Հունական հնագույն պոլիս Ամֆիպոլիսից ոչ հեռու հնէաբանները վերջերս մի վայր են հայտնաբերել, որը, մեծ հավանականությամբ, հանրահայտ Ալեքսանդ Մակեդոնացու գերեզմանն է: Ամենահզոր թագավոր-մարտիկներից մեկը կառավարել է մ.թ.ա. 4-րդ դարում և, ըստ հայտնի տվյալների, թաղվել է ինչ-որ տեղ Եգիպտոսում:

Սակայն մասնագետները կարծում են, որ Մակեդոնացու գերեզմանը գտնվում է ոչ թե Եգիպտոսում, այլ՝ ժամանակակից Հունաստանի հյուսիսային հատվածում՝ Էգեյան ծովի ափին: Այս ենթադրությունն առաջ են քաշել այն ժամանակ, երբ այդ վայրում հայտնաբերվել է մարմարապատ պատ, որը թվագրվում է Մակեդոնացու ժամանակներին:

Այդ կառույցի երկարությունը հասնում է 500 մ, իսկ բարձրությունը՝ շուրջ 3 մ: Այսպիսի մեծ չափսերը վկայում են այն մասին, որ այն արքայական ընտանիքի անդամի գերեզման է եղել:

Գտնված կառույցի ներսում պեղումները դեռևս չեն սկսվել, սակայն հնագետները վստահ են, որ դրանում կարող են գտնել թաղված մարդկանց և, որ ամենակարևորն է, Ալեքսանդրի գերեզմանը:

Այս լուրը ցնցեց հասարակությանը, քանի որ բոլորին հայտնի էր, որ հզոր հրամանատարի գերեզմանը կորել է պատմության մոտավորապես 4-րդ դարում, և դրա մասին չեն հայտնում հայտնի աղբյուրները: Սակայն Հունաստանի մշակույթի նախարարությունը զգուշացնում է, որ հնէաբանների հայտարարությունները շատ համարձակ են հանրությանը ներկայացնելու համար:

Ալեքսանդր Մակեդոնացին, ում հաճախ անվանում են Ալեքսանդր Մեծ, Հին Մակեդոնիայի կառավարիչն էր: Նա ծնվել է Պելլա քաղաքում մ.թ.ա. 356 թ. և մինչ 16 տարեկանը եղել է Արիստոտելի աշակերտը:

Արդեն 30 տարեկանում Ալեքսանդրին հաջողվել էր ստեղծել անտիկ աշխարհի ամենախոշոր կայսրություններից մեկը, որը տարածվում էր Հոնիական ծովից մինչև Հիմալայներ:

Նա ժառանգել է գահը հոր մահից հետո՝ մ.թ.ա. 336 թ.: Վերջինս մահից հետո որդուն բավական հզոր թագավորություն ու մեծ, փորձառու բանակ էր թողել: Գահ բարձրանալուց հետո Ալեքսանդրի առաջին գործողությունը հոր՝ ռազմական ընդլայնման ծրագրերը իրականացնելն էր: Մ.թ.ա. 334 թ. նա արշավանքների շարք սկսեց, որոնք ընդհանուր առմամբ տևեցին 10 տարի:

Ալեքսանդր Մակեդոնացին պատմության ամենահաջող հրամանատարներից մեկն ու մարտում անպարտելիներից է եղել:

Ալեքսանդրին հաջողվել է նվաճել ողջ Պարսկական կայսրությունը: Ապագա նպատակասլաց զորահրամանատարը ցանկանում էր «աշխարհի մյուս ծայրը» հասնել: Մ.թ.ա. 326 թ. նա գրավեց Հնդկաստանը, սակայն ավելի ուշ ստիպված եղավ հետ վերադառնալ:

Պատմաբանները կարծում են, որ Մակեդոնացին վախճանվել է մ.թ.ա. 323 թ. Բաբելոնում, ընդամենը 32 տարեկան հասակում՝ չհասցնելով նվաճել արաբներին: Նրա մահվան հստակ պատճառը մինչ օրս հայտնի չէ, սակայն պատմաբանները հակված են այն վարկածին, որ նա մահացել է ինչ-որ հիվանդությունից, օրինակ՝ մալարիայից կամ Արևմտյան Նեղոսի տենդից: Կա նաև վարկած, որ նրան թունավորել են:

Պատմության մեջ լեգենդներ են պահպանվել այն մասին, որ հրամանատարի մարմինը գտնվել է ոսկե սարկոֆագի մեջ՝ լցված մեղրով: Այն տեղափոխվել է Մեմֆիս, այնուհետև՝ Ալեքսանդրիա: Դրանից հետո գերեզմանի հետքերն անհետացել են:

Հայտնի հռոմեացիներ Պոմպեոսը, Օգոստոսն ու Հուլիոս Կեսարը այցելել են Ալեքսանդրիայում գտնվող Մակեդոնացու գերեզմանը: Իսկ Կալիգուլան անգամ որպես հուշանվեր վերցրել է զորահրամանատարի զրահը: Ալեքսանդրի պատվին են անվանվել շուրջ 20 քաղաքներ Եգիպտոսում և Հունաստանում: Նա ունեցել է 3 օրինական կին, շատ սիրուհիներ: Որոշ աղբյուրներ կան նաև նրա հոմոսեքսուալության վերաբերյալ, ինչը հազվագյուտ երևույթ էր մակեդոնացի արիստոկրատների մոտ: Իրենից հետո Ալեքսանդրը 2 որդի է թողել՝ Հերակլեսին և Ալեքսանդրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել