովուրդ միայն Հալեպի հայկական թաղամասերում տեսանք»:
Բայց Միհրանն այսօր հիացած է Երևանով, երևանցիներով, զարմացած` երևանյան «շիկով», սակայն առավել զարմացած է` այդ շքեղության կողքին տեսնելով ծայրաստիճան հակառակ պատկերը. «Կքալենք թաղը՝ շքեղ առանձնատներ, ավտոմեքենաներ, իսկ մի քիչ այն կողմ՝ էնպիսի խրճիթներ, էնպիսի մարդիկ, որ մենք գրքերում էլ չենք տեսած: Միջին դասակարգ չկա. սա է Հայաստանի ամենեն վատ կողմը»,- ասում է նա: